Պատասխան՝ հողեր հանձնողներին...
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱզերի խուժան ելուզակների կողմից դեկտեմբերի 29-ին Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ իրագործած դիվերսիոն գործողությունները, որոնց զոհ գնացին երեք հայ քաջարիներ, անկասկած, դեռևս պետք է վերլուծվեն: Տեղի ունեցածի վերաբերյալ կհնչեն մասնագիտական գնահատականներ ու կարծիքներ: Անկախ ամեն ինչից, սակայն, գլխավոր բանը, որ հասկանալի է դառնում տեղի ունեցածից ու դառնում անքննարկելի, այն է, որ հատկապես վերջին շրջանում հնչած բոլոր այն խաղաղասիրական կոչերը, այն ելույթներն ու ցնորք հիշեցնող խոսակցությունները, թե Անդրկովկասի տարածաշրջանում կայուն ու հաստատ խաղաղության հասնելու միակ ճանապարհը ԼՂ հարցում հայկական կողմի հնարավոր զիջումները կարող են դառնալ, ոչ միայն դատարկաբանություններ էին, այլև, ինչ-որ իմաստով նաև բարոյական հանցագործության պես մի բան, քանի որ կոչ անել միակողմանի զիջումների ու պատերազմական իրավիճակի մեջ մեղադրել հայկական կողմին մի պարագայում, երբ թշնամիդ անաղուհաց թուրքն է, այլ կերպ, քան խելապակասություն չես համարի:
Չինարիի ուղղությամբ ազերիների կատարած դիվերսիան, կասկածից վեր է, ընդամենը մեկ բանի մասին է խոսում. Ալիևը, որ ոչ միայն նպատակ ունի՝ իրենով անելու Արցախն, այլև՝ ողջ Հայաստանը, անմիջականորեն Հայաստանի նկատմամբ ոտնձգություն թույլ տալով, ջանում է բոլորին, այդ թվում նաև պարտվողական տրամադրություններ ունեցողներին հասկացնել, որ իր գերնպատակը հենց Երևանն է, ու եթե հնարավորություն ստեղծվի, հարմար առիթ լինի, այն բաց չի թողնի՝ արյան ծովի վրա ինքնահաստատվելու:
Եվ ուրեմն՝ հարց է ծագում՝ ինչպիսի՞ն պետք է լինի մեր՝ հայկական կողմի արձագանքն այն հանցագործ ու նողկալի պահվածքի ու աններելի ոտնձգության, որ չարաճճի պուճուրն, ելնելով այս կյանքում իր տեղը մի կերպ գտնելու ու ինքնահաստատվելու մղումից, հերթական անգամ թույլ է տվել սրբություն համարվող հայ զինվորի ու նրա հայրենիքի նկատմամբ: Մեր խորին համոզմամբ՝ պատասխանը կարող է լինել գեթ մեկը՝ ներքին կոնսոլիդացիան, կոնսոլիդացիա, որ պետք է կայանա նախևառաջ գաղափարական ամուր հիմքի վրա՝ որպես հենասյուն ունենալով Հայաստանի ու Արցախի անձեռնմխելիությունը: Իսկ նրանք, ովքեր չեն համաձայնի տեր կանգնել սեփական հայրենիքին, ինչպես նաև հասարակությանը կփորձեն ներշնչել պարտվողական, միայն վախկոտներին հատուկ մտքեր ու գաղափարներ, պետք է գաղափարական աքսորի ենթարկվեն, օտարվեն. պատերազմական այս իրավիճակում կանգնել ու լոլոներ կարդալ պատերազմի ու խաղաղության մասին, կնշանակի դավաճանել այն հողին, որը կրում է քեզ քո ողջ ծանրությամբ:
Բոլորին պետք է հասկանալի լինի ընդամենը մեկ բան. հայկական կողմը աշխարհում ամենաշահագրգիռն է տարածաշրջանային խաղաղության հաստատման, ժողովուրդների փոխըմբռնման հարցում, և սրանում կասկած լինել չի կարող. աշխարհը մեզ ճանաչում է ոչ թե որպես արյունարբու մի ցեղախմբի, այլ՝ մարդկությանը Նարեկացի ու Համբարձումյան տված ժողովրդի: Միայն թե այդ տարածաշրջանային համերաշխությունը չպետք է կայանա ի հաշիվ հայերիս ու հայկական հողերի. մենք ոչ ոքի տալու կամ հանձնելու ոչինչ չունենք, ավելլին՝ ունենք պատմական արդարությունը վերականգնելու համազգային գերխնդիր, ինչը լուծելու համար ունենք և՛ համապատասխան կամք, և՛, որ ամենակարևորն է, համապատասխան ներուժ. ցիրուցան չանենք այն...
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ