Ռոբերտ Քոչարյանի մեղադրական եզրակացությունը կարդացին երեք տարի անց
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով երեկ վերջապես դատարանում հրապարակվեց մեղադրական եզրակացությունը, միայն դատավարության մեկնարկից գրեթե երեք տարի անց։ Քրեական գործը հարուցվել է ոչ անհայտ Սիլվա Համբարձումյանի մեն միակ ցուցմունքի հիման վրա, իբր Համբարձումյանը կաշառք է տվել Ռոբերտ Քոչարյանին և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին։ Նախկինում այս գործը միացված էր Մարտի 1-ի քրեական գործին, սակայն թե՛ Ռոբերտ Քոչարյանին, թե՛ այդ գործով անցնող մյուս նախկին պաշտոնյաներին Սահմանադրական դատարանն արդարացրեց։ Դատախազը երեկ մոտ 15 րոպե ընթերցեց մեղադրանքը, որից հետո պաշտպանական կողմը հայտարարեց՝ այդ եզրակացությունը հստակեցման, պարզաբանման կարիք ունի։
«Ես իսկապես չեմ հասկանում մեղադրանքի էությունը։ «Ես վերջապես պե՞տք է հասկանամ, թե ես ինչ եմ արել, ինչը չպետք է անեի, կամ ինչ չեմ արել` ինչ պիտի անեի: Ուղղակի չի նկարագրված որևէ գործողություն, որին բացատրություն ես պետք է տամ, երբ որ հարցաքննվեմ, ուղղակի չկա: Ես պետք է գամ, այդ փուլը որ գա, կանգնեմ այդ ամբիոնի մոտ ու ասեմ` ինձանից ի՞նչ եք ուզում: Չի նկարագրված որևէ գործողություն, որ ես արել եմ, որը չպետք է անեի կամ հակառակը»,- դատարանում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։
Մեղադրական եզրակացության հրապարակմանը հետևելու է բուն դատաքննությունը՝ ապացույցների հետազոտումը, վկաների հարցաքննությունը։ Վկաների թվում է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Վարդան Օսկանյանը, որի միջնորդությամբ, ըստ իրավապահների, տեղի է ունեցել ենթադրյալ կոռուպցիոն գործարքը։ Օսկանյանն արդեն իսկ հարցաքննվել է իրավապահների կողմից, սակայն դեռ տեղեկություններ չկան, թե ինչ է նա հայտնել դատախազությանը։ Ուշագրավ է, որ բուն դատաքննությունը կարող է տևել ոչ պակաս, քան երեք տարի տևած նախնական փուլը, Քոչարյանի՝ բավական լավ պատրաստված փաստաբանները արդյունավետ մարտավարություն են ընտրել գործը ձգձգելու համար։
Փաստաբան Նորայր Նորիկյանը երեկ նախազգուշացրեց, որ 2023 թվականին լրանում է այս գործի վաղեմության ժամկետը։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանին այդպես էլ չի հաջողվի ազատազրկել Ռոբերտ Քոչարյանին, գոնե այս քրգործով։ Գործող վարչախումբն ամեն բան արել է չորս տարվա ընթացքում իր հիմնական քաղաքական հակառակորդին ճաղերի ետևում պահելու համար, սակայն ապարդյուն։ Չի բացառվում, որ փաշինյանական «արդարադատությունը» նոր քրգործեր մոգոնի, որպեսզի կարողանա ազատվել իր քաղաքական հակառակորդներից։
Սարգիս Մկրտչյան