Դեմարշ Փաշինյանի դեմ․ քաղաքապետի երդմնակալությանը չէին ներկայացել կաթողիկոսն ու նախագահը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրևանի նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նախօրեին երդվել է, երդմնակալության արարողությունը, սակայն, անցել է արտառոց պայմաններում։ Դրան չեն մասնակցել Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Երևանի քաղաքապետի պաշտոնը ամենակարևորներից մեկն է Հայաստանում, իզուր չէ, որ այդ պաշտոնի համար վերջին օրերին քննարկվում էին ընդհուպ նախկին փոխվաչապետ Տիգրան Ավինյանի, իշխանական թիվ մեկ օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի, այլոց անունները։ Եվ կաթողիկոսի ու ՀՀ նախագահի բացակայությունն այդ արարողությանը առնվազն կարելի դեմարշ համարել քաղաքապետարանի զավթման գործը հաջողած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ։ Վարչապետի պաշտոնը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանին նման արհամարհական վերաբերմունքը, թերևս, քիչ է հետաքրքրում։ Նրա միակ խնդիրը իշխանությունը պահելն ու վարչապետի պաշտոնում ամրապնդվել է։ Այդ նպատակի համար նա պատրաստ է կուլ տալ ցանկացած արհամարհանք ու վիրավորանք, միայն թե իր թիմը՝ սեփական արժանապատվության և ինքնասիրության հաշվին, իրականացնի ցանկացած ապօրինություն։
Այդ նպատակի համար Փաշինյանը պատրաստ է անցնել նախկինում հռչակած ցանկացած սկզբունքի ու գաղափարի վրայով։ Հայկ Մարությանին հեռացնելու պատճառաբանությունների մեջ առանցքային տեղ էր գրավում «Քաղաքացիական պայմանագիրը» լքելու հանգամանքը։ Նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, նշենք, նախկինում «Առաքելություն» կուսակցության անդամ էր, լքեց այդ կուսակցությունը, երբ «Առաքելությունը» հեռացավ ՔՊ-ի հետ կոալիցիոն դաշինքից։ Սարգսյանը մտադրություն չունի անդամակցել «Քաղաքացիական պայմանագրին», և այդ փաստը, կարծես, բնավ չի մտահոգում Նիկոլ Փաշինյանին։ Իսկ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ կդառնա ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը։ Վերջինս Հայկ Մարությանի դեմ կեղտոտ արշավի առաջամարտիկներից մեկն էր, ավագանու մյուս անդամներին ճնշելու, քվեարկության ցանկալի արդյունք ստանալու ջատագովներից։ Ահա այս որակի և արժեհամակարգի մարդկանցով է Փաշինյանը շրջապատում իրեն, նրանց միջոցով իրականացնում երկրի կառավարումը։ Իսկ հեղափոխական գաղափարները վաղուց լքել են «Քաղաքացիական պայմանագիրը», այդ կուսակցությունն այսօր մեկ խնդիր ունի՝ մնալ իշխանության և հետաձգել անխուսափելի պատիժը։
Միքայել Սանթրոսյան