Ազգային ժողովում թեժ պահեր են սպասվում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱյս շաբաթ մեկնարկում է Հայաստանի Ազգային ժողովի 8-րդ գումարման հերթական նստաշրջանը, որը, թեև, ըստ օրակարգի պետք է որ ձանձրալի լինի, սակայն աշխարհաքաղաքական և Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի պատճառով սպառնում է դառնալ ամենաաղմկահարույց նստաշրջաններից մեկը։ Մեր տեղեկություններով ընդդիմադիր քաղաքական ուժերը մտադիր են բավականին լուրջ անակնկալ մատուցել գործող իշխանություններին։ Մասնավորապես խոսակցություններ են շրջանառվում, թե ընդդիմությունը պատրաստվում է Լուգանսկի և Դոնեցկի ճանաչման հարց ներկայացնել Ազգային ժողովին։
Հայաստանի գործող իշխանությունների արտաքին քաղաքական կողմնորոշումների պարագայում, սա, նշենք, բավականին լուրջ անակնկալ է դառնալու։ Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր, Հայաստանի Հանրապետության իշխանություններն ու արտաքին գործերի նախարարությունը արդեն մի քանի անգամ կա՛մ ձեռնպահ են քվեարկել Ռուսաստանին վերաբերող նախաձեռնություններում, կա՛մ էլ ընդհանրապես հրաժարվել են մասնակցելուց։
Ըստ էության, եթե այդ ձեռնպահ դիրքորոշումներն արժանացել են Արևմտյան երկրների և անգամ Ուկրաինայի հավանությանը, այն լուրջ խնդիրներ է հարուցել մեր ռազմավարական դաշնակից և գործընկեր Ռուսաստանի հետ։ Եվ Լուգանսկի և Դոնեցկի Հանրապետությունների ճանաչման օրինագիծը, որը պատրաստվում է ներկայացնել ընդդիմությունը, հերթական մարտահրավերն է դառնալու փաշինյանական իշխանության համար։ Այս իշխանությունը, որը փորձում է Արևմուտքին ներկայանալ որպես չափազանց լոյալ և եվրոպական արժեքների ջատագով իշխանություն, ստիպված է լինելու կանգնել երկընտրանքի առջև. կա՛մ ընդունում է ընդդիմության ներկայացրած նախաձեռնությունները, կա՛մ էլ ստիպված է լինելու լուրջ խնդիրների բախվել հատկապես Ռուսաստանի հետ։
«Հայաստան դաշինք»-ն ու «Պատիվ ունեմ» խմբակցությունը խնդիր ունեն Ռուսաստանին ցուցադրելու իրենց հավատարմությունը հայ-ռուսական բարեկամությանը, եթե մինչև պատերազմը Հայաստանի գործող իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հաջողվում էր համոզել, որ հենց իրենք են Ռուսաստանի սրտի կառավարիչները և ուրիշ ոչ ոք, Ռուսաստանի համար ստեղծված չափազանց բարդ պայմաններում, այդ մարտավարությունը ճաքեր է տալու, և Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունները ստիպված են լինելու կանգնել դեմ առ դեմ Ռուսաստանի հետ։ Ըստ էության, ինչպես նշում է մեր աղբյուրը, փաշինյանական իշխանությունը որոշել է ձախողել նաև այս նախաձեռնությունը, ընդ որում փորձելու են ռուսներին համոզել, թե իրենք ընդհանրապես ձախողում են ընդդիմության ցանկացած նախաձեռնություն՝ կապված Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և ընդդիմադիր դաշինքների նկատմամբ իրենց ունեցած վերաբերմունքի հետ, սակայն, փաստենք, որ այս անգամ բավականին լուրջ խնդիրներ են սպասվում փաշինյանական իշխանությանը։
Վարդան Սիմոնյան