Ծանոթ ու միարժամանակ անհայտ … խաղատուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉնայած այն հանգամանքին, որ շատերը խաղատան՝ կազինոյի, առաջացումը կապում են 20-րդ դարի ամերիկյան մաֆիայի բիզնեսի հետ, դրանց պատմությունը շատ հին է: Դրամախաղը, զառերն ու թղթախաղերը հիշատակվել են շատ ժողովուրդների և մշակույթների մեջ հարյուրավոր տարիներ առաջ: Որոշ պատմաբաններ կարծում են, որ խաղամոլությունը սկսվել է մ.թ.ա 2300 թվականից Չինաստանում: Մյուսները պնդում են, որ անգամ հին եգիպտացիների դամբարաններում են հայտնաբերվել ժամանակակից զառերի նման զառեր և դրանք նախատեսված են եղել մոլախաղերի համար: Մյուսները բերում են Հռոմեական կայսրության օրինակը, երբ գլադիատորների մարտերը և կառքերի մրցավազքերը նպաստել են տոտալիզատորների առաջացմանը: Եվրոպայում առաջին խաղատներից մեկը եղել է Ridotto հաստատությունը, որը բացվել է 1638 թվականին Իտալիայում: Այն տեղակայված է եղել Վենետիկյան Սուրբ Մովսես եկեղեցու ձախ կողմում և նպատակ է ունեցել տարեկան գարնանային տոնակատարությունների ժամանակ վերահսկել խաղային ժամանցը: Խաղատունն առանձնանացել է բարձր գներով և այցելուների խիստ ընտրությամբ, միայն ազնվական հասարակությունն է իրավունք ունեցել ներս մտնել: Խաղատան պատմությունը հետագայում շարունակվել է Ֆրանսիայում, երբ կարդինալ Մազարինի հրամանագրով բացվել է խաղատուն, որի տված օգուտը մտել է թագավորական գանձարան: Հետո հայտնվել է պտտախաղը և 18-րդ դարի սկզբին ամբողջ Եվրոպայում են բացվել խաղային հաստատություններ: Ազնվականները չեն հապաղել հսկայական կարողություններ մսխել այնտեղ: Շատ ընտանիքներ են կործանվել մոլախաղերի պատճառով: Այդ պատճառով էլ 19-րդ դարի վերջին եվրոպական կառավարությունները սկսել են արգելել խաղատները և փակել նման հաստատությունները: Միակ վայրը, որտեղ թույլատրվել է խաղալ, եղել է Մոնակոն իր հայտնի Մոնտե Կառլո խաղատնով:
Ամերիկայում 19-րդ դարի սկզբին է բացվել առաջին խաղատունը: Ավելի ուշ սրահներ են բացվել Միացյալ Նահանգների շատ քաղաքներում, որտեղ այցելուներին հրավիրել են խաղալու: Մարդկանց մոտ խաղատներում ամենամեծ սերը առաջացրել է «Բլեկջեյկ», որը մեզ մոտ հայտնի է «Քսանմեկ» կամ «Point» անունով, և «Պոկեր» խաղերը: Խաղատները ԱՄՆ-ում ծաղկում են ապրել մինչև այն պահը, երբ կառավարման ղեկը ստանձնել է Էնդրյու Ջեքսոնը, ով արգելել է խաղամոլությունը երկրում: Խաղատները մի քանի տասնամյակ արգելվել են օրենքով, բացի Նեվադա և Նյու Ջերսի նահանգներից: Այսպես թե այնպես, կազինոները շարունակել են գոյություն ունենալ հնդկական ռեզերվացիաներում և Միսիսիպիի ջրերով նավարկող նավերում, իսկ խաղերի որոշակի տեսակներ ի վերջո, օրինականացվել են գրեթե յուրաքանչյուր նահանգում: Հետագայում ամենամեծ խաղատները կառուցվել են Վեգաս և Ատլանտիկ քաղաքներում: Ներկայումս դրանք ամբողջովին արգելված են միայն Յուտա նահանգում և Հավայան կղզիներում:
Ռուսաստանում խաղաթղթերը հայտնվել են 17-րդ դարում, բայց անմիջապես արգելվել են: Այդ ժամանակ մարդկանց խաղալու համար մտրակել են, մատները կոտրել, տուգանել և այլն: Հետագայում թղթախաղերը բաժանվել են թույլատրելիների և արգելվածների: Արգելվածները եղել են մոլեխաղերը: Ռուսաստանում մոլեխաղերի ծաղկման շրջան է եղել 2000-ականների սկզբը, երբ ամբողջ երկրում խաղատների մեծ քանակություն է սկսել գործել: Բայց ընդամենը մի քանի տարի անց՝ 2009-ին, օրենք է ընդունվել, որը կարգավորել է խաղային բիզնեսը, և խաղատները փակվել են կամ տեղափոխվել օրինական խաղային գոտիներ:
Մեր օրերում առավել տարածված են դարձել առցանց խաղատները: Համակարգչային տեխնոլոգիաների զարգացումը շատ է նպաստել դրան: Այս տեսակի խաղամոլությունն ունի անհերքելի առավելություններ. նախ ոչ ոք կարիք չունի որևէ տեղ գնալու խաղալու համար, մեծ թվով մարդիկ կարող են միաժամանակ մասնակցել խաղին, և իհարկե, այդպիսի բիզնեսի բացման ներդրումներն ու ծախսերը անհամեմատելի փոքր են ՝ համեմատած սովորական խաղատան հետ: Բայց կան նաև թերություններ, որոնք հնարավոր չէ անտեսել, դրանք կապված են անձնական տվյալների անվտանգության խնդրի, կազմակերպիչների պարկեշտության, շահած գումարների ստացման ժամկետների և այլնի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը