Պարտությունից հետո արտագաղթը ուժգնացել է
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրցախյան 44-օրյա պատերազմում կրած ցավալի պարտությունը շարունակում է իր բացասական ազդեցությունը թողնել Հայաստանի վրա։ Վերլուծաբանների կարծիքով՝ պարտությունից հետո սաստկանալու էին արտագաղթի տեմպերը, որքան էլ փաշինյանական վարչախումբը փորձեր հակառակը համոզել։ Երեկ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021-ի սահմանահատումների վիճակագրությունը։ Այսպիսով, նախորդ տարի Հայաստան է ժամանել 1 629 891 և Հայաստանից մեկնել 1 673 765 անձ։ Այսինքն՝ բացասական հաշվեկշիռը կազմել է 43 874 մարդ։ Նախորդ տարվա ցուցանիշը վատթարագույնն է վերջին հինգ տարիների ընթացքում։
Պաշտոնական տվյալներով՝ բացասական հաշվեկշիռ գրանցվել էր նաև 2017 թվականին՝ -26897: 2018-ից 2020 թվականներին, ընդհակառակը, ներգաղթի որոշակի միտումներ էին նկատվել։ 2018-ին դրական հաշվեկշիռը եղել էր 15313, 2019-ին՝ 10506, 2020-ին՝ 12093։ Եվ անցած տարի նման տեմպը իսկապես մտահոգիչ է։ Հատկապես հաշվի առնելով, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում հայաստանցիների զգալի մասի համար անհնար է եղել լքել Հայաստանը և մեկնել որևէ օտար երկիր։ Իշխանափոխությունից հետո փաշինյանական վարչակազմը խոստանում էր մինչև 2050 թվականը ՀՀ բնակչությունը դարձնել 5 միլիոն։
Այսպես կոչված հեղափոխությունը շատերի մոտ հույս էր արթնացրել, թե Հայաստանում նոր ու պայծառ օրեր են սկսվելու, և մեկնածների ու ժամանածների դրական հաշվեկշիռը պայմանավորված էր հենց այդ հանգամանքով։ Կարճ ժամանակով ներգաղթողների զգալի մասն էլ հասկացավ, որ իր հույսերը սին էին, իսկ հեղափոխությունն արվեց ոչ թե ՀՀ բնակչության, այլ մի խումբ բախտախնդիրների կյանքի որակը բարձրացնելու նպատակով։ Փաստացի, նույնիսկ համավարակով պայմանավորված սահմանափակումների պարագայում լրջագույն արտագաղթի տեմպ է նկատվել, և բնավ զարմանալի չի լինի, որ սահմանափակումները հանելուց հետո արտագաղթի տեմպերն աճեն։ Ըստ էության, գործող վարչախմբի առկայությունը, տնտեսական լուրջ անկումը, անվտանգային միջավայրի վատթարացումը և ապագայի հույսի կորուստը արտագաղթի նոր ալիք են բարձրացնում, և Հայաստանը շարունակելու է դատարկվել, քանի դեռ «Ապագա կա» բղավողները թաղում են ՀՀ ապագան։
Դավիթ Հայրապետյան