Վարակման դեպքերը շատացել են, մահերը՝ նույնպես
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանում վերջին օրերին, պաշտոնական տվյալների համաձայն՝ կորոնավիրուսից մահվան դեպքերը երկնիշ թվերով են գրանցվում՝ փետրվարի 13-ին գրանցվել է 19 մահ, 12-ին՝ 10, փետրվարի՝ 11-ին՝ 12 մահ և այդպես շարունակ:
Այս թեմայի մասին զրուցել ենք ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանի հետ։
Անդրադառնալով մահվան դեպքերի ավելացմանը համաճարակաբանն ասաց. «Հայաստանում պաշտոնական տվյալներով կորոնավիրուսից մահվան օրական դեպքերի քանակն աճում է, որովհետև վարակելիությունը գրեթե մասսայական է դարձել։ Դեպքերը շատացել են, մահերը՝ նույնպես: Բնական պրոցես է։ Երբ հիվանդների թիվը սկսում է շատանալ, բնականաբար, բարդությունները միանգամից չեն զարգանում, այլ՝ ժամանակի ընթացքում: Այն օրերին, երբ օրական 4000-ից ավելի դեպք է գրանցվել, այդ օրերի բարդությունները հիմա ավարտվում են մահվան ելքով։ «Օմիկրոնից» բարդությունները քիչ հավանական են, իսկ «դելտայի» դեպքում մահաբերությունն ավելի բարձր էր: Երբ հերթական ալիքն ավարտվի, նոր միայն կարելի է համեմատություններ կատարել ու եզրահանգումների գալ: Թե՛ հոսպիտալացումների, թե՛ ծանր հիվանդների թվով այս պահին կարելի է ասել, որ «օմիկրոնը» մի քանի անգամ ավելի թեթև ընթացք ունի, քան «դելտան»»։
Սոնա Գիշյան