Իրանը տուժում է սեփական անհեռատեսության պատճառով
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրցախյան 44-օրյա պատերազմում հարավային հարևան Իրանի վարքը դեռ երկար է քննարկվելու Հայաստանի փորձագիտական և քաղաքական շրջանակներում։ Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում ակնհայտ է, որ Իրանը ևս կորցրել է լուրջ քաղաքական լծակներ, այժմ էլ հասել այնպիսի իրավիճակի, երբ անգամ Ադրբեջանի դեսպանն է իրեն թույլ տալիս «հաթաթա» տալ Թեհրանում։ Ինչ-ինչ շահերից ելնելով՝ Իրանը գրեթե թշնամական վարք դրսևորեց Հայաստանի նկատմամբ։ Իհարկե, ՀՀ գործող իշխանություններն էլ առանձնապես ջանք չէին գործադրել պահպանելու նախկին ջերմ հարաբերությունները, իսկ փաշինյանական իշխանության կարկառուն դեմքերից մեկը ԱԺ ամբիոնից էր վիրավորել Իրանին, և «մոռացել» էր ներողություն խնդրել։ Այդպիսի հարվածները, նշենք, Իրանը երբեք չի մոռանում։
Արցախյան պատերազմից հետո, երբ մի պահ սրվել էին ադրբեջանաիրանական հարաբերությունները, հայ քաղաքագիտական հանրույթն ու սոցցանցերը բուռն էմոցիաներ էին ապրում, իրենք իրենց սին հույսերով կերակրում, թե, ուր որ է, Իրանը լուծելու է բոլորի հարցերը։ Իրանը, պարզվեց, սեփական շահերն է առաջ մղում, Հայաստանից և Արցախից զավթված տարածքներում էլ բիզնես շահեր ունի։
Բաքվում Իրանի դեսպան Աբաս Մուսավին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված ասուլիսում հայտարարել է, թե Իրանը պատրաստակամ է վերականգնողական աշխատանքներ իրականացնել և ներդրումներ անել 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում։
«Կարևոր կետերից մեկը, որի շուրջ երկու երկրները կարող են լուրջ տնտեսական ծրագրեր մշակել, Ղարաբաղի ազատագրված տարածքներն են։ Մենք հայտարարել ենք այս տարածքներում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու մեր պատրաստակամության մասին։ Որոշված է, որ մեծ կարողությունների տիրապետող իրանական մասնավոր և հանրային ընկերությունները շուտով ազատագրված տարածքներում կսկսեն իրենց աշխատանքները»,- ասել է դեսպանը։
Նույն օրը Թեհրանում ասուլիս է տվել Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, որը ևս ընդգծել է երկկողմ հարաբերությունները ընդարձակելու, կապերը խորացնելու անհրաժեշտությունը։ Միաժամանակ Ադրբեջանի դեսպանը «հաթաթա» է տվել Իրանին, դժգոհություն հայտնել, որ իրանական մամուլում Շուշին «Շուշա» չեն անվանում։
«Նման սխալներ թույլ տալը կարող է վատ նախադեպ ստեղծել»,- զգուշացրել է Ադրբեջանի դեսպանը առանց հավելյալ մանրամասների։
Արմեն Նալբանդյան