Ընդդիմության ճգնաժամ Հայաստանում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանում ընդդիմադիր գլխավոր միավորներին չհաջողվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով հեռացնել Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից, իսկ այսօր արդեն կարելի է հստակ փաստել, որ Հայաստանում կա քաղաքական ճգնաժամ, բայց այդ ճգնաժամը վերաբերում է նաև ընդդիմությանը։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տակավին մեկ շաբաթ առաջ ասուլիսում հայտարարեց, թե Հայաստանում այսօր կա վստահության ճգնաժամ, ինքնության ճգնաժամ, բայց չի կարող ասել, որ այս պահին կա քաղաքական ճգնաժամ։
«Այս իշխանությունը աղքատացրել է ժողովրդին, ամենից զարմանալին այն է, որ այսօր ամենից անտեսված տեղը գյուղն է, բայց այնտեղ իշխանությունը մեծ վարկանիշ ունի: Չկա որևէ ոլորտ, որ այս իշխանությունը կարողանա հաջողության հասնել, կա կառավարման ճգնաժամ»,- ասել էր Քոչարյանը։
Խորհրդարանական ընտրություններում հանրության մեծ մասը հրաժարվեց գնալ ընտրատեղամասեր և քվեարկել որևէ ուժի օգտին։ Արդյունքում փաշինյանական վարչախումբը համընդհանուր ապատիայի և անտարբերության պայմաններում կարողացավ ստանալ 53,91 տոկոս քվե, գրեթե սահմանադրական մեծամասնություն ստանալ խորհրդարանում։ Ըստ էության, Փաշինյանն այսօր ունի այդ սահմանադրական մեծամասնությունը, հաշվի առնելով ընդդիմադիր որոշ պատգամավորների վարքը, սերտ առնչությունները գործող իշխանությունների հետ, նաև անձնական նկրտումները: «Հայաստան» խմբակցության որոշ անդամներ հայտարարում են, թե արդեն գարնանից սկսած բողոքի ակցիաներ են սկսելու գործող վարչախմբի պարտվողական օրակարգերը խափանելու նպատակով։
Ըստ էության, այդ գործողությունները դատապարտված են ձախողման, եթե ընդդիմությանը չհաջողվի լայն համախմբում իրականացնել, նաև հստակ տեսլական ներկայացնել հանրությանը։ Հակառակ դեպքում, ընդդիմադիրներին կհաջողվի լավագույն դեպքում մի քանի հարյուր կամ հազար մարդ հանել հրապարակ, ինչը հղի է ավելի վտանգավոր դրսևորումներով։ Փաշինյանն ու իր քարոզչամեքենան լրացուցիչ փաստարկներ կստանան ընդդիմությանը մեղադրելու, նաև համոզելու, թե հանրությունը դեմ չէ իրենց կառավարմանը։ Իզուր չէ, որ գործող իշխանության տարբեր ներկայացուցիչներ սկսել են ցանկացած հարցում, այդ թվում խաղաղության դարաշրջան բացելու, ցանկացած դավաճանական քայլում իրենց արդարացնելու հարցում վկայաբերել իրենց ստացած վստահության քվեն։ Հենց սա է ամենավտանգավորը, երբ հանրությունը պայքարելու ցանկություն չունի, ընդդիմությունը չի կարողանում, իսկ վարչախումբն օգտվում է ընձեռնված հնարավորությունից՝ հանուն սեփական իշխանության երկարաձգման։
Ավետիք Երեմյան