Նոր փորձանք ՏԻՄ-երի գլխին․ ի՞նչ է պատրաստվում իշխանությունը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նախօրեին վերանշանակել է վարչական շրջանների մեկ տասնյակ ղեկավարների։ Այս պահի դրությամբ, ղեկավար չունեն միայն Էրեբունին, որտեղ դեռ սեպտեմբերին Արման Աբրահամյանն էր հրաժարական տվել, և Մալաթիա-Սեբաստիան, որի վարչական ղեկավար Դավիթ Կարապետյանի լիազորությունները դադարեցվել են։ Օրեր առաջ էինք տեղեկացրել, որ Երևանի նորանշանակ քաղաքապետը մատնվել է անգործության, խուսափում է որոշումներ ընդունելուց, իսկ քաղաքապետարանն ու վարչական շրջանները անորոշության մեջ են, չգիտեն, թե ինչ փոփոխություններ են սպասվում իրենց համար։
Հրաչյա Սարգսյանն ինքն էլ գիտի, որ ընդամենը ժամանակավոր պաշտոնյա է, իսկ քաղաքապետի պաշտոնն այնքան կարևոր է, որ Փաշինյանը նախատեսել է այլ, ավելի ազդեցիկ որևէ կուսակցի համար։ Քաղաքապետարանում որոշումներ կայացնելու գործընթացում խաչվում են նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, իշխանական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի շահերը, և Փաշինյանն առժամանակ սպասում է, որևէ մեկին հստակ խոստում չի տվել։ Ի դեպ, այդ հանգամանքը որոշ ձախողված կերպարների հույս է տվել կարծելու, թե իրենք կարող են դառնալ Երևանի քաղաքապետ, գլխավորել ՔՊ ցուցակը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, Նիկոլ Փաշինյանը բոլորովին այլ նպատակներ ունի ոչ միայն Երևանի, այլ մյուս ՏԻՄ-երի նկատմամբ։ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին հանձնարարվել է քննել ՏԻՄ-երում ընտրությունների կարգը փոխելու, կամ ընդհանրապես հանելու և քաղաքապետերի պաշտոնները նշանակովի դարձնելու, կամ էլ քաղաքապետերին ուղիղ եղանակով ընտրելու հնարավորությունները։ Գործող վարչախումբը, ըստ էության, ցանկանում է վերացնել ավագանու ինստիտուտը, իսկ քաղաքապետերին լիովին կախյալ դարձնել կենտրոնական իշխանությունից։ Հատկապես խոշոր քաղաքներում համամասնական ընտրակարգերով ընտրությունները լուրջ գլխացավանք են դարձել Նիկոլ Փաշինյանի համար, և նա որոշել է ամեն գնով հնազանդեցնել ՏԻՄ մարմինները։ Այս դեպքում, Հրաչյա Սարգսյանը շանս կունենա պաշտոնավարել առնվազն մեկ տարի, մինչև մշակեն սահմանադրական նոր փոփոխություններն ու հանրաքվե իրականացնեն։
Վարդան Մեհրաբյան