Քանի՞ ժամ պետք է քնի երեխան օրվա ընթացքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇատ նորաթուխ մայրերի անհանգստացնում է փոքրիկի քունը. երեխան մեկ չի քնում, մեկ էլ՝ քնում է չափից շատ: Իսկ ո՞րն է իրականում քնի նորմալ չափը:
Նորածինները քնում են կարճ ժամանակահատվածներով, սովորաբար՝ 30 րոպեից մինչև 4 ժամ:
Նորածինները կարող են շատ հեշտությամբ արթնանալ, օրինակ, երբ փորձում եք ձեր գրկից երեխային տեղափոխել իր անկողնու մեջ: Հեշտ արթնանալը պայմանավորված է նրանով, որ նորածինների քնի մեծ մասը «ակտիվ քուն է», որը բնութագրվում է դողացող կոպերով, արագ և անկանոն շնչառությամբ, մարմնի պատահական շարժումներով, և տարբեր ձայների արտաբերմամբ՝ տնքոցով կամ կարճ լացով:
Վերջապես, տարբեր նորածինների մոտ օրվա ընթացքում քնի ընդհանուր տևողությունը կարող է շատ տարբեր լինել: Առաջին օրերին, 24 ժամում նորածինը միջինում քնում է 16-18 ժամ, իսկ չորս շաբաթականում՝ 14 ժամ: Բայց սա հարաբերական է. կան չորս շաբաթական երեխաներ, որոնք օրական քնում են 9 ժամ, իսկ կան երեխաներ, որ քնում են 19 ժամ:
6 ամսական երեխաները մեկ օրվա ընթացքում միջինում քնում են14,5 ժամ, 1 տարեկանները՝ 13,5 ժամ:
Գիշերային քունը հաստատուն է դառնում մոտավորապես 4 ամսական հասակում և տևում է 6-8 ժամ: Աստիճանաբար երկարելով՝ 6 ամսական հասակում այն դառնում է 10-12 ժամ:
4-8 ամսական երեխաները սովորաբար ցերեկվա ընթացքում քնում են 2-3 անգամ, 9-12 ամսականները՝ 1-2 անգամ, 1-2,5 տարեկանները՝ 1: Ցերեկային քնի տևողությունը կարող է տատանվել 1-4 ժամվա սահմաններում: 2,5 տարեկանից մեծ երեխաների մեծամասնությունը ցերեկը չի քնում, իսկ գիշերային քունն այդ տարիքում տևում է 10-15 ժամ: 4 տարեկանից մեծ երեխաները շատ հազվադեպ են ցերեկը քնում, նրանց գիշերային քունը կազմում է 9-13 ժամ:
Մինչև մեկ տարեկան հասակը երեխաների 84%-ը գիշերվա ընթացքում առնվազն մեկ անգամ արթնանում է: Նրանցից շատերը առանց ծնողների միջամտության նորից քուն են մտնում: Մյուսները քնելու համար ծնողների օգնության կարիքն ունեն և կոչվում են «գիշերն արթնացողներ»:
Սովորաբար երեխան սովորականից ավելի քիչ կամ ավելի շատ է քնում այն դեպքում, երբ հիվանդ է կամ խախտվել է օրվա ռեժիմը:
Եթե առողջ երեխան քնում է սովորականից ավելի երկար, ապա հավանական է, որ նրա մոտ առկա է՝
- մրսածություն
- դեղնախտ
- աճի կամ զարգացման խանգարում
- ոչ որակյալ քուն
- ոչ լիարժեք սնունդ է ստանում
- ստացել է պատվաստումներ
Եթե գտնում եք, որ Ձեր երեխան չափից դուրս շատ կամ քիչ է քնում, այցելեք մանկաբույժի: