Ծանոթ ու միարժամանակ անհայտ … «Սառցե» գինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍառցե գինին (ֆրանսերեն Vin de glace, իտալերեն Vino di ghiaccio, գերմաներեն Eiswein) թանկարժեք հավաքածուային աղանդերային գինի է խիտ համային փնջով, և պատրաստված է լինում խաղողի որթի վրա սառած խաղողից: ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրիայում և Գերմանիայում բացառապես բնական եղանակով սառեցված այդ խաղողից պատրաստված գինին կարելի է անվանել «սառցե գինի»: Սառեցումը պետք է լինի առնվազն -7 -ից -8 ° C-ի, քանի որ եթե ցուրտը գերազանցում է այդ ցուցանիշը, խաղողը մզելը անհանր է դառնում: Այլ երկրներում որոշ գինեգործներ, մոդելավորելով եղանակային պայմանները, օգտագործելով կրիոգեն արհեստական մեթոդներ խաղողը սառեցնում են, այսինքն ենթարկում են մեխանիկական սառեցման: Այս դեպքում այդ գինին կոչվում է «սառնարանային գինի»: Սառցե գինին ունի ալկոհոլի միջին մակարդակ (9-12%), շաքարի զգալի պարունակություն (150-300 գ / լ) և բարձր թթվայնություն (10-14 գ / լ): Ի տարբերություն ջրի, խաղողի մեջ շաքարավազը և այլ լուծույթները չեն սառում, ինչը թույլ է տալիս սառած խաղողից քամել զգալի քիչ խաղողի հյութ: Պատրաստի արտադրանքի չափազանց մեծ աշխատատարության և ռիսկայինության պատճառով Սառցե գինին շատ ավելի թանկ է, քան այլ գինիները: Այն վաճառվում է ավելի փոքր շշերով` 350 մլ և 200 մլ: 350 մլ գինու պատրաստման համար անհրաժեշտ է 13-15 կգ խաղող, 50 տոննա խաղողից ստացվում է ընդամենը 2 տոննա գինի:
Կան որոշակի տվյալներ, որ սառեցված խաղողից գինի պատրաստել են դեռ Հին Հռոմում: Պլինիոս Ավագը (մ.թ. 23 - 79 թվականներ) գրել է խաղողի որոշակի տեսակների մասին, որոնք չեն հավաքվել ցրտահարությունից առաջ: Պոետ Մարցիալը (մ.թ. 40 - 102) խորհուրդ է տվել, որ խաղողը որթի վրա թողնեն մինչև նոյեմբեր կամ մինչև այն ցրտից սառելը: Գինեգործության և գինիների վերաբերյալ այլ մանրամասներ չկան: Չի բացառվում, որ այս նկարագրությունները վերաբերում են չորացած խաղողից պատրաստված գինուն, որը հռոմեական ժամանակներում տարածված գինու տեսակ է եղել, և որը պատրաստելու համար չորացած խաղողը հավաքել են ուշ: Ամեն դեպքում, այդ մեթոդը համարվում է մոռացված: Ենթադրվում է, որ առաջին հետհռոմեական սառցե գինին պատրաստվել է գերմանական Ֆրանկոնիայում 1794 թվականին: Սակայն 1829 թվականին Ռայնգեսենում գտնվող Բինգեն քաղաքի Դրոմերսհայմում սառցե գինու խաղողի բերքի մասին ավելի մանրամասն փաստագրական աղբյուրներ կան: Տարին բարենպաստ չի եղել, խաղողը ստացվել է շատ թթվաշ և խաղողագործները բերքը չեն հավաքել, ձմեռը դաժան է եղել, և առաջացել է անասնակերի պակաս, և մարդիկ արդեն 1930 թվականի փետրվարին քաղել են որթերին մնացած սառած խաղողը: Երբ նկատվել է, որ այդ խաղողը շատ քաղցր է, դրանից գինի են պատրաստել, որն էլ հենց եղել է սառցե գինին:
19-րդ դարի ընթացքում և մինչև 1960 թվականը Սառցե գինու բերք Գերմանիայում հազվադեպ է եղել: Փաստագրված է միայն վեց բերք, այդ թվում 1858 թվականին: Ըստ ամենայնի, այդ ընթացքում սառցե գինի սիստեմատիկորեն արտադրելու փորձեր քիչ են եղել, և արտադրությունը, հավանաբար, եղել է անսովոր եղանակային պայմանների հազվագյուտ արդյունք: 1961 թվականին են պատրաստվել գերմանական Սառցե մի շարք գինիներ, իսկ հետագա տարիներին այդ գինու ժողովրդականությունն աճել է:
Ներկայումս աշխարհում ամենահայտնի և թանկ Սառցե գինին արտադրվում է Կանադայում (Օնտարիո) և Գերմանիայում: Փոքր քանակությամբ սառցե գինի պատրաստվում են նաև Ավստրիայում (Դոնոլանդի մարզ), Խորվաթիայում, Լյուքսեմբուրգում, Սլովենիայում, Չեխիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Չիլիում, Նոր Զելանդիայում, Չինաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը