ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքու-Գյումրի օդանավի կործանումը 1988-ին` ինչպե՞ս է դա եղել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

1988թ. դեկտեմբերի 11-ի վաղ առավոտյան Գյումրիի օդանավակայանից 15 կմ հեռավորության վրա, վայրէջքից մի քանի րոպե առաջ, բախվելով մոտակա լեռներին, կործանվեց Բաքվից Գյումրի թռչող ԻԼ-76Մ ինքնաթիռը: 69 ուղևորներից և անձակազմի ինը անդամներից փրկվեց միայն մեկը՝ ազգությամբ ադրբեջանցի Ֆահրադդին Բալաևը, ով բախտ էր ունեցել գտնվելու օդանավի պոչի հատվածում տեղավորած բեռնատար ավտոմեքենայի մեջ: Հայաստանի տարածքում սա արձանագրված ամենախոշոր օդային աղետն է, որի մասին Հայաստանում և նրա սահմաններից դուրս հավանաբար քչերն են տեղյակ:

Մանրամասները կշարադրեմ մեկ պարբերությունից, սակայն մինչ այդ բացատրեմ, թե ինչու եմ միայն այսօր՝ գրեթե երեք տասնամյակ անց անդրադառնում այս պատահարին: Ադրբեջանական CBC (Caspian Broadcasting Company) արբանյակային հեռուստաընկերությունը, որը հեռարձակվում է հիմնականում ռուսերենով (լուրերի թողարկումներ ունի նաև անգլերեն, հայերեն և պարսկերեն), դեկտեմբերի 11-ի երեկոյան հեռարձակեց մի ֆիլմ, որը պատմում էր ԻԼ-76Մ-ի կործանման մասին՝ ծայրից ծայր կեղծելով պատմությունը:

Բաքվից Գյումրի թռչող ինքնաթիռի կործանման մասին ժամանակին շատ քիչ բան է գրվել երկու պատճառով: Առաջին՝ Խորհրդային Միության տարիներին, անգամ 1988թ., օդային աղետների մասին ոչ միայն քիչ էին գրում, այլև փորձում էին դրանք թաքցնել հասարակությունից: Երկրորդ և հիմնականը՝ ԻԼ-76Մ-ի կործանումը տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերյան երկրաշարժից ընդամենը չորս օր անց և, բնականաբար, 25 հազար մարդու կյանք խլած աղետի խորապատկերում, օդային այս պատահարը չէր կարող համընդհանուր ուշադրություն գրավել:

Ադրբեջանը միայն վերջին տարիներին է քարոզչական նպատակներով մեջտեղ բերել օդանավի կործանման դեպքը և դա փորձում է օգտագործել ընդդեմ Հայաստանի: Եթե նախկինում ադրբեջանական կողմը խորհրդավոր էր համարում ԻԼ-76Մ օդանավի աղետը, ապա այսօր ուղղակի մեղադրում է Հայաստանին, թե իբր օդաչուներին միտումնավոր տրվել են ոչ ճիշտ կոորդինատներ, որի հետևանքով օդանավը բախվել է լեռներին: Իրականությունն այն է, որ օդանավի կործանման պատճառը, ըստ «սև արկղի» և պաշտոնական եզրակացության, եղել է անձնակազմի սխալը: Փորձաքննությունը պարզել է նաև, որ անձնակազմը թռիչքից առաջ չի ունեցել բավարար հանգիստ, իսկ նախորդող օրերին կատարել է մի քանի անընդմեջ չվերթեր:

Ի դեպ, 1988թ. դեկտեմբերյան այդ օրերին Հայաստանում եղանակային պայմանները եղել են խիստ անբարենպաստ: Այդ օրերին կործանվեց ևս մեկ ինքնաթիռ, որը օգնության էր գալիս Հարավսլավիայից: Այն ընկավ Էջմիածին և Արմավիր քաղաքների միջև ընկած դաշտավայրում: Պնդումներ կան, որ կործանումից հրաշքով փրկվել է ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովի օդանավը: Գորբաչովը երկրաշարժի օրը Նյու Յորքում էր: Նա դադարեցրեց այցը և ժամանեց աղետի գոտի՝ Գյումրի:
Բաքուն հայտարարում է, որ ԻԼ-76Մ-ը ադրբեջանական ինքնաթիռ էր, օգնության էր շտապում աղետյալներին, և «նենգ» հայերը խոցեցին այն: Իրականում, օդանավը պատկանում էր ԽՍՀՄ պաշտպանության նախարարությանը՝ Լիտվայի տարածքում տեղակայված ռազմաօդային ուժերին: Օդանավի ողջ անձնակազմը՝ ինը հոգի, ռուսներ էին (ահա նրանց ազգանունները՝ Բրիլյով, Սոկոլով, Ռազումնի, Պլաշկին, Իվլև, Շերկով, Ռիբալչենկո, Ավիլով, Ալտուխով): Ադրբեջանական կողմը շարունակաբար հայտարարում է, որ օդանավում ադրբեջանցիներ էին, ինչը մասամբ է համապատասխանում իրականությանը: Կործանված օդանավի կազմը, իրականում, բազմազգ էր՝ 50 ադրբեջանցի, 13 լեզգին, 11 ռուս, երկու թաթար, մեկ հայ և մեկ հրեա: Բոլորը ԽՍՀՄ զինված ուժերի պահեստազորի ծառայողներ էին, որոնք Գյումրի էին գալիս փրկարարական աշխատանքներ կատարելու նպատակով: Միակ փրկվածը՝ ադրբեջանցի Ֆահրադդին Բալաևը, մահացել է 2010թ.: Ադրբեջանցիները հայտարարում են, թե օդանավի կործանումից հետո Բալաևին Գյումրիում միտումնավոր կերպով օգնություն չի ցուցաբերվել, մինչդեռ իրականությունն այն է, որ Գյումրիից ռազմական ինքնաթիռով նրան հասցրել են Մոսկվա, որտեղ բուժվել և վերադարձել է Ադրբեջան:

Դեկտեմբերի 7-ի երկրաշարժը ցնցել էր ողջ աշխարհը: Հայաստանը օգնություն էր ստանում ինչպես արտերկրից, այդ թվում՝ Սփյուռքից, այնպես էլ նախկին ԽՍՀՄ հանրապետություններից, այդ թվում՝ Ադրբեջանից: Ճիշտ է, ղարաբաղյան խնդիրն արդեն ջրբաժան էր գծել հայերի և ադրբեջանցիների միջև, տեղի էր ունեցել Սումգայիթի ջարդը, սակայն Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս գտնվում էին և մինչև 1991թ. գտնվելու էին ԽՍՀՄ կազմում: Աղետի օրերին Հայաստանում հավաքվեց ԽՍՀՄ ղեկավարությունը, որոնց մեջ էր նաև Ադրբեջանի առաջնորդ Աբդուռահման Վեզիրովը:

Ճիշտ է նաև, որ երկրաշարժի առիթով Հայաստանի ժողովրդին և ղեկավարությանը ցավակցություն հղեց Ադրբեջանի կառավարությունը: Ավելին, Խորհրդային Հայաստանի կառավարությունը շնորհակալական դիպլոմի արժանացրեց նաև Ադրբեջանից եկած փրկարարներին (խումբը ղեկավարում էր Էմիլ Ախունդովը), ովքեր հաստատվել էին Գյումրիին մերձակա Ղարիբջանյան գյուղում և հիմնականում օգնում էին Ամասիայի շրջանի գյուղերին: Ամասիայի շրջանը ավելի քան 70 տոկոսով ադրբեջանաբնակ էր:

Իրականում, Ադրբեջանի օգնությունը Գյումրիի երկրաշարժին եղել է խիստ սահմանափակ երկու հիմնական պատճառով: Առաջին, ինչպես նշեցի, հայ-ադրբեջանական հակամարտությունը արդեն սկսվել էր, երկրաշարժի օրերին Բաքվից Երևան էին հասնում գնացքի վագոններ, որոնց վրա մեծ տառերով հայ ժողովուրդը երկրաշարժի առիթով շնորհավորանքներ էր ստանում: Այսօր էլ որոշ ադրբեջանցիներ համարձակվում են բարձրաձայնել, որ ամաչում են իրենց հայրենակիցների այդ արարքի համար: Երկրաշարժից հետո Ադրբեջանի տարածքում թալանվում էին այն գնացքները, որոնք օգնություն էին բերում աղետյալներին ԽՍՀՄ զանազան քաղաքներից: ԽՍՀՄ տարիներին Հայաստանի ապրանքաշրջանառության շուրջ 85 տոկոսը իրականացվում էր Մախաչկալա (Դաղստան)-Բաքու-Նախիջևան-Երևան երկաթուղով:

Երկրորդ պատճառն այն էր, որ սգի մեջ գտնվող Հայաստանը չէր ցանկանում օգնություն ստանալ մի հանրապետությունից, որտեղ ամիսներ առաջ տեղի էր ունեցել Սումգայիթի ջարդը: Եղել են դեպքեր, երբ սահմանից հայերը հետ են ուղարկել Ադրբեջանից ուղարկված օգնությունը և այդ մասին իր «Կյանքի դասերը» գրքում մանրամասն գրել է այն ժամանակվա Հայաստանի կառավարության ղեկավար (վարչապետ) Ֆադեյ Սարգսյանը:

Երկրաշարժից տուժածներին օգնության նպատակով Ադրբեջանից առաջին ինքնաթիռը Գյումրիի օդանավակայանում վայրէջք է կատարել դեկտեմբերի 9-ի առավոտյան: Այսօր ադրբեջանական քարոզչությունը, խեղաթյուրելով իրականությունը, կեղծ լուրեր է տարածում, թե իբր այդ օդանավը վայրէջքից հետո 11 ժամ պահվել է Գյումրիի օդանավակայանում, հայերը օգնության եկած ադրբեջանցի փրկարարներին անգամ ջուր չեն տվել:

Ադրբեջանական CBC հեռուստաընկերության պատրաստած ֆիլմում ասվում էր, որ «ադրբեջանցի փրկարար Վագիֆ Ախունդովը Գյումրիում փլատակների տակից դուրս է բերել մի ռուս երեխայի և մի ողջ հայ ընտանիքի՝ մորը և երկու երեխաների, սակայն հայերը ինչ-որ գործիքով հարվածել են նրա մեջքին», քանի որ ադրբեջանցի էր:
Անբարոյական կեղծիքները դրանով չսահմանափակվեցին: Ֆիլմում ասվում էր, թե իբր ֆրանսիացի փրկարարները աղետի գոտում հայտնաբերել են ադրբեջանցի սպանված երեխաների, որոնց նախքան դեկտեմբերի 7-ը դաժանաբար սպանել էին հայերը:

Ադրբեջանական կողմը այսօր կրկին շրջանառության մեջ է դրել 1988թ. դեկտեմբերի 11-ին կործանված Բաքու-Գյումրի օդանավի դեպքը՝ փորձելով հակակշռել և հավասարության նշան դնել 2014թ. նոյեմբերին Արցախ-Ադրբեջան շփման գծին մոտ տարածքում խոցված հայկական ուղղաթիռի միջև: Բաքվում հավանաբար մտածում են այս եղանակով մեղմել միջազգային հանրության արձագանքը, որը թեկուզ անուղղակի կերպով, դատապարտեց ադրբեջանական կողմի սադրիչ քայլը՝ ուսումնավարժական թռիչք կատարող ուղղաթիռի խոցումը:
Թաթուլ ՀակոբյանAniarc

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular