Հանրային հեռուստատեսությունը ՄԻՊ-ին վարկաբեկելու քաղաքականություն է վարում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀանրային հեռուստատեսությամբ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը չլուսաբանելը Հանրային հեռարձակողի խորհրդի հետ համաձայնեցված քաղաքականություն է․ վարվում է Հ1-ով Պաշտպանի հաստատությունը վարկաբեկելու նոր քաղաքականություն։ Այս արձանագրումն արել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Վերջինս փաստերով է ապացուցել, որ ամիսներ շարունակ Հանրային կոչվող հեռուստատեսությունը չի լուսաբանում ՄԻՊ գործունեությունը, փոխարենը եթեր է հեռարձակում Թաթոյանի հասցեին արվող քննադատությունները։ Արման Թաթոյանն օրեր անց կհեռանա ՄԻՊ պաշտոնից, այն կանցնի փաշինյանական վարչախմբի առաջադրած Քրիստինե Գրիգորյանին։
Հանրայինը, թերևս, դրանից հետո կլծվի ՄԻՊ գործունեության լուսաբանմանը, թեպետ նոր օմբուդսմենը հաստատապես չի վերհանի ադրբեջանցիների կողմից սահմանամերձ բնակավայրերում ապրողների իրավունքների խախտումները, գործող իշխանությունների ապազգային բնույթը և ապօրինությունները։ Գործող օմբուդսմենը դիմել է Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենին և Հանրային հեռարձակողի խորհրդին՝ պարզելու նրանց վարքի պատճառները։ Թաթոյանն, օրինակ, շահերի ակնհայտ բախում է տեսնում, որ Հանրային հեռուստատեսության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենի ամուսինը՝ ԱԺ նախկին պատգամավոր Վահագն Թևոսյանը Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ է։ Նիկոլ Փաշինյանը, ի դեպ, Հանրային հեռուստատեսությունն իր վերահսկողության տակ պահելու համար այնտեղ է գործուղել «Հայկական ժամանակ» օրաթերթի գրեթե ողջ խմբագրակազմին։
Թաթոյանն իր հայտարարությունն ուղարկելու է միջազգային կազմակերպություններին երկրում խոսքի ազատության վիճակն ու այլակարծության խրախուսումը գնահատելիս հաշվի առնելու, հետագայում մարդու իրավունքների և օրենսդրության նման խախտումները կանխելու համար: Իսկ մինչ այդ և դրանից հետո էլ, Հանրայինը կշարունակի մանիպուլացնել հանրությանը, դրական լույսի ներքո լուսաբանել միայն փաշինյանական վարչախմբի գործունեությունը՝ թքած ունենալով հանրության շահերի վրա։ Իսկ հիշեցնել, թե չորս տարի առաջ ինչի համար էր արվում այդ «հեղափոխությունը», այլևս իմաստ չկա։
Հայկ Խաչատրյան