Ծանոթ ու միարժամանակ անհայտ … երաժշտական գործիք թառ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹառը (պարսկերեն նշանակում է «լար», «թել») պարսկական ծագումով լարային-կնտնտոցային նվագարան է։ Այն տարածված է եղել Հայաստանում, Ադրբեջանում, Անդրկովկասի երկրներում, Իրանում, Թուրքիայում, Աֆղանստանում, և Միջին Ասիայի երկրներում։ Չնայած թառը տարածաշրջանային նվագարան է, սակայն 2012 թվականի դեկտեմբերի 5-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն ճանաչել է որպես Ադրբեջանի ոչ նյութական մշակութային արժեք։ Թառը անառարկելիորեն ունի պարսկական ծագում, բայց ուրիշ շատ նվագարանների նման, հին ժամանակներից տարածված է եղել նույն տարածաշրջանի տարբեր ժողովուրդների մոտ։
Հազարամյակներ շարունակ հայ ժողովուրդը, երաժշտական ավանդույթների հետ մեկտեղ, պահպանել է նաև հնագույն նվագարանները և զարգացնելով հասցրել կատարելության։ Հայաստանում թառի պատկերներ պահպանվել են հին տապանաքարերի վրա կատարված հարթաքանդակներում, որտեղ նվագարանը ներկայացված է երաժշտի ձեռքին։ Բացի տապանաքարերից, թառի պատկերներ հանդիպում են նաև հայկական մանրանկարներում սկսած 13-րդ դարից։ Դրանցում թառահարները ներկայացված են թե՛ որպես մենակատարներ, թե՛ որպես համույթի անդամներից մեկը՝ լարային-կսմիթային, աղեղնավոր, փողային և հարվածային գործիքներ նվագող երաժիշտների շարքում։ Ըստ հայկական մանրանկարների թառ նվագել են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, ընդ որում տարբեր դասի ներկայացուցիչներ՝ հովվից մինչև ազնվականներ։ Սակայն նվագարանն ավելի շատ տարածված է եղել քաղաքային աշուղական երաժշտական միջավայրում։ Թառահարների հիմնական նվագացանկը եղել է Մերձավոր Արևելքի ժողովուրդների շրջանում տարածված մուղամը, որը տարածաշրջանային երաժշտական ժանր է։
Դարերի ընթացքում առաջացել են թառի երկու տարբերակ՝ «պարսկական թառ» վեցլարանի և «կովկասեան թառ» տասնմեկլարանի։ Ժամանակակից «պարսկական թառ»-ի ստեղծողը եղել է հայտնի գործիքագործ, հայազգի վարպետ Յահյա Խանը (1876 - 1932) Սպահան քաղաքից, որին իրավամբ կարող ենք անվանել «պարսկական թառի հայր»։ Նա բարեփոխել է հին թառը և՛ տեխնիկապես, և՛ գեղարվեստականորեն, ինչը հանգեցրել է ավելի գեղեցիկ և առավել հաճելի ձայնի։ Նա իր թառերը ստորագրել է «Յահյա» անունով, և այդ պատճառով մարդկանց մեջ հայտնի է որպես «Յահյա խան»: Բայց նրա իսկական անունն է Յովհաննէս Աբգարեան։ Իրանցի երաժիշտների համար լավ թառը միշտ համեմատվում է Յահյայի թառերի հետ։ Ժամանակակից «Կովկասեան թառ»-ի ստեղծողն եղել է Շուշի քաղաքի հայտնի թառահար Սադըղջանը ( 1846-1902): Նա կրճատել է փարդաների թիվը 17-ի, գործիքի 5 լարերին ավելացրել վեցերորդ լարը՝ ընդհանուրը հասցնելով 11 լարերի։ Նա ևս կատարել է կառուցվածքային փոփոխություններ թեթևացնելով գործիքը և վերջնականապես հրաժարվել է նվագարանը ազդրի վրա հենված դիրքից, ընդունելով կատարողի ծալած թևի վրա հորիզոնական՝ կրծքին սեղմած դիրքը։ Այդ բարեփոխված գործիքն ուշադրության է արժանացել հայ վիրտուոզ քամանչահար Սաշա Օգանեզաշվիլու կողմից, որն այն անվանել է «կախարդական թառ»։ Թառը մեծ դերակատարություն է ունեցել Իրանի, Հայաստանի և կովկասյան երկրների դասական երաժշտության զարգացման գործում։ Նվագարանն այսօր էլ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Իրանում մեծ ժողովրդականություն է վայելում։ Իրանում հատուկ կարևորություն է տրվում թառ նվագելու ուսուցման գործընթացին, քանի որ թառ նվագելը պարտադիր է Իրանի ժողովրդի ազգային տոների ու հանդիսությունների արարողությունների ընթացքում։
Թառն ունի երկու խոռոչ, ութաձև արձագանքարան, երկար վզիկ, քառանկյուն գլխիկ։ Թառի երկգավաթ իրանը փորված է թթենու ամբողջական կտորից և ծածկվում կենդանական թաղանթային մեմբրանով։ Ընդհանուր ձևը նմանություն ունի կիթառի հետ։ Երկարավուն կոթը ականջակիր գլխամասում պատրաստված է ընկուզենուց։ Կոթի վրա 22 աղիքե փարդաններ են (լադ), որոնց միջև եղած ինտերվալները միկրոխրոմատիկ են, այսինքն՝ կիսատոնից էլ ցածր։ Լարերը ներկայումս լինում են մետաղյա են, իսկ հնում պատրաստվել են կենդանու աղիքից։ Նվագելիս գործիքը սեղմում են կրծքին և պահում հորիզոնական դիրքով։ Թառը հնչում է հարիչով՝ պահելով այն աջ ձեռքի բթի և ցուցամատի միջև, դաստակի բազմաձև շարժումներով։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը