Վստահ եմ՝ շուտով կասենք մարդկանց, վերադարձեք, սպառնալիքներ չկան. Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային հաջողվել է թույլ չտալ հումանիտար ճգնաժամ Լեհաստանի հետ Ուկրանիայի սահմանին: «Украинская правда»-ն տեղեկացնում է, որ այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է ժողովրդին ուղղված իր ուղերձում:
«Մեզ հաջողվեց թույլ չտալ հումանիտար ճգնաժամ սահմանին: Հաջողվեց իրավիճակն այնպես համակարգել, որ հազարավոր կանայք ու երեխաներ ստանան արժանի վերաբերմունք: Ոչ ոք չի հարցնում, թե նրանք ինչ ազգության ու հավատի են: Փաստացի այսօր մենք բարեկամ Լեհաստանի հետ չունենք սահման, որովհետև մենք միասին բարու կողմնակից ենք: Մեզ սահմաններ պետք չեն»,- ասել է Վլադիմիր Զելենսկին՝ շնորհակալություն հայտնելով Լեհաստանի նախագահին աջակցության համար:
Ուկրաինայի նախագահը վստահություն է հայտնել, որ շուտով երկրում իրավիճակը կկարգավորվի և քաղաքացիները կկարողանան վերադառնալ իրենց տները:
«Ես վստահ եմ, որ շուտով մենք կարող ենք ասել մեր ժողովրդին՝ վերադարձեք: Վերադարձեք Լեհաստանից, Ռումինիայից, Սլովակիայից և այլ բարեկամ երկրներից: Վերադարձեք, որովհետև այլևս վտանգ չկա»,-ասել է նախագահը:
Զելենսկին նաև տեղեկացրել է, որ իշխանությունները մտածում են այն մասին, թե ինչպես վերականգնել ուկրաինական քաղաքներն ու տնտեսությունները պատերազմից հետո: