ԱԱԾ-ն ուսումնասիրում է Արմեն Սարգսյանի գործը․ փնտրվում է նախագահ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի Գլխավոր դատախազությունը ԱԱԾ է ուղարկել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի վերաբերյալ հրապարակումը, ըստ որի՝ Սարգսյանը մինչև 2018 թվականը եղել է Կարիբյան ծովում գտնվող և օֆշորային գոտի համարվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի։ Նախագահի երկքաղաքացի լինելու հարցը նոր չէ, որ քննարկվում է։ Դեռևս 2018 թվականի իշխանափոխության օրերին վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե անձամբ տեսել է փաստաթղթերը, և Արմեն Սարգսյանը այլ երկրի քաղաքացի չէ։ Չորս տարվա պաշտոնավարումից հետո հրաժարական ներկայացրած Արմեն Սարգսյանի աշխատակազմից, մեկ օր անց արձագանքելով հրապարակմանը, ո'չ հերքում, ո'չ հաստատում են այն, միայն՝ հայտարարում են, թե «նման հրապարակումներով փորձ է կատարվում հանրության ուշադրությունը կրկին շեղել կեղծ օրակարգով»:
«Հետք»-ի հրապարակման համաձայն՝ Արմեն Սարգսյանն ապօրինի է զբաղեցրել նախագահի պաշտոնը, իսկ նրա բոլոր հրամանագրերն առ ոչինչ են։ Սարգսյանն, իհարկե, քրեական պատասխանատվության չի կարող ենթարկվել փաստաթղթերի կեղծման համար: Դանիել Իոաննիսյանի գնահատմամբ՝ Արմեն Սարգսյանի` Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիություն ունենալու ու թաքցնելու փաստը, իր պաշտոնը ստանձնելու պահի` 2018 թվականի օրենսդրությամբ հանցակազմ չի պարունակում։
«Այո՛, դա Սահմանադրության ակնհայտ խախտում էր, բայց քրեորեն պատժելի չէր։ Նաև սա է պատճառը, որ 2021 թվականի գարնանը «Իրազեկ քաղաքացիների միավորման» առաջարկով փոփոխվեց «Քաղաքացիության մասին» օրենքը և Քրեական օրենսգրքի 314.1 հոդվածը»,- նշել է Իոաննիսյանը։
Իսկ մինչ այդ Երևանում շարունակում են նոր նախագահի թեկնածու փնտրել։ Ընդդիմությունը ևս կարող է նախագահի թեկնածու առաջադրել։ «Հայաստան» դաշինքը չի բացառել Ռոբերտ Քոչարյանի թեկնածության առաջադրումը։ Նշենք, սակայն, որ Քոչարյանը այս խորհրդարանում ընտրվելու շանս անգամ չունի, և նրա առաջադրումը կամ դրա հավանականության մասին խոսելը միայն «թրոլինգ» է փաշինյանական վարչախմբին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ գործող իշխանությունը այս պահին հակված է ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութան անդամի, այլ իշխանության լոյալ որևէ գործչի առաջադրմանը։ Այդ դեպքում էլ, պետք է հստակ երաշխիքներ ստանան, որ նոր նախագահը չի փորձի դուրս գալ Նիկոլ Փաշինյանի ազդեցության ուղեծրից։
Արթուր Սանթրոսյան