Միջազգային կառույցների հերթական ապտակը Փաշինյանին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Ժողովրդավարությունը Հայաստանի բրենդն է» հայտարարող Նիկոլ Փաշինյանը հերթական ապտակն է ստացել միջազգային կառույցներից, այս անգամ տնտեսական ազատությունների առումով։ Heritage հիմնադրամի տնտեսական ազատությունների 2022 թվականի զեկույցում Հայաստանը 58-րդ տեղում է, 63,3 միավոր ունի և գտնվում է չափավոր ազատ երկրների շարքում։ Նախորդ զեկույցի համեմատ տնտեսական ազատության ցուցիչը 6,6 կետով նվազել է: Տնտեսական ազատությունների միավորները ստացվում են չորս հիմնական ոլորտների կամ սկզբունքների ուսումնասիրություններից՝ օրենքի գերակայություն, կառավարության սահմանափակ միջամտություն, կարգավորման արդյունավետություն և ազատ շուկա։
Ըստ հրապարակված ցուցիչների՝ Հայաստանում առաջընթաց է արձանագրվել միայն երկու՝ կառավարման ամբողջականության և ֆինանսների ազատության ուղղություններով, ութ ուղղություններում ցուցիչների անկում է արձանագրվել, ամենացածր բալլերը տրված են դատական համակարգի արդյունավետությանը, իսկ ֆինանսական և ներդրումների ազատությունները մնացել են նույն մակարդակի վրա։ Զեկույցում նշվում է, թե Հայաստանում դատարանները բախվում են համակարգված քաղաքական ազդեցության, դատական համակարգը խարխլվում է անարդյունավետության և ինստիտուցիոնալ կոռուպցիայի հետևանքով։ Չնայած կոռուպցիայի դեմ պայքարը ուժեղացնելու կառավարության ջանքերին՝ կոռուպցիան մնում է համակարգային, նշված է Heritage հիմնադրամի զեկույցում։ Վերջին հինգ տարիների կտրվածքով նշված է, որ տնտեսական ազատությունների միտումները խաթարվել են, իսկ աշխատանքի և բիզնեսի ազատությունների 5 բալլի կտրուկ անկման հետևանքով 2017 թվականից Հայաստանը դուրս է մնացել հիմնականում ազատ խմբից և դասվում է չափավոր ազատ երկրների խմբում։
Օրեր առաջ էլ ազատությունների անկման արձանագրում էին արել Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը, The Economist հանդեսի 2021 թվականի ժողովրդավարության ցուցիչը։ Փաստացի, միջազգային կառույցները հետընթաց են արձանագրում թե՛ մարդու իրավունքների, թե՛ ժողովրդավարության, այժմ էլ՝ տնտեսական ազատությունների մասով։ Այդ ամենը դժվար թե ստիպի Նիկոլ Փաշինյանին փոխել իր վարած հակաժողովրդավարական կուրսը։ Գործող վարչախմբի միակ գերխնդիրը ամեն գնով սեփական իշխանության պահպանումն է, այլ ոչ բանակի, տնտեսության վերականգնումը, ժողովրդավարության պաշտպանությունը, որոնք գերակա են հռչակվել միայն ելույթների և կեղծ կոչերի մակարդակով։
Արմեն Սաղաթելյան