ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ ենք արել Նիկոլի ստերի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին շրջանում, հատկապես Հայաստանն ու Արցախը աղետի մատնելուց հետո հաճախ է գործածվում ամենատարբեր մարդկանց խոսքում, թե «Նիկոլը խաբեց ժողովրդին»: Աներկբա է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա «նիկոլախումբը» խաբեցին ժողովրդին: Ի դեպ՝ մի քանի բառ «ժողովրդի» մասին: Ավելի ճիշտ՝ այն չակերտավորելու: Ժողովուրդը երկրի բոլոր բնակիչներն են, սկսած՝ անգրագետ Պողոսից, վերջացրած՝ ակադեմիկոս Բարսեղյանով, օրինակ: Բոլո՛րը՝ անկախ իրենց կրթական ցենզից, սոցիալական վիճակից ու հասարակական կարգավիճակից: Հետևաբար, սխալ է ամեն մի հարմար-անհարմար առիթով գործածել «ժողովուրդ» բառը, առավել ևս, այս կամ այն երևույթը վերագրել միանգամից ժողովրդին, այսինքն՝ բոլորին: Հիմա խաբելու մասով․ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ու շարունակաբար, ամենատարբեր հարցերի, խնդիրների ու երևույթների հետ կապված, ցինիկաբար խաբել է, անպատկառորեն ստել, արել է տրամաբանորեն միմյանց կտրուկ հակասող հայտարարություններ:

Ավելի քան երկուսուկես տարի է, ինչ Նիկոլի ստախոսությունը դարձել է համապետական պրոբլեմ: Այնպիսի խնդիր, որը հանգեցրեց մարդկային անդառնալի ու եղեռնագործական ծավալի կորուստների, հանգեցրեց ազգային ու պետական աղետի: Ու դեռ հանգեցնում է: Բայց դիտարկվող հարցի նրբերանգը մի փոքր այլ է: Փաշինյանն ու կապիտուլյանտ-հող տվողների իր «փունջը» բացահայտորեն խաբել ու ստել են ամբողջ ժողովրդի առջև՝ հերոս Աբաջյանի կեղծ «պապիկով», «տուշոնկաներով» ու անհաշիվ այլ օրինակներով: Դա արել են բազմիցս, ու բացեիբաց: Այստեղ առանցքային հարցն այն է, որ շատ-շատերը ոչ պակաս պարզորոշ հասկացել են, որ, այո, Նիկոլ Փաշինյանը ստում է, խաբում է ժողովրդին, ինչպես հիմա են այդ մասսայի բազմաթիվ ներկայացուցիչներ ծոր տալիս անմիջական զրույցներում և սոցցանցերում:

Հասկացե՛լ, բացահայտ տեսել են, որ նա, ում «թավշյա» ոգևորությամբ, առանց հարցեր տալու, բերել ու երկրի ղեկավար են կարգել, խաբում է ժողովրդին: Հասկացել ու փոքրոգությունից, գուցե՝ կեղծավորությունից ու երեսպաշտությունից մղված, գուցե՝ որևէ այլ շարժառիթով լռել են: Ծպտո՛ւն չեն հանել: Կարճ ասած` համաձայնե՛լ են, թույլ են տվել, որ իրենց խաբե՛ն: Համաձայնել են, որ իրենց ընտրյալը իրենց ֆռռացնի, իրենց կամ շատերին երկարականջ կենդանու տեղ դնի: Փաստ է այն, որ Նիկոլ Փաշինյանը ստեց, թե՝ Արցախի հարցով բանակցություններ չի վարում: Պարզվեց՝ վարում է, այն էլ ինչպես: Հետո ասաց՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք»: Դա էլ կուլ տվեցին ու շարունակում են կուլ տալ: Հպարտացան, թե՝ «օդը փակել են», պարզվեց՝ «օդը բացից էլ բաց է»: Խնդիրն այն է, թե ինչ եք անում՝ հասկանալով կամ գոնե խոստովանելով, որ ձեզ խաբել են: Ինչպե՛ս եք վարվում խաբեբայի հետ, որի ստերի հանդուրժումը հազար-հազարների կյանք արժեցավ, ու դեռ շարունակվող աղետի հանգեցրեց:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular