Ղարաբաղում երրորդ պատերազմը անխուսափելի է, հարցը միայն ժամկետների մեջ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆgazeta.ru-ն գրում է, որ թերթի ռազմական մեկնաբան Միխայիլ Խոդարենոկը վերլուծել է Լեռնային ղարաբաղում Բաքվի հաղթանակի պատճառները և գնահատել նոր հակամարտության հեռանկարները:
Ի հաշիվ ինչի՞ է վերջին պատերազմում հաղթել Ադրբեջանը.
Ադրբեջանի զինված ուժերի և հայկական կազմավորումների միջև 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների վերլուծությունը սովորաբար սկսվում է Bayraktar TB2 տիպի թուրքական անօդաչու թռչող սարքերի և իսրայելական խոյահարող Harop տիպի զինամթերքի մարտավարական և տեխնիկական բնութագրերով: Ավելի հաճախ, գործը դրանով էլ ավարտվում է: Այնուամենայնիվ, ցանկացած զինված դիմակայությունում հաջողությունը կախված է ոչ միայն նորարարական զենքի մարտական կիրառությունից: Հաղթանակն Ադրբեջանին բերել է ոչ այնքան Bayraktar TB2- ը, որքան երկրի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության գրագետ վարքագիծը: Ընդ որում անգամ մինչև հակամարտության սկսվելը:
Առաջին հաղթանակի դաժան կատակը.
Խորհրդային Միության գոյության տարիներին զինվորական ծառայությունը հարկի չի եղել ադրբեջանցվիների մոտ: Խորհրդային բանակի անձնակազմի ավագ սպաների և գեներալների շարքում ադրբեջանցիների թիվը շատ այլ ազգությունների համեմատ նվազագույն է եղել: Մինչև 1991 թվականը ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան ավարտել էր միայն մեկ ադրբեջանցի` Վալեհ Բարշադլին, որն էլ դարձել է Ադրբեջանի պաշտպանության առաջին նախարարը: Բնականաբար 1991 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում նույնիսկ առաջատար դիրքեր հաճախ զբաղեցնում էին էկզոտիկ մասնագիտություն և ոչ ռազմական կենսագրություն ունեցող անձինք: Պաշտպանության նախարարությունը և Ադրբեջանի Գլխավոր շտաբը համալրելու համար որակյալ կադրերի խիստ պակաս է եղել: Մյուս կողմից, Երևանն ուներ նախկին խորհրդային զինծառայողների առատություն: Բավական է ասել, որ հայկական բանակի ղեկավար էր դարձել հայտնի զորավար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ ԽՍՀՄ-ի աֆղանական պատերազմի զորավարներից մեկը: Առաջին ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակը ոգեշնչել էր հայկական զինված կազմավորումները, սակայն դա հետագայում բացահայտ դաժան կատակ է խաղացել նրանց հետ: Հայաստանի և ԼՂՀ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշել էր, որ այսուհետ միշտ էլ այդպես է լինելու և «քնել» ու չէր նկատել Ադրբեջանում ժամանակակից և մարտունակ բանակի ծնունդը:
Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանի դեմ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու կարևոր բան էր արել ապագա հաղթանակի համար: Նախ, նա ստեղծել էր նպատակների իրականացման արդյունավետ գործիք ի դեմս Ադրբեջանի զինված ուժերի, որի վրա մեծ ջանքեր և միջոցներ էր ծախսել: Երկրորդ հերթին Ալիևը ձեռք էր բերել Թուրքիայի աջակցությունը: Առանց չափազանցության, Անկարան ներկայումս տարածաշրջանային առաջատարն է: Իսկ Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի պետական և ռազմական բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները Բաքվի ֆոնին անկեղծորեն գունատ տեսք ունեն: Շատ քիչ բան է արվել ինչպես երկիրը և զինված ուժերը նախապես պատերազմի նախապատրաստելու, այնպես էլ հայկական կազմավորումների մշտական մարտական և զորահավաքային պատրաստվածությունը պահպանելու առումով: Երևում է, որ ոչ ոք Երևանում չի մտածել այն մասին, որ անհրաժեշտ է ձևավորել ռազմավարական պաշարներ, ստեղծել նյութական ռեսուրսների անհրաժեշտ պաշարներ, մտածել, թե ինչպես վերականգնել դրանք պատերազմի ընթացքում: Շատ քիչ բան է արվել հայկական կողմից հնարավոր հակամարտության տարածքը նախապատրաստելու առումով, առաջին հերթին զորքերը, ռազմական կարևոր նշանակության թիկունքային օբյեկտները թշնամու հարվածներից պաշտպանելու հարցում: Իսկ առանց մարտունակ զինվորականի, ցանկացած քաղաքական հայտարարություն անարժեք է: Ըստ ամենայնի, Երևանը նաև չպետք է նաև հույս դներ ինչ որ մեկի անշահախնդիր օգնության վրա: Արևմուտքը հեռու է Հայաստանից և ոչինչ չի անում բացի մտահոգվելուց: Իսկ Ռուսաստանին Երևանի կողքին կանգնելով ամբողջովին և անվերապահորեն խրվել այդ ամենի մեջ ձեռնտու չէր: Մոսկվան բազմիցս է հայտարարել, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը իր համար գործընկերներ են:
Երևանն առանց ռազմական ավիացիայի.
Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը զգացել է հաղթանակի համը: Այս փաստի նշանակությունը դժվար է թերագերագնահատել: Այժմ Բաքուն մտադիր չէ քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Ավելին, Իլհամ Ալիևն ասում է, որ «կարգավիճակի հարցը պետք է ընդհանրապես հանվի օրակարգից»: Իսկ դա նշանակում է, որ ղարաբաղյան հակամարտության վերջակետը դեռ դրված չէ: Երկու հազար ռուս խաղաղապահներ առայժմ կանգնած են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հերթական սրման ճանապարհին: Իրականում այն, թե որքա՞ն կտևի առաքելությունը, այսօր դեռ ոչ ոք չի կարող ասել: Ընդհանուր առմամբ, իրավիճակը Երևանի համար դեռևս, մեղմ ասած, անբարենպաստ է: Քիչ (և, ավելին նվազող) բնակչություն և սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ ունեցող երկիրը պարզապես չի կարող ստեղծել ֆունկցիոնալ ժամանակակից բանակ: Երևանի մեծ տխրությունը ազգային օդուժի պակասն է: Օրինակ, 100 մարտական ինքնաթիռ ունեցող Հայաստանի ռազմաօդային ուժերը կարող են համարվել պատերազմական թատերաբեմում քիչ թե շատ մարտունակ միավորում: 4 ++ սերնդի մեկ կործանիչի արժեքը կազմում է 120-150 միլիոն դոլար: Ըստ այդմ, միայն դրանք գնելու համար (և դա հաշվի չառած 30 օրյա պատերազմի համար նախատեսված սպառազինությունը), անհրաժեշտ է ինչ որ տեղից 15 միլիարդ դոլար գտնել: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նրա ռազմատնտեսական ներուժը համեմատած Հայաստանի հետ զգալիորեն ավելին է, և այդ բացը շարունակում է արագորեն աճել: Իսկ որքան այն աճի, այնքան Բաքուն ուժի դիմելու անդիմադրելի գայթակղություն կունենա: Այդ առումով երրորդ պատերազմը Ղարաբաղում անխուսափելի է: Միակ հարցը ժամկետների մեջ է:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը