Հայաստանը նոր օմբուդսմեն ունի, բայց չունի մարդու իրավունքների պաշտպան
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի Ազգային ժողովը փակ-գաղտնի քվեարկությամբ, 68 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ, օմբուդսմենի պաշտոնում ընտրել է արդարադատության նախկին փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին։ Քվեարկությանը մասնակցել են բացառապես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, իսկ ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են մասնակցել միջոցառմանը։ 40-ամյա Գրիգորյանը 2019 թվականի հուլիսի 3-ից մինչ այս ամսվա 20-ը զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ Մինչ այդ էլ պետական համակարգում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին։ Նա մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնել էր 2016 թվականի փետրվարի 23-ին։
Ըստ օրենքի՝ նոր պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում երդման արարողությունից հետո՝ նախորդ ՄԻՊ-ի պաշտոնավարման ժամկետի ավարտման հաջորդ օրը: Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր առաջադրել։ Փաշինյանականները համարում են, որ Գրիգորյանը պրոֆեսիոնալ է և համապատասխանում է այդ պաշտոնին։ Մինչդեռ ընդդիմադիրները քննադատության են ենթարկել Գրիգորյանին՝ համարելով, որ նա դառնալու է իշխանության պաշտպանը։ Եվ իրոք, նախքան քվեարկությունը կայացած լսումներում նոր օմբուդսմենը մի ամբողջ շարք հայտարարություններ է արել, որոնք վկայում են՝ Մարդու իրավունքների պաշտպանի փոխարեն Փաշինյանի իրավունքների պաշտպան են ընտրել։
Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանը, մասնավորապես, նրան հիշեցրել է նույն ամբիոնից հնչած ատելության խոսքի, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հնչեցրած «շնաբարո դուրսպրծուկներ», «վզից բռնելու ենք շպրտենք դուրս», «15-20 դոլար կաշառքներ» և այլ արտահայտությունների մասին։
«Կարծում եմ որ, ատելության խոսքի, հարգանքի և քաղաքական բանավեճի նշաձողը բոլորիս ձեռքում է, և բոլորս պետք է այդ նշաձողը բարձր պահենք, ուստի այդ առումով հետևողական եմ լինելու և նաև չեմ խուսափելու գնահատականներ տալուց, որովհետև կարծում եմ, որ որևէ հանրային դերակատար պետք է մեծ հոգածությամբ վերաբերվի այն մթնոլորտին, որի պատասխանատուն մենք բոլորս ենք»,- խուսանավել է Քրիստինե Գրիգորյանը:
Մեկ այլ դրվագում էլ, պատասխանելով քաղբանտարկյալների մասին հարցին, նա հայտարարել է, թե ԵԽԽՎ-ի մոնիտորինգային հանձնաժողովը մոնիտորինգ է իրականացնում Հայաստանում ու անդամ պետություններում ու արձանագրել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. «Այս արձանագրման հետ ես համաձայն եմ», - ասել է նա։ Իսկ ամենացնցողը, իհարկե, Քրիստինե Գրիգորյանի «Անվտանգության գոտին հայ-ադրբեջանական սահմանին չպետք է ֆետիշացնել» արտահայտությունն է։
Սամվել Պետրոսյան