Անկախ վարչապետի ցանկությունից անխուսափելի են արտահերթ խորհրդարանական ընտրությունները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻշխանությունը որոշել է չգնալ արտահերթ ընտրությունների և տարբեր հասարակական և քաղաքական կազմակերպություններ իրենց դժգոհությունն ու մտահոգությունն են հայտնել դրա հետ կապված: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։
- Իշխանությունը որոշել է չգնալ արտահերթ ընտրությունների և տարբեր հասարակական և քաղաքական կազմակերպություններ իրենց դժգոհությունն ու մտահոգությունն են հայտնել դրա հետ կապված: Ձեր կարծիքով իշխանությունն, ի վերջո, պե՞տք է գնա արտահերթ ընտրությունների:
— Ինձ ձեր ասած իշխանություն տերմինը այնքան է անհանգստացնում, իշխանությունը ժողովուրդն է, իշխանությունը պատկանում է ժողովրդին եկեք ասենք վարչակազմ ոչ թե իշխանություն։ Հիմա անդրադառնամ հարցին, արտահերթ խորհրդարանական ընտրությունները քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման կարևոր տարր կարող են դառնալ։ Երկրում այդ գործընթացը, սակայն մշտապես խնդրահարույց կարող է լինել, եթե այդ գործընթացի կազմակերպումը իրականացվի ներկայիս ոչ լեգիտիմ վարչախմբի կողմից։ Այն աջակցությունը, որն ուներ նա երկու տարի առաջ այլևս չկա, պատերազմը այդ վստահությունը ի չիք է դարձրել և հիմա այդ ամբողջ ճգնաժամը, որ կա հենց այդ անվստահությունից է գալիս։ Երկրում ճգնաժամը հանգուցալուծելու համար արտահերթ խորհրդարանական ընտրությունները պարտադիր են։ Սակայն դրանք պետք է կազմակերպվեն անցումային ինչ-որ մի կառավարության կողմից։ Առանց այդ անցումային կառավարության գոյության հնարավոր չի լինի այդ խորհրդարանական ընտրություններն այնպես անցկացնել, որ խնդրահարույց չլինի։ Այսինքն այդ ընտրական ամբողջ գործընթացը՝ և նախընտրական և բուն ընտրությունների օրը, թե հետընտրական ամբողջ ընթացքը դառնալու է շատ ավելի մեծ լարվածության օջախ։ Հիմա այդ պատճառով երկրում անհրաժեշտ են անցումային գործընթացներ։ Այն, որ ներկա վարչախումբը չի ցանկանում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դա իր ցանկությունն է, բայց դա ճգնաժամը հանգուցալուծելու որևէ քայլ իր մեջ չի պարունակում, այսինքն հակառակը դա ավելի է խորացնում առկա ճգնաժամը։ Այնպես որ մենք այսպես թե այնպես առաջիկայում ունենալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Հնարավոր չի այս ոչ լեգիտիմ վարչախումբը գնալ հերթական ընտրությունների, որը անցկացնելու համար բավական մեծ ժամանակահատված կա։ Անխուսափելի է արտահերթ խորհրդարանական ընտրությունները անկախ նրանից, թե գործող վարչապետը դա ուզում է թե չէ։ Հիմա շատ լավ կլինի, որ այդ արտահերթ խորհրդարանական ընտրությունները առաջիկայում, երբ էլ լինեն լավ կլինի, որ ինչ-որ չեզոք այլ ֆորմատով կազմակերպված լինեն, որ այն նեգատիվը, որը ունեն ներկա կառավարիչները նեգատիվ ազդեցություն չունենա ընտրությունների արդյունքների վրա։
- Ձեր կարծիքով, ինչո՞ւ է վարչախումբը հրաժարվում ընտրությունների գնալու գաղափարից:
— Հրաժարվում է, որովհետև ներկա վարչախումբը հասկացել է, որ այդ արտահերթ ընտրությունների արդյունքում ինքը կորցնելու է իր կառավարման բոլոր լծակները և դուրս է մղվելու քաղաքական գործընթացներից։ Դրա համար էլ հետ է կանգնել իր կողմից նախապես հայտարարած որոշումից։
- Վերջերս մի քանի նոր դեմքեր ազդարարեցին քաղաքականություն մտնելու մասին: Այդ մարդկանցից թերևս ամենաակտիվը Արտակ Թովմասնյանն է՝ «Թովմասյան» հիմնադրամ»-ի նախագահը: Դուք որպես քաղաքական վերլուծաբան՝ ի՞նչ կարծիք ունեք քաղաքական հայտ ներակայացրած նոր ուժերի հնարավորությունների մասին՝ հաշվի առնելով Հայաստանի քաղաքական դաշտի բևեռվածությունը:
— Իհարկե, կան հայտ ներկայացրած մի շարք միավորներ։ Բայց ես համաձայն չեմ ձեր այդ գնահատականի հետ, որ ամենաակտիվը Արտակ Թովմասյանն է։ Իսկ եթե ներկա իրավիճակում փորձում են ինչ-որ քաղաքական շարժեր իրականացնել, ապա առաջին հերթին ժողովուրդը պետք է իրենց ծրագրերին նայի։ Ըստ էության, շատերը մարդկանց համար որպես կերպարներ, որպես քաղաքական գործիչներ անծանոթ են։ Եվ իրենց խոսքը գոնե ծրագրային դրույթներով պետք է կարողանա չափվի։ Ամեն դեպքում Հայաստանի ներքաղաքական տրամաբանությունը միշտ եղել է այն անձանց շուրջ, ովքեր քիչ թե շատ հեղինակություն են ունեցել հանրության շրջանում և գոնե մի քանի տարվա քաղաքական պայքարի փորձառություն ունեն։ Նոր ձևավորված այդ կուսակցությունների հարցում դեռևս հնարավոր չէ պնդել, որ տվյալ շրջանակները կկարողանան երկրում ինչ-որ էական դիրքեր ունենալ։ Եվ նրանք պետք է դեռևս ինչ-որ ճանապարհ անցնեն։ Դա Հայաստանի քաղաքական գործընթացների տրամաբանությունն է։
Սոնա Գիշյան