Թուրքիայում նվազում է Էրդողանի վարկանիշը․ ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում էական նշանակություն ունի ներքաղաքական իրավիճակը Թուրքիայում։ Թուրքական քաղաքական ուժերը երբեք էլ հայերի և Հայաստանի նկատմամբ առանձնակի ջերմությամբ չեն տառապել, ով էլ լինի Թուրքիայում իշխանութուն, մեր երկրին լուրջ վտանգներ են սպառնում։ Նախագահական հերթական ընտրությունները Թուրքիայում նախատեսված են 2023 թվականի հունիսին, խորհրդարանական ընտրությունների հետ միասին։
Թեպետ ընդդիմադիր ուժերը պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է ընտրություններն անցկացնել նախանշված ժամկետում։ Հատկապես, որ նա վարկանիշային լուրջ կորուստներ է արձանագրում, ուստի և փորձելու է ոչ թե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությամբ, այլ Ազգայնական շարժում» կուսակցության հետ դաշինքով մասնակցել ընտրություններին։ Դաշինքը նույնիսկ անվանում ունի՝ «Ժողովուրդների դաշինք»։
Միավորման փուլում է նաև ընդդիմությունը։ Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը միավորվելու է ազգայնական «Լավ» (IYI) կուսակցության հետ՝ կազմելով «Ազգային դաշինքը։ Թուրքիայում առաջատար MetroPoll ընկերության կողմից անցկացված նոր սոցհարցման համաձայն՝ ընտրողների 49,7 տոկոսը կքվեարկեր ընդդիմադիր դաշինքի օգտին, եթե ընտրությունները կայանային հիմա։ Էրդողանի գլխավորած ուժի վարկանիշը միայն 42,1 տոկոս է և շարունակում է նվազել։
Ըստ սոցիոլոգների, գների, հատկապես էլեկտրաէներգիայի սականգերի աճը բացասաբար է ազդելու Էրդողանի վարկանիշի վրա։ Թուրքիայի գործող իշխանության հնարավոր անկումը տրամաբանորեն կարող է ուրախության պահեր պարգևել հայ հանրության մի հատվածին, հաշվի առնելով նաև 44-օրյա պատերազմում Էրդողանի վարքը։ Դա, սակայն, բնավ չի փոխում իրերի դրությունը։ Ընդդիմադիր դաշինքը ոչ պակաս, նույնիսկ որոշ հարցերում ավելի արմատական և հակահայ դրսևորումներ կարող է ունենալ, հաշվի առնելով նաև ադրբեջանական գործոնի ազդեցությունը Թուրքիայում։
Ըստ էության, Հայաստանի իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելիս պետք է հաշվի առնեն նաև այս հանգամանքը, որ 2023-ին կարող է փոխվել իշխանությունը Թուրքիայում, և քայլեր անել կշռադատված, որպեսզի կրկին չհայտնվեն կոտրած տաշտակի առջև։
Արման Կարապետյան