Զելենսկու գրասենյակից հայտնել են՝ գերեվարված ռուս ժամկետային զինծառայողների թիվը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքում գերի է ընկել 250-300 ռուս ժամկետային զինծառայող։ Այս մասին նախօրեին Մարկ Ֆեյգինին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։
«Առնվազն 250-300-ն են, միայն ժամկետային զինծառայողներ են, այսօր հերթական ասուլիսն են տվել Կիևում, շատ հետաքրքիր բաներ են պատմել»,- ասել է Արեստովիչը։
Ըստ նրա՝ «խոսքը 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի գերի վերցրած ժամկետային զինծառայող-հետախույզների մասին է, որոնք նախկինում կռվել են Սիրիայում, և խաղաղապահների մասին, որոնք եղել են Լեռնային Ղարաբաղում և կռվել Դոնբասում»։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։