Ընդդիմության վերջին շանսը՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱյսօր՝ փետրվարի 5-ին Երևանում ընթանում է ՀՅԴ հիմնադրման 131-րդ ամյակին նվիրված հանդիսությունը, որին մասնակցում են Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները, ընդդիմադիր դաշտի առաջնորդները, քաղաքական գործիչներ։ Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո իշխանական քարոզչամեքենան ջանք ու եռանդ չի խնայել՝ ընդդիմության, հատկապես խորհրդարանական «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների միջև հակասություններ գտնելու, ընդդիմադիր դաշտը պառակտելու, նրանց իրար դեմ հանելու համար։
Հանդիսավոր նիստին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն է ելույթ ունեցել, նաև այլ գործիչներ։ Սաղաթելյանն արձանագրել է, որ օրվա իշխանությունը ձախողել է բոլոր ոլորտներում` Արցախի հարցում, արտաքին քաղաքականության, անվտանգության, պաշտպանության, բանակաշինության, տնտեսության:
«Ձախողել են նաև այն ոլորտներում, որոնք իրենց համար եղել են իբր արժեք և համոզմունք: Արդեն ակնհայտ փաստ է` իրենք որևէ կապ չունեն ժողովրդավարության, մարդու իրավունքների, արդար դատական համակարգի, ընտրելու և ընտրվելու իրավունքի հետ: Իրենց համար դա ընդամենը լոզունգ է, ֆեյսբուքյան ստատուս, բայց ոչ երբեք նպատակ»,- արձանագրել է Սաղաթելյանը և հավելել, թե այս իշխանությունը ձեռնտու է բոլորին, բացի հայից։
Ընդդիմադիր դաշտի այս միահամուռ հավաքումը մեկ հարկի տակ, առաջին հերթին քաղաքական ազդակ է հաղորդում հանրությանը, հույս տալիս, որ ընդդիմությունը կկարողանա ուժ գտնել իր մեջ միավորվելու, համախմբված պայքար մղելու փաշինյանական վարչախմբի դեմ։ Եվ սա իրապես դրական է։ Խնդիրը մեկն է՝ հանրությանը նաև ապացուցել, որ այս համախմբվածությունը միայն մեկանգամյա ակցիա չէ, լոզունգ ու կարգախոս չէ, ցուցադրություն չէ, այլ իսկապես օրինակ, որ ընդդիմությունը մի կողմ կարող է դնել նեղ կուսակցական շահերը, համախմբվել մեկ դրոշի ներքո։ Եթե արձանագրում են, որ երկիրը գտնվում է աղետալի կործանարար վիճակում, սկզբունքորեն պետք է մի կողմ դնեն տարաձայնությունները, դուրս գան ընդհանուր պայքարի։ Հակառակ դեպքում, կստացվի, որ ոչ պակաս խաբում են հանրությանը։ Ընդդիմադիր միավորների նկատմամբ հանրության անվստահությունն էլ, հաճախ, գալիս է այն հանգամանքից, որ չեն կարողացել առ այս պահը լուծել մեկ ճակատով պայքար մղելու հարցը: Իսկ իշխանությունը, շարունակելու է տարաձայնություններ գտնել, հրահրել և սադրել, քանզի դա է նրա վերարտադրման միակ շանսը։ Արդյո՞ք ընդդիմությունը կօգտագործի իր վերջին շանսը՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության։
Արամ Նազարյան