ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուբյեկտայնության հարցը՝ օրակարգում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ Հայաստանի վերաբերյալ ամեն բան, մեր պետության ապագայի վերաբերյալ գրեթե ամեն ինչ գտնվում է ՌԴ ձեռքում: Ինչպես կվերաբերվի դրան որևէ քաղաքացի՝ անկախ կարգավիճակից, սա առանձին հարց է: Բայց ակնառու է, որ խոսքը գոյություն ունեցող իրողության մասին է, որն էլ իր հերթին մնում, ավելորդ է դարձնում քննարկումը, թե ինչ կա անելու կամ ինչ կարող ենք անել: Դա որոշում է Ռուսաստանը, հետևաբար՝ կարճ պատասխան կա՝ մենք չենք կարող անել ոչինչ: Մյուս կողմից, սակայն, այդ պատասխանը կարճ ճանապարհ է նաև դեպի ինքնաոչնչացում: Ըստ այդմ, եթե որևէ մեկը մտադիր է տանել Հայաստանն այդ ճանապարհով, ապա դա, թերևս, պակաս ոտնձգություն չէ պետության անվտանգության ու ապագայի նկատմամբ, որքան այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ: Հետևաբար, փոխվում է, իհարկե, հարցադրումը, հարցադրման տրամաբանությունը ինչ անելու վերաբերյալ, սակայն չի վերանում դրա հրատապությունը:

Միանաշանակ գլխավոր խնդիրն, անշուշտ, Մոսկվային հավաստիացնելն է, որ Հայաստանին հնարավորինս արագ խաղ վերադարձնելը, Հայաստանի սուբյեկտության վերականգնմանն ուղղված կայուն ջանքի գործադրումը բխում է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի շահից: Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը ռեգիոնալ անվտանգության երաշխավորն են: Առերևույթ՝ պատերազմական իրողություններն արձանագրող այդ հայտարարությունը խորքային առումով այլ բան չէ, քան հստակ ակնարկ տողատակով, որ արցախյան հարցում այլևս կա 2-1 ձևաչափ՝ Անկարան և Բաքուն մի կողմում, Մոսկվան՝ մյուս: Այսինքն՝ եթե նախկինում Անկարան խոսում էր 2-2 ձևաչափի մասին, պատերազմի առաջին օրերին կամ դրանից առաջ արվող ակնարկներով և հայտարարություններով, ապա այժմ արդեն խոսում է 2-1 ձևաչափի մասին՝ հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի: Ավելին, եթե դրան ավելացնենք նաև ահաբեկիչների գործոնը և ներկայումս արդեն նրանց ընտանիքներին Կովկաս բերելու նախաձեռնությունը, ապա Ռուսաստանի դիրքային պարտությունը դառնում է անհամեմատ ավելի խոշոր:

Այստեղ է, որ Հայաստանի սուբյեկտության հնարավորինս արագ վերականգնումը դառնում է էական անհրաժեշտություն: Այդ ամենի համար Հայաստանից դրա համար պահանջվում է, իհարկե, նախ, կայունություն և ներքին իրավիճակի հանրային լեգիտիմություն: Միաժամանակ, սակայն, այդ հիմքի վրա պահանջվելու է քաղաքական միտք և գաղափարական բազա, որովհետև Հայաստանի սուբյեկտություն ասվածը չի կարող լինել նպատակ, այլ պետք է լինի միջոց: Իսկ դրա համար հենց պետք է քաղաքական միտք և գաղափարական բազա: Բաներ, որոնք մշտապես եղել են հայաստանյան քաղաքական իրականության, մեղմ ասած, աքիլլեսյան գարշապարը: Փաստացի, նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակում Հայաստանում և Արցախում, Հայաստանի և Արցախի շուրջ, ամենից շատ քննարկման կարիք ունեցողը իրավիճակը գոնե փշրանքներով փրկելու հրամայականն է, հետևաբար՝ հնարավոր անելիքների շուրջ քննարկումը: Մի բան, որն այսօր չկա:

Մյուս կողմից, սակայն, այդ քննարկումը թվում է ամենից ավելորդը, հաշվի առնելով մի ցավագին իրողություն՝ այսօր չկա ոչ միայն ազատագրված Արցախի տարածքի ահռելի մասը, այլև չկա հայկական պետականության բավարար սուբյեկտություն, որպեսզի դրվեն լուծելի ինչ-որ խնդիրներ՝ կապված նոյեմբերի 9-ով թվագրված ռեգիոնալ նոր ստատուս-քվոյի, հայկական իրավունքների, Արցախի և անգամ Հայաստանի, լայն իմաստով, անվտանգության ապահովման հետ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular