Սոցցանցերը Նիկոլ են տշում․ վարչախումբը զորախումբ է ուղարկում Ղազախստան
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՍոցիալական ցանցերում սուրբծննդյան գրառումները երեկ երեկոյան երկրորդ տեղ մղվեցին, օգտատերերը բուռն և երկարատև հայհոյում և քննադատում են վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին։ Բանն այն է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը հայտարարել է, թե Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով:
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը զորախումբ է ուղարկում այն նույն Ղազախստան, որի նախագահ Տոկաևը հրապարակային և ցինիկաբար շնորհավորում էր Ալիևին՝ ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ։ Նիկոլ Փաշինյանն այսօր կատարում է նույն այդ ՀԱՊԿ-ի պահանջները, մինչդեռ այդ կառույցը 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում արհամարհական վերաբերմունք ցուցաբերեց իր անդամներից մեկի դեմ ագրեսիայի պահին՝ այդպես էլ որևէ կերպ օգնություն չցուցաբերեց, ընդհակառակը, ՀԱՊԿ անդամ պետությունները աջակցում էին Ադրբեջանին։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի հաշվարկել իր այս քայլի հետևանքները, չի ցանկանում կամ ունակ չէ ըմբռնել, թե ինչ հարված է հասցնում Հայաստանի Հանրապետության շահերին, ՀՀ ինքնիշխանությանը, և միջազգային հեղինակությանը։
Տակավին մեկ ամիս առաջ, օրինակ, նրան հրավիրում էին ելույթ ունենալ Ջո Բայդենի կազմակերպած ժողովրդավարության համաժողովին, իսկ այսօր արդեն քննադատության ալիք է սկսվելու Արևմուտքից։ Անկախ ամեն ինչից, դրսի արձագանքներից կամ ՌԴ ճնշումներից, էականն ու կարևորը ՀՀ քաղաքացիների արձագանքն է։ Եվ նվաստացման հերթական հարվածը, որ նրանք ստանում են Նիկոլ Փաշինյանից, վերջինը չի լինելու։ Անգամ Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ կողմնակիցներ քննադատում են նրա որոշումը, հայհոյում Ղազախստան զորք ուղարկելու համար։ Քանի դեռ մեր պետության ղեկին նիկոլփաշինյաններն են, մենք միշտ էլ նվաստացուցիչ խնդիրների ենք բախվելու։
Միքայել Մեսրոպյան