Խորհրդարանը ներդաշնակ նախագահ է ընտրելու՝ վասն Փաշինյանի քմահաճույքների
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի Ազգային ժողովը մարտի 2-ին է քննարկելու հանրապետության նախագահի ընտրության հարցը։ Ազգային ժողովի խորհուրդը երեկ նիստ է գումարել, որոշել այսօր մեկնարկելիք հերթական քառօրյայի նիստերի օրակարգը, և այդ հարցերից մեկը հանրապետության նախագահի ընտրությունն է։ Հիշեցնենք, Արմեն Սարգսյանը Հայաստանի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց հունվարի 30-ին, իսկ հաջորդ օրը Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Ազգային ժողովն արդեն ստացել է նրա հրաժարականը։ Մեկ շաբաթ անց Արմեն Սարգսյանի լիազորությունները դադարեցին, իսկ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստանձնեց նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։
ՀՀ նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիրն» առաջադրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին։ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հաաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները թեկնածու այդպես էլ չեն առաջադրել՝ հայտարարելով, որ որևէ կերպ չեն մասնակցելու ՀՀ նախագահի ընտրությանը։ Ամենայն հավանականությամբ, այս հայտարարությունը նշանակում է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն մասնակցի նաև նախագահի թեկնածության քննարկմանը Ազգային ժողովում՝ Քաղաքացիական պայմանագրին թողնելով «հպարտ» մենության մեջ։
Առաջին փուլում ընտրվելու համար թեկնածուին առնվազն 81 քվե է հարկավոր, իշխող ուժը ունի ընդամենը 71 պատգամավոր և առնվազն առաջին փուլում դժվար թե հաջողվի ընտրել հանրապետության նախագահին։ Երկրորդ փուլում արդեն հարկավոր է 64 քվե և, ըստ էության, Նիկոլ Փաշինյանին և նրա կողմնակիցներին կհաջողվի իրենց ունեցած պատգամավորների թվով նախագահ ընտրել։ Իհարկե, այս դեպքում ևս կստացվի, որ ոչ թե ընտրվում է Հայաստանի Հանրապետության, այլ «Քաղաքացիական պայմանագրի» «նախագահ»։
Ըստ էության, իշխանությունն ամեն ինչ արել է՝ փորձելով նախագահի իրենց թեկնածուին գցել նաև ընդդիմության գրպանը, կոչ անելով ընտրել իրենց թեկնածուին։ Այդ կերպ իշխանությունը ցանկանում էր պատրանք ստեղծել, թե հանրային կոնսենսուս կա իրենց թեկնածուի նկատմամբ և վերջինիս հեղինակավոր անձ են համարում։ Վահագն Խաչատուրյանին հեղինակավոր անձ կարող է համարել միայն Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը։ Վերջինս բացառապես աշխատելու է ներդաշնակ ՝ իշխանության հետ կատարելով վարչախմբի քմահաճույքները։
Վարդան Հայրապետյան