Սննդամթերքի տեսակներ, որոնց ամենօրյա գործածությունը կարող է վտանգավոր լինել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարդու սննդակարգը շատ կարևոր նշանակություն ունի նրա ընդհանուր առողջական վիճակի ու ինքնազգացողության համար, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են հարստացնել սննդակարգն օգտակար մթերքով։ Առհասարակ սննդակարգը պետք է լինի առավելագույնս օգտակար ու բալանսավորված, այլապես կարող են զարգանալ առողջական տարատեսակ խնդիրներ, սակայն այնուամենայնիվ կան սննդամթերքի որոշակի տեսակներ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի ուտել ամեն օր։
Hronika.info կայքը ներկայացրել է նմանատիպ հինգ մթերք, որոնք ամեն օր սննդակարգում օգտագործելը կարող է վտանգավոր լինել առողջության համար։
Գրիլի վրա պատրաստված միս
Միսը հարուստ է օրգանիզմի համար շատ կարևոր սպիտակուցներով, իսկ ճիշտ պատրաստման դեպքում այն ունենում է նաև շատ ցածր կալորիականություն, սակայն անգամ նման օգտըակար մթերքի ամենօրյա գործածությունը կարող է շատ վտանգավոր լինել։ Առավել վտանգավոր է գրիլի վրա պատրաստված միսը, որը պարունակում է հետերոցիկլիկ ամիններ՝ միացություններ, որոնք կարող են նպաստել օնկոլոգիական հիվանդությունների զարգացման հավանականության բարձրացմանը։ Մսի պատրաստման մյուս եղանակները չեն համարվում այդքան վտանգավոր, սակայն այնուամենայնիվ այս մթերքը խորհուրդ չի տրվում չարաշահել։
Ապխտած ձուկ
Ապխտած ձկների կանոնավոր գործածությունը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ մարդու առողջական վիճակի վրա։ Առաջին հերթին հարկավոր է հաշվի առնել, որ ծխեցման ընթացքում ոչնչանում են ոչ բոլոր մակաբույծները, ինչը հատկապես վտանգավոր է պատրաստման բոլոր կանոններին չհետևելու դեպքում։ Բացի այդ, այդ գործընթացի ժամանակ մթերքի մեջ ձևավորվում են վտանգավոր քաղցկեղածին տարրեր, որոնք կարող են կյանքի համար վտանգավոր հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ։
Թյունոս
Թյունոսը պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում, երկաթ ու մի շարք այլ օգտակար տարրեր, ինչի շնորհիվ համարվում է ամենաօգտակար ձկնատեսակներից մեկը, սակայն ամենօրյա գործածության դեպքում այն կարող է շատ վտանգավոր լինել։ Բանն այն է, որ այս ձկնատեսակը շատ արագ կլանում է շրջակա միջավայրում պարունակվող սնդիկը, ինչի հետևանքով դրա ամենօրյա գործածությունը կարող է հանգեցնել սրտամկանի հետ կապված լուրջ խնդիրների զարգացման։
Սնկեր
Սնկերը հարուստ են օրգանիզմի համար շատ օգտակար սննդարար նյութերով, սակայն դրանք համարվում են բավական դժվարամարս մթերք։ Սնկերը պարունակում են խիտին՝ ստամոքսահյութի արտադրությունը դանդաղեցնող օրգանական նյութ, ինչի պատճառով էլ դրանք շատ դանդաղ են յուրացվում։ Այս առանձնահատկության պատճառով մասնագետները հորդորում են չչարաշահել սնկերով ուտեստները, հատկապես՝ ստամոքսի հետ կապված խնդիրների դեպքում։
Կոկոսյան ընկույզի յուղ
Կոկոսյան ընկույզի յուղը լայն գործածություն ունի ինչպես կոսմետոլոգիայում, այնպես էլ խոհանոցում, սակայն առողջական խնդիրներից խուսափելու համար հարկ է հիշել, որ այս յուղը ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել։ Բանն այն է, որ այն պարունակում է տրիգլիցերիդներ՝ ճարպերի տեսակ, որոնք կարող են նվազեցնել ընդհանուր խոլեստերինի մակարդակը՝ այդ կերպ խիստ բացասաբար անդրադառնալով սրտանոթային համակարգի աշխատանքի վրա։ Բացի այդ, այս տարրերը կարող են նպաստել ավիտամինոզի զարգացմանն ու հանգեցնել հորմոնալ խանգարումների։