ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլիզմից ազատվելու այլընտրանքային տարբերակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս օրերին ՀՀ իշխանություններն, ակտիվացել են «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների առումով աշխատանքները: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը փորձելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով կայունացնել իրավիճակը երկրում՝ այնպես, ինչպես ինքն է դա ընկալում: Դա, բնականաբար, չպետք է թույլատրել, որովհետև փաշինյանական կայունությունը պետականության դանդաղ կորստի կայունությունն է: Դա առավել ակնհայտ երևում է Սյունիքի առանձին բնակավայրերի տարածքների հանձնման գործընթացներում, ինչն, ըստ փորձագետների, շարունակվելու է՝ շարժվելով դեպի հյուսիս: Չթույլատրելու տարբերակներից մեկը ընտրությունների համազգային բոյկոտն է, ինչը կիրառվել է նախկինների օրոք, թեև հաջողություն չի ունեցել: Բայց հաշվի առնելով, որ մենք այժմ ապրում ենք այլ իրողությունում, ապա իշխանություններն ուզեն թե չուզեն՝ պետք է հաշվի նստեն ՀՀ ընտրողների դիրքորոշման հետ:

Սակայն նախքան արտահերթ ընտրությունները Փաշինյանի հեռացումը պահանջող հանրությունը պետք է տոնական օրերից հետո ակտիվացնի «Նիկոլին մերժելու» փողոցային գործընթացը: Այստեղ, սակայն, շատ կարևոր է փողոցային ակտիվությունը զուգակցել անգլիական պարլամենտարիզմի մի հետաքրքիր գործընթացով՝ «ստվերային» կառավարության ձևավորմամբ: Ի դեպ, դրա մասին խոսել է նաև Հայրենիքի փրկության շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանը: Սակայն լրագրողի հարցին ի պատասխան Մանուկյանի խոսքից երևաց, որ ինքն այդքան էլ չկարևորեց այդ գործընթացը հենց շարժման համատեքստում, ընդհակառակը, նշեց, որ այդ կառավարության անդամները կբախվեն ինչ-ինչ խնդիրների:

Ըստ էության, այնուամենայնիվ, արժե քննարկել այդ հարցը շարժման անդամ կուսակցությունների ղեկավարների հետ: Եվ համաձայնության դեպքում Մանուկյանը պետք է փորձի նախագծել «ստվերային» ժամանակավոր կառավարության կազմը, ու այն հանրահավաքային օրերից մեկում ներկայացնել հանրությանը: Հասկանալի է, որ դրանից հետո այդ կառավարության անդամները կենթարկվեն հարձակումների իշխանության և նիկոլապաշտ հանրության ու ֆեյքային բանակի կողմից, սակայն հանուն հայրենիքը Փաշինյանից ազատելու հրամայականի կարելի է նաև ենթարկվել նման փորձության: «Ստվերային» ժամանակավոր կառավարության կազմում պրոֆեսիոնալ հայրենասերների լավագույն ընտրության դեպքում դա կբերի սոցիոլոգիայում հանրահայտ գահավիժող ձնագնդի էֆեկտի: Ի դեպ՝ այս գործընթացը չպետք է սահմանափակվի զուտ նախարարներ նշանակելով: «Ստվերային» այդ կառույցը պետք է նախագծի Հայաստանը բարդագույն իրավիճակից դուրս բերելու ծրագրեր, նախարարներից յուրաքանչյուրն իր կողմից պետք է ներկայացնի ոլորտային փոփոխությունների մեկամյա ծրագիր, կազմակերպվեն դրանց քննարկումները տարբեր հարթակներում:

Անհրաժեշտության դեպքում «ստվերային» նախարարը կարող է հրապարակային բանավեճի մեջ մտնել փաշինյանական կառավարության համապատասխան նախարարի հետ՝ քննադատելով նրա որոշումներն ու առաջարկելով այլընտրանքային տարբերակը: Ներկայացված առաջարկի իրագործման դեպքում Հայաստանը մոտակա ամիսներին կունենա իրական և վիրտուալ իշխանություններ, ինչը կվերափոխվի իրական երկիշխանության, իսկ հետո Փաշինյանի իշխանությունը կհեռանա: Այս ամենը բնավ չի նշանակում, թե փողոցային ակտիվությունը պետք է նվազեցվի, ընդհակառակը, այն անընդհատ պետք է թեժացվի, իսկ առաջարկվող գործընթացը կունենա իր ազդեցություն այդ թեժացման վրա: Արդյունքում, մեկը մյուսին էներգիա մատակարարելով, կբերեն հաղթանակի ընդդեմ նիկոլիզմի:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular