Ադրբեջանն ավելացնում է ճնշումը Հայաստանի վրա
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱդրբեջանն ավելացնում է ճնշումը Հայաստանի վրա․ մի կողմից ադրբեջանական դիրքերից գնդակոծում են Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղերը, մյուս կողմից՝ Իլհամ Ալիևը նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին։ Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի խոսքով, ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորել է խաղաղ բնակիչների տները, որի հետևանքով վնասվել են բնակելի տներ՝ տան պատեր, տանիքներ։ Խաղաղ բնակիչներին ահաբեկելուն ուղղված նույն գործողությունների ընթացքում խոցվել է նաև Կարմիր շուկա համայնքի բնակչի տան պատուհանը, իսկ գնդակը ներթափանցել է տան հյուրասենյակ, որտեղ էին գտնվում կրակոցների ձայնից քնից արթնացած տանտիրոջ անչափահաս երեք երեխաները և կինը:
«Ադրբեջանը շարունակելու է Արցախի ժողովրդի դեմ ուղղված իր հանցավոր փորձերը, քանի դեռ միջազգային հանրությունը միաձայն չի դատապարտել մարդկության դեմ ուղղված ադրբեջանական բացահայտ անօրինականությունները»,- արձանագրել է Գեղամ Ստեփանյանը։
Նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել «ԱԶԵՐԹԱՋ» պետական լրատվական գործակալությանը, հայտարարել է Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծի կառուցման իր մտադրության մասին։
«Մենք էներգետիկ կապեր ունենք բոլոր չորս հարևան երկրների հետ, և այժմ աշխատում ենք նոր նախագծի վրա։ Այժմ մենք նախատեսում ենք Ադրբեջանից Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, այնտեղից էլ Թուրքիա և Իրան Զանգեզուրի միջանցքով նոր գիծ կառուցել», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը և հավելել․ «Ինչպես ավելի վաղ ասել էի, Զանգեզուրի միջանցքը ոչ միայն երկաթուղիներն են, այլ նաև ավտոմոբիլային ճանապարհներն ու օդային տրանսպորտը»։
Պաշտոնական Երևանը բազմիցս կրկնել է, որ ոչ մի «միջանցքների» մասին խոսք լինել չի կարող, հաղորդակցությունների բացումը ենթադրում է ազգային իրավազորություն։ Առ այսօր, սակայն, Հայաստանի իշխանությունները չեն բարձրաձայնել իրենց հստակ դիրքորոշումները ո՛չ միջանցքի, ո՛չ էլ սահմանազատման և սահմանագծման հարցերում։ Մինչ Նիկոլ Փաշինյանը շարունակում է տարփողել «խաղաղության դարաշրջանի» իր թեզերը, Ադրբեջանը հետևողականորեն մեծացնում է ճնշումը Հայաստանի վրա։
Կարեն Մաթևոսյան