Ազդանշան Բաքվի համար. ինչպե՞ս կանդրադառնա Շուշիի շուրջ դիվանագիտական սկանդալը Ղարաբաղի կարգավիճակի վրա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆpolitexpert.net-ը գրում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բռնկվել է դիվանագիտական սկանդալ. 40 երկրների դեսպաններ, Ադրբեջանի հրավերով, այցելել են Շուշի: Դա առաջացրել է սպասվող վրդովմունք Երևանում: Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մերժել են հրավերը: Այն թե ի՞նչ ազդանշան են նրանք ուղարկել Բաքվին, և ինչպե՞ս դա կարող է ազդել Ղարաբաղի կարգավիճակի վրա, պատմել է politexpert.net-ի սյունակագիր Ռուբեն Մարգարյանը:
Հայաստանի արտգործնախարարությունը կանչել է հանրապետությունում հավատարմագրված 40 երկրների դիվանագետներին և վրդովմունք հայտնել Իլհամ Ալիևի հրավերով իրենց ադրբեջանցի գործընկերների Շուշի քաղաք կատարած այցի կապակցությամբ:
«Դեսպաններին տրվել են դիմումներ իրենց երկրների կառավարություններին, որտեղ ասվում է, որ Հայաստանը միանգամայն անընդունելի է համարում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների այցը Արցախի օկուպացված տարածքներ (չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն), այդ թվում Հադրութ և Արցախի պատմական կենտրոն Շուշի», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Հատկանշական է այն, որ Ալիևի հրավերը փաստորեն անտեսվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի և Հոլանդիայի դեսպանների կողմից: Ամենից շատ Բաքվի մոտ դժգոհություն է առաջացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) դեսպանների ուշադրության պակասը, որոնք հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ են փնտրում: Բաքվում նրանց մերժումը մեկնաբանվել է որպես ուղերձ, որ չնայած Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը չի կարող լուծված համարվել: Այս ամենը մեծ վրդովմունք է առաջացրել Ադրբեջանում, ընդհուպ մինչ դեսպաններին աբստրուկցիայի ենթարկելու կոչերի:
Երևանում, աշխարհի առաջատար երկրների նման դիրքորոշումը, ընդհակառակը, լավատեսություն է առաջացրել և հույս ներշնչել, որ խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ վերադառնալուց հետո, կարող է բարձրացվել Հադրութի և Շուշիի բռնազավթման և նրանց վերադարձի հարցը: Հասկանալի է, որ ոչ ոք, մանավանդ Ալիևը, ոչինչ չի տա Լեռնային Ղարաբաղի հայերին իրենց գեղեցիկ աչքերի համար: Ըստ ամենայնի, միջնորդների հաշվարկները կապված են այն այն իրավիճակի հետ, որը հակամարտության կարգավորման հարցում առաջացել է 44-օրյա պատերազմից և Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելուց հետո:
Պատերազմից առաջ միջնորդներն առաջարկում էին «կարգավիճակ տարածքի դիմաց» բանաձևը: Դա ենթադրում էր, որ հայկական կողմը յոթ շրջան կվերադարձնի Ադրբեջանին, եթե Բաքուն ճանաչի Արցախի անկախությունը: Այդ բանաձևը ներկայումս էլ իրականում մնում է ուժի մեջ, բայց 180 աստիճանի շրջադարձով. ինչպես կարծում են փորձագետները, միջնորդները կարող են առաջարկել ԼՂՀ-ին ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում ռուս խաղաղապահների երաշխիքներով, իսկ դրա դիմաց Բաքուն կհանձնի Շուշին և Հադրութը Ստեփանակերտի պաշտոնական վերահսկողության տակ՝ կրկին խաղաղապահների երաշխիքների ներքո:
Իհարկե, Մոսկվան, Փարիզը և Վաշինգտոնը դժվարությամբ կստանան Բաքվի համաձայնությունը, որը գտնվում է պատերազմում հաղթելու էյֆորիայի մեջ: Բայց Ադրբեջանը ևս չի տեսնում որևէ այլ սցենար Արցախը իր վերահսկողության տակ վերադարձնելու համար: Իսկ Շուշի այցելելու միջնորդների մերժումը փաստորեն վկայում է, որ նրանք լավատես են փոխզիջումների միջոցով ԼՂՀ-ի կարգավիճակի որոշման հարցում:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը