Երևան-Բաքու. Մոսկվան կհամաձայնվի՞ իրականացնել «եղբայրական» հանրապետությունների սահմանների պաշտպանությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆsvpressa.ru-ն գրում է, որ Ռուսաստանը իր դերն է ունեցել Ղարաբաղում հակամարտության կարգավորման գործում, որը դժվար է ավարտված համարել, իսկ այժմ նրան առաջարկում են կանգնել երկու նախկին «եղբայրական» հանրապետությունների միջև ընկած սահմանի ողջ երկայնքով: Այդ առաջարկն արել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և կարծես թե Ռուսաստանը «կուլ է տվել խայծը»: Կրեմլը դեռ պաշտոնական հայտարարություններ չի արել Երևանից նման խնդրանքի վերաբերյալ, սակայն Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը արդեն հայտարարել է, որ գործնական աշխատանքներ են տարվում հայ-ադրբեջանական սահմանին ռուս կամ միջազգային դիտորդներ տեղակայելու Փաշինյանի առաջարկի շուրջ:
Հարց է ծագում. ինչու՞ սահմանապահներ, այլ ոչ թե խաղաղապահներ: Այստեղ կան որոշ հանգամանքներ: Սկզբից սկսած՝ 1991 թվականից, ռուս սահմանապահները երբեք էլ դուրս չեն բերվել Հայաստանից: Երևանը, որպես Մոսկվայի ռազմավարական գործընկեր թուրքական և իրանական հատվածներում իր սահմանների պաշտպանությունը փոխանցել է ռուս սահմանապահներին: Հայաստանն ունի չորս պետական սահման` Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Առաջինը, որը նախկինում վարչական էր, համարվում է համեմատաբար հանգիստ և հիմնականում պաշտպանվում է ճանապարհների ելքերին տեղակայված սահմանային և մաքսային կետերով: Բայց 330 կիլոմետրանոց թուրքական և 45 կիլոմետրանոց իրանական սահմանները գտնվում են ռուս սահմանապահների պաշտպանության ներքո (նրանց շարքերում պայմանագրային զինծառայողների մոտ 40 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ են): Ռուսական «կանաչ գլխարկների» ընդհանուր թիվը Հայաստանում մոտ 4,5 հազար մարդ է: Հայաստանի և Ադրբեջանի սահմանը, որ ավելի քան 900 կիլոմետր երկարության է, ունի հատուկ կարգավիճակ: Նախկինում այնտեղ տեղակայված են եղել ղարաբաղյան բանակի մարտական ստորաբաժանումներ, որոնք Հայաստանի ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի հետ միասին պահպանել են չճանաչված հանրապետության սահմանները: Ռուսաստանի սահմանապահների օգտագործումը Լեռնային Ղարաբաղի հայկական մասի արդեն նոր սահմանին ի սկզբանե նախատեսված չի եղել, և հիմա այդ գործառույթը որպես դիտորդներ կատարում են ռուս խաղաղապահները: Իսկ Ադրբեջանի և Նախիջևանի հետ հայկական սահմանները պահպանում են իրենք հայերը:
Այժմ Ռուսաստանը պատրաստ է ստանձնել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի պահպանման գործառույթը: Ինչպես ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, «հարցը քննարկվում է ռուսական կողմի ակտիվ մասնակցությամբ»: Նա միաժամանակ ընդգծել է, որ այդ հարցը պահանջում է քննարկման եռակողմ ձևաչափ, այսինքն անհրաժեշտ է նաև Բաքվի մասնակցությունը: Երկրներից յուրաքանչյուրն ունի իր պահանջները. Ադրբեջանը պահանջում է ստեղծել այսպես կոչված Նախիջևանի միջանցք, որը անցնելու է Հայաստանի տարածքովով և կապ է ստեղծելու երկրի «ցամաքային» հատվածի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև: Հնարավոր է, որ դա մի տեսակ սակարկության առարկա դառնա ընթացող գործընթացում: Եվ հենց ռուս սահմանապահներն են ապահովելու ոչ միայն Հայաստանի, այլ նաև այդ միջանցքի անվտանգությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի թաքցնում իր երկրի պահանջները Արևմտյան Զանգեզուրի նկատմամբ, որը Հայաստանի ներկայիս Սյունիքի մարզն է: Այս մասին նա խոսել է Մոսկվայում Պուտինի հետ ունեցած վերջին հանդիպման ժամանակ: Նա միաժամանակ ակնարկել է նաև Լեռնային Ղարաբաղի օրինակով տարածքային այդ պահանջի հնարավոր ուժային լուծման մասին: Նման իրավիճակում էլ Փաշինյանը որպես անվտանգության երաշխիք իր երկրի սահմանների պաշտպանությունը ցանկանում է փոխանցել ռուս սահմանապահներին:
Հասկանալի է, որ սահմանային գոտում ռուս սահմանապահների ներկայությունը մեծապես կորոշի երկու պատերազմող կողմերի հաստատված դիրքերը և կամրապնդի ներկայիս ստատուս քվոն: Պատկերավոր ասած, այդ «կարմիր գիծը» թույլ չի տա ապագայում զենքի կիրառմամբ բախումների նախադրյալներ ստեղծել ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմից: Հավանականության մեծ աստիճանով կարելի է պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների ներկայության փաստը կհաստատվի օրենքով:
Այստեղ տեղին է հիշել Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի այցը, որը անցյալ տարվա դեկտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով սահմանագծման և սահմանազատման գործընթացին Ռուսաստանի մասնակցության հարցով ժամանել էր Երևան: Միևնույն ժամանակ, նա Երևանում ընդամենը մի քանի ժամ մնալուց հետո անմիջապես թռել էր Բաքու, որտեղ երկար զրույց էր ունեցել նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ըստ քաղաքագետ Կոնստանտին Սիվկովի «Բորտնիկովի և Ալիևի բանակցությունների թեմաներից մեկը, ամենայն հավանականությամբ, եղել է Նախիջևանի միջանցքի քննարկումը, հավանական է, որ հենց նույնի մասին է խոսվել Պուտինի հետ Ալիևը վերջին հանդիպման ժամանակ, քանի որ այդ միջանցքը մեծ նշանակություն ունի Ադրբեջանի համար»: Այստեղ, առաջին հերթին, կարելի է տեսնել Ռուսաստանի անհանգստությունը Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմակայանի տեղակայման մասին արդեն իսկ փաստացի ընդունված որոշման կապակցությամբ: Դրա հայտնվելու, ինչպես նաև դեպի ադրբեջանական տարածք, մասնավորապես Ղարաբաղ Սիրիայից մեծ թվով գրոհայինների տեղաշարժով արմատապես կփոխվի աշխարհաքաղաքական իրավիճակը ողջ Կովկասում: Այդ դեպքում Ադրբեջանը կդառնա տարածաշրջանում Թուրքիայի դեպի ռուսական հյուսիսային Կովկաս հետագա ընդլայնման հարթակ դառնալու ուղղակի սպառնալիք:
Փաշինյանը ռուս սահմանապահներին կանչում է Ադրբեջանի հետ սահման հենց իր անվտանգության համար: Եվ Հայաստանին պաշտպանելու է հենց Ռուսաստանը, որը բանակցում է Բաքվի հետ Երևանի անունից, որպեսզի, ինչպես ասվում է ասացվածքում «և՛ ձերը, և՛ մերը, նույն գնի դիմաց իրականացվի»: