Հակառակորդը ամեն ինչ խեղաթյուրում է, ուստի հարկավոր է բավական մանրամասն ամեն ինչ ներկայացնել. Գևորգ Մելիքյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔաղաքագետ Գևորգ Մելիքյանը համոզված է, որ միջազգային կառույցների հետ շփվելիս պետք չէ հույսը դնել այն մտայնության վրա, որ եթե պատերազմը լուսաբանվում է, ապա բոլորը ամեն ինչ հասկանում են: Մեր խնդիրն է հարցերը ճիշտ ներկայացնել և ճիշտ շեշտադրումներով ասելիքը մատուցել, որպեսզի այլ երկրների քաղաքական գործիչները, դիվանագետներն ու հասարակական գործիչները իրականության մասին պատկերացում կազմեն:
«Հարկավոր է ակտիվ գործունեություն ծավալել, որպեսզի Ադրբեջանական քարոզչամեքենան չկարողանա նենգափոխել իրականությունը: Հակառակորդը ամեն ինչ խեղաթյուրած ձևով է ներկայացնում և հարկավոր է բավական մանրամասն ամեն ինչ ներկայացնել, որպեսզի միջազգային հանրության համար ևս պարզ լինի, թե ինչի համար է հայկական կողմը պայքարում»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Գ. Մելիքյանը:
Քաղաքագետի դիտարկմամբ ադրբեջանական կողմը 25 տարի զբաղված է եղել փաստերը խեղաթյուրելով: Եվ հիմա շատ կարևոր է դրանք մաքսիմալ չեզոքացնել: Կարևոր է նաև հանրությանը բացատրել, որ Արցախի դեմ Ադրբեջնաի կողմից սանձազերծած պատերազմը կրոնական հիմք չունի:
«Այն ինչ այսօր անում է հակառակորդը անթույլատրելի է թե՛ մարդկային, թե՛ միջազգային և թե՛ բոլոր առումներով: Ադրբեջանը անթույլատրելի բոլոր կարմիր գծերը հատել է, բայց կարևոր է արաբական աշխարհի երկրներին բացատրել, որ պատերազմը որևէ աղերս չունի կրոնի հետ, որպեսզի մահմեդական երկրները հանկարծ չընկնեն Ադրբեջանի ծուղակը, քանի որ ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ փորձում է հարցը ներկայացնել սրբազան պատերազմի քողի ներքո: Ուստի, շատ կարևոր է, որ այս հարցում Ադրբեջանը և Թուրքիան մենակ մնան և աջակիցներ չունենան: Այս առումով Պարսից ծոցի երկրների հետ աշխատանքը շատ կարևոր է: Այս աշխատանքը պետք է իրականացվի հետևողականորեն, որպեսզի ավելի մեծ արդյունք կարողանանք ունենալ: Հատկապես պետք է աշխատել այն երկրների հետ, որոնք մեզ հետ հարաբերություններում խնդրահարույց հարցեր ունեն, քանի որ եթե նույնիսկ որոշակի հարցերի շուրջ անհամաձայնություններ կան, ապա պետք չէ մեկուսացման քաղաքականություն վարել: Միջազգային հարաբերություններում այս կամ այն երկրից նեղանալը կամ շփումներ չունենալը չի կարող օգտավետ լինել: Արտաքին քաղաքականության կարևորագույն հարցը նույն դռներն անընդհատ թակելն է և պետք չէ մեկ երկու անգամ նույն բանը ասելուց հետո մտածել, որ այլևս այդ առումով անելիք չկա»,- ասաց Գ. Մելիքյանը:
Արմինե Գրիգորյան