Նիկոլ Փաշինյանի իրական նպատակը․ ինչո՞ւ համաձայնվեց զորք ուղարկել Ղազախստան
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանյան քաղաքական շրջանակներում վերջին օրերին չափազանց շատ է քննարկվում Ղազախստան ՀԱՊԿ զորախմբի կազմում հայ խաղաղապահներ ուղարկելու որոշումը։ Ի թիվս այլ հարցերի՝ փորձագետները փորձում են հասկանալ, թե ինչու Նիկոլ Փաշինյանն ինքը նախաձեռնեց և մեծ հաճույքով համաձայնվեց զորք ուղարկել, որն էր նրա իրական նպատակը, ինչ ենթատեքստ կա այս ամենում։ Հարցի պատասխանը նախօրեին տվել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ակամայից բացահայտելով Նիկոլ Փաշինյանի և գործող վարչախմբի մտահղացումը։
«Հույս ունենք, որ եթե Հայաստանը հայտնվի նման վիճակում, ապա նրան համապատասխան օգնություն կցուցաբերվի»,- նշել է Գրիգորյանը։ Փաստացի, այս հայտարարությունը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ, Հայաստանում բողոքի լայն ակցիաներ լինելու դեպքում պատրաստ է դիմել ՀԱՊԿ-ին և դրսից զորք ներգրավել սեփական ժողովրդի դեմ։ Սա պատասխանն է այն հարցի՝ արդյո՞ք Փաշինյանն անհրաժեշտության դեպքում զենք կկիրառի ՀՀ քաղաքացիների դեմ։ Պարզվեց, ոչ միայն զենք կկիրառի, այլև դրսից էլ զինված ուժեր կբերի։
Իր հարցազրույցում Արմեն Գրիգորյանը մեկ այլ ուշագրավ միտք էլ է հայտնել։ Նա նշել է, որ պատմության մեջ առաջին անգամ կիրառվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեխանիզմները, և ցույց է տրվել, որ դա պետք է աշխատի։
«Մենք պետք է նեղացած երիտասարդի կեցվածք չընդունենք, իբր, դուք չարեցիք, մենք էլ չենք անի, այլ պատասխանատվություն վերցրինք։ Հայաստանը դրան շատ կարևոր նշանակություն է տալիս։ Մենք շահագրգռված ենք, որպեսզի ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատե՞ն։ Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ արձագանքով, եթե ապագայում ճգնաժա՞մ ծագի։ Այո՛, շահագրգռված է։ Ելնելով դրանից՝ Հայաստանը համապատասխան քայլեր է ձեռնարկել»,- նշել է Գրիգորյանը։
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի համար բնավ էլ վիրավորական չէ, որ ՀԱՊԿ-ն արհամարհեց իր իշխանությանը, 44-օրյա պատերազմի ընթացքում ձեռք չմեկնեց դաշինքի անդամին, ընդհակառակը, աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին։ Պատերազմում կրած պարտությունը, թերևս, Փաշինյանին բնավ չի հետաքրքրում։ Նրան հետաքրքրում է միայն իշխանությունն ամեն գնով պահելը, ինչն էլ նա աներկբա կանի ՀԱՊԿ օգնությամբ։ Այլ հարց է, արդյո՞ք Հայաստանում բողոքի ակցիաների դեպքում ՀԱՊԿ-ն նույնքան փութաջանորեն օգնության կշտապի Նիկոլ Փաշինյանին, թե՞ կրկին կարհամարհի։
Արման Մարտիրոսյան