Փաշինյանական վարչախումբը գերազանցում է անմեղսունակության ռեկորդները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անմեղսունակ են․ մեր ընթերցողները կարող են հակառակը պնդել, արդարացիորեն ասել, թե դավաճան են, սակայն դա ևս չի չեղարկում փաշինյանական վարչախմբի անմեղուսնակ լինելու հանգամանքը։ Ռուս-ուկրաինական պատերազմն ահռելի մարտահրավերներ է հարուցել Հայաստանի առջև: Վտանգներ են սպառնում բոլոր ուղղություններով՝ արցախյան հարցում, Ռուսաստանի հետ հարաբերություններում, Արևմուտքի հետ շփումներում, երկրի ներսում բնակչության գահավիժող կենսամակարդակի պատճառով, իսկ Նիկոլ Փաշինյանին ու իր կողմնակիցներին հուզում է բացառապես մեկ հարց՝ եվրոպացի որևէ գործչի կամ կազմակերպության հերթական արձանագրումը, որ ՀՀ իշխանությունները ժողովրդավար են։ Կարճ ասած՝ Փաշինյանը թիթեռ է նկարում, մինչ Հայաստանի Հանրապետությունը գլորվում է անդունդը։
Երեկ էլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի գլխավորած պատվիրակությանը, հայտարարել, թե բարեփոխումներ են իրականացնում Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման նպատակով, իսկ մամուլի ազատության ոլորտում 2018 թվականից հետո արձանագրված դրական փոփոխությունները նկատելի են բոլորի համար։ Եվրոպացի պաշտոնյան էլ նշել է, թե ժողովրդավարության ամրապնդման ոլորտում ՀՀ կառավարության քայլերը ոգևորիչ ու գնահատելի են: Թե որտե՞ղ է տեսել տիկինը ՀՀ կառավարության քայլերը, այլ հարց է։ Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց այլևս միջազգային հանրությանը ներկայանալու, Հայաստանը ներկայացնելու ռեսուրս չունի, միակ «ռեսուրսը», որ փորձում են վերակենդանացնել, «ժողովրդավարության մասին» ճամարտակություններն են։
Միջազգային հեղինակավոր բազմաթիվ կառույցներ արձանագրում են Հայաստանի հետընթացը ժողովրդավարությունից, օրեցօր ավելացող խնդիրները, հետապնդումները ընդդիմադիրների և այլախոհների նկատմամբ, իշխանության ճյուղերի դեմ հարձակումները, դատական համակարգի այլասերումը, մինչ Փաշինյանը փորձում է թոզ փչել բոլորի աչքին, թե ժողովրդավար է։ Միայն այդկերպ նա դեռ կարող է հավակնել Արևմուտքի չնչին աջակցությանը՝ իշխանությունը պահելու հարցում, ինչն էլ անում է բավական հետևողականորեն, և դա էլ անմեղսունակության դրսևորումն է․ ի վերջո, երկրում վերջին խոսքը հանրությանն է լինելու, որի համբերության բաժակը լցվելուց հետո եվրոպական տարատեսակ ինդեքսները այլևս չեն կարող օգնել փաշինյանական վարչախմբին։ Մեկ-երկուսը միգուցե փախչեն, բայց մյուսները պատասխան են տալու օրենքի ամբողջ խստությամբ։
Խաչատուր Ներսիսյան