Թուրքիան ծաղրում է Փաշինյանին․ ԱԳՆ-ն հերքում է, բայց կիսատ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԹուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է Թուրքիա այցելել մարտին Անթալյայում դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար: «Չնայած վերջերս Ղարաբաղի «ազատագրմանն» ու գործընթացին, որը մենք ամբողջովին սատարում ենք, ընկալվում է՝ որպես պատերազմ, իրականում այն խաղաղության բանալին է: Նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, արվել են փոխադարձ դրական ուղերձներ: Մենք ցանկանում ենք, որ այդ գործընթացն արագանա: Հայաստանի վարչապետ Փաշինյանը կժամանի Անթալիայում դիվանագիտական ֆորումին»,- ասել է Օքթայը:
Թուրքիայի փոխնախագահի հայտարարությանն այսօր առավոտյան արձագանքել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ նշելով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա և մասնակցությունն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում։ ԱԳՆ խոսնակի ձևակերպումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք կարող է տալ։ ՀՀ իշխանությունները միանշանակ կերպով չեն հերքում կամ հաստատում Փաշինյանի մասնակցությունը, այլ տեղ են թողնում խուսանավելու՝ «այսօր չի քննարկվում, վաղը կարող է քննարկվել»։
Անթալիայի դիվանագիտական ֆորումը, նշենք, կայանալու է մարտին, հրավիրված են նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական բանակցություններում բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ Նրանց այցն էլ դեռ վերջնականապես հաստատված չէ, սակայն մեծ հավանականությամբ կկայանա։ Իսկ մենք արձանագրենք, որ Թուրքիայի իշխանությունը հերթական անգամ ծաղրում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, հայտարարություններ տարածում՝ առանց նրանց հետ համաձայնեցնելու։ Անհարգալից այս վերաբերմունքի միակ մեղավորն ու պատասխանատուն, իհարկե, Հայաստանի գործող իշխանություններն են։ Նախկինում Թուրքիան երբեք այսպիսի ծաղրական արտահայտություններ չէր անում ՀՀ և նրա իշխանության հասցեին։
Գևորգ Ոսկանյան