Ծանոթ ու միարժամանակ անհայտ … խարակիրի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնչպես գիտենք խարակիրին սամուրայների պատվի օրենքն է և իր տիրոջ որևէ հրաման չկատարելու կամ դավաճանության դեպքում սամուրայը պետք է այն իրականացներ՝ այսինքն ինքնասպանություն գործի: «Խարակիրի» արտահայտությունը ըստ էության թարգմանաբար նշանակում է «որովայնը կտրել» և սա այդ գործողության ժողովրդական անվանումն է և այդպես ասում են միայն Արևմուտքում: Բացի դա այդ գործողությանը նաև անվանում են «սեպպուկու», որն ավելի ճիշտ է: Իհարկե, փոքրիկ զանցանքների համար ոչ մի սամուրայ «սեպպուկու» չի իրականացնում, պետք է լինի լուրջ պատճառ: Սեպպուկուն որոշակի ավանդույթ է դարձել Էդոյի ժամանակաշրջանում: Ընդ որում այն ունեցել է երկու ձև: Առաջինը դա պատիժն էր, որը նշանակում էր ավագը կրտսերի նկատմամբ: Ուղղակի բանն այն է, որ սա համարվում էր մեղմ մահապատժի ձև, քանի որ կախելը, խաչելը, վառելը և այլ մահապատժի ձևերը ավելի անմարդկային էին քան սեպպուկուն: Երկրորդը դա գերեվարվելուց ազատվելու ձև էր, այսինքն սամուրայը ինքնասպանություն էր գործում գերի չընկնելու համար: Ընդ որում նույն բանը անում էին ինչպես սամուրայները, դայմեները (Ճապոնացի ֆեոդալներ), այնպես էլ այն հասարակ զինվորները, որոնք պարտվել էին ճակատամարտում: Նշենք, որ սեպպուկու իրականացնելը բավականին բարդ գործ է, դա որովայնը ուղղակի կտրել չէ: Գոյություն ունի դրա ընդունված երեք ձև՝ հորիզոնական մեկ կտրվածք, հորիզոնական երեք կտրվածք և երկու խաչվող կտրվածքներ: Ընդ որում կտրվածքները անմիջապես անելուց հետո մարտավկան, որին կոչում էին կայսյակու, պետք է անմիջապես գլխատի ինքնասպանին, որպեսի նա այլևս չտանջվի, քանի որ նա արդեն ապացուցել է իր քաջությունը: Իսկ եթե սամուրայը չունի մարտավկա, կամ այնքան հզոր կամք ունի, որ հրաժարվել է մարտավկայից՝ սպասում է իր արյունաքամման կամ տրավմատիկ շոկից մահվան առանց գլխատվելու: Նշենք, որ սեպպուկուն հանդիսանում է սամուրայի «բուսիդոյի» (թարգմանաբար «մարտիկի ուղի», ) պատվի օրենքի մի մասը: Ժամանակին լույս տեսած «Խագակուրե. սամուրայի գիրք» և «Բուդո Սեսինսյու. սամուրայի կոդեքս» գրքերը առաջինն են ստեղծել այն կեղծ պատկերացումները, որ սամուրայները անխտիր հետևում են «բուսիդոյի» պատվի օրենքներին: Հետագայում իհարկե այդ ամենը զարգացրել են սամուրայների մասին նկարահանված բազմաթիվ կինոնկարները: Իրականում դա այդպես չէ: Ինքը բուսիդոն ևս մտցվել է էդոյի դարաշրջանում: Դա նորույթ էր, որը նպատակ ուներ սամուրայներին պահել դայմեների (ֆեոդալներ) իշխանության տակ: Դա Ճապոնիայում 250 տարի տևած խաղաղության ժամանակաշրջանն էր: Հենց այդ ժամանակ իրենց տերերին դավաճանելը սկսվեց համարվել սամուրայի ամենամեծ հանցագործությունը: Իրականում պատերազմների ժամանակ սամուրայները ևս զբաղվում էին այն ամենով ինչով ուրիշներն էին զբաղվում. թալանում էին, դավաճանում էին և դավաճանվում, կաշառում էին և կաշառվում, խաբում էին և խաբվում և այլն: Այսինքն մինչև էդոյի ժամանակաշրջանը ոչ մի պատվի օրենք էլ չկար: Այնպես ինչպես եվրոպական ասպետ-ֆեոդալներն էին համարում, որ ում ձեռքին սուրն է նա էլ ճիշտ է և նրան ամեն ինչ կարելի է, այնպես էլ սամուրայներն էին իրենց պահում:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը