Սուտ մեծ սուտ և վիճակագրություն․ ինչպե՞ս սրբագրել չեղած թվերը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է նոյեմբեր ամսվա տվյալները, որոնք, մեղմ ասած, խիստ կասկածելի են։ Պարզվում է՝ այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է 12,6 տոկոս աճ, ինչի արդյունքում հունվար-նոյեմբեր ամիսներին տնտեսական ակտիվությունն աճել է 0,9 տոկոսով՝ հասնելով 5,2 տոկոսի։ Նույն ժամանակահատվածում արդյունաբերության աճը կազմել է 2,7 տոկոս, շինարարությունը՝ 6,9 տոկոս, առևտրի շրջանառությունը՝ 7,9 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտը՝ 7,3 տոկոս։ 11 ամիսների հաշվարկում անկում է գրանցել միայն էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 2 տոկոսով, որը պայմանավորված է Հայաստանի ատոմակայանի 157 օրով պլանային վերանորոգմամբ։ Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ առևտրաշրջանառությունն աճել է 3,8 տոկոսով, նախորդ տարվա համեմատ՝ 15,7 տոկոսով, մինչդեռ նույնիսկ ոզնուն էլ պարզ է գնաճի այս պայմաններում, երբ եկամուտների համարժեք աճ տեղի չի ունենում, նման աճը գրեթե անհնարին է։
Աշխատավարձերի, թոշակների և նպաստների աճ տեղի չի ունեցել, բնակչության ստվերային եկամուտներն էլ, կարծես, այնքան չեն աճել։ Նվազել են նույնիսկ արտերկրից ստացվող տրանսֆերտները։ Այս ամենը փաստում է, որ Հայաստանի իշխանությունները անցել են իրենց նախկինների ամենասիրելի գործիքի կիրառմանը՝ կեղծել վիճակագրական տվյալները, համոզել, թե կյանքը ավելի ուրախ, ապրուստը հեշտ է դարձել։ Տարեսկզբին երկնիշ տնտեսական աճ կանխատեսող փաշինյանական իշխանությունները հստակ գիտակցում են, որ տնտեսական իրական աճ չունենալու դեպքում լուրջ խնդիրների են բախվելու, գների աննախադեպ աճն էլ հանգեցնելու է բնակչության լայն, հատկապես խոցելի խմբերի դժգոհության բարձրացմանը։ Հնարավորություն և խելք չունենալով տնտեսությունը վերականգնելու՝ Նիկոլ Փաշինյանը զոռ է տալիս վիճակագրական տվյալների կեղծմանը: Իսկ դա միայն կարճաժամկետ էֆեկտ է տալու գործող իշխանություններին։
Գարիկ Կիրակոսյան