Ընդդիմության դեմ հալածանքները սաստկանում են
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրբ գործող իշխանությունները նոր թափով սաստկացնում են ընդդիմության դեմ հալածանքները, կարելի է սպասել Հայաստանի դեմ որևէ նոր դավադրության։ Քաղաքական հետապնդումները հատկապես արցախյան 44-օրյա պատերազմից հետո այլևս չեն հարուցում հանրության զարմանքը։ Նիկոլ Փաշինյանի վարչախումբը նույնիսկ չի էլ թաքցնում Հայաստանում իրական բռնապետություն հաստատելու իր մտայնությունը, շարունակում է ապօրինի և անհեթեթ մեղադրանքներով կալանավորել ու խոշտանգել ընդդիմադիր ակտիվիստներին, պարզապես Փաշինյանի իշխանության դեմ արտահայտվող անձանց, իշխանության կամքն անվերապահորեն չկատարող դատավորներին, պաշտոնյաներին, քաղաքապետերին։
Քննչական կոմիտեն հաղորդում է, թե նոր ապացույցներ է ձեռք բերել Վանաձորի նախկին համայնքապետին առաջադրված մեղադրանքի առնչությամբ։ Իրավապահ կառույցը դիմել է դատարան դեկտեմբերի 15-ից անազատության մեջ գտնվող Մամիկոն Ասլանյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու պահանջով։ Դեռ հայտնի չէ, թե երբ դատարանը կքննարկի նախկին համայնքապետի կալանքը երկարաձգելու մասին Քննչական կոմիտեի դիմումը։ Այսօր առավոտյան էլ փաստաբան Երվանդ Վարոսյանն է հայտնել, թե Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կրկին կկալանավորվի, վերաքննիչ դատարանին հրահանգել են կրկին կալանավորել Փարամազյանին։ Հետապնդումների այս շարքում փաստաբանները ահազանգ են հնչեցնում, թե «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի նկատմամբ ՔԿՀ-ում խոշտանգումներ են իրականացվում։
Մանթաշյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, նա խնդրել է կապվել իր փաստաբանների հետ և տեղափոխել իրեն հիվանդանոց կամ ցուցաբերել բուժօգնություն, սակայն ՔԿՀ պատասխանատուները զանգի հնարավորություն չեն տվել, քանի որ ԱԱԾ-ն արգելանք է դրել հեռախոսազանգեր կատարելու իրավունքի վրա, իսկ բուժծառայության ղեկավարը պատասխանել է, որ պետք է մինչև երկուշաբթի սպասել, ինքը հանգստից վերադառնա և որոշի հիվանդանոց տեղափոխել, թե՝ ոչ։
Քաղաքական հալածանքների ամենաթարմ օրինակներից մեկն էլ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի հետ կատարվողն է։ Ազատամարտիկ Աշոտ Մինասյանին, Մանվել Փարամազյանին, Գորիսի փոխհամայնքապետեր Իրինա Յոլյանին ու Մենուա Հովսեփյանին կալանքից ազատ արձակող դատավորն այսօր ինքը կարող է հայտնվել ճաղերի ետևում։ Այս հալածանքները գնալով ավելի սաստիկ են դառնալու, փաշինյանական վարչախումբը չի կանգնելու ոչնչի առջև, քանի դեռ չկա հանրային լայն դիմադրություն, ընդդիմության հստակ մարտավարություն և ամենժամյա պայքար վարչախմբի դեմ։
Սարգիս Գասպարյան