ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արգելել թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան ելք չէ. ելքը ուժեղ երկիր ստեղծելն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախօրեին հայտնի դարձավ, որ Կառավարությունը լրջորեն քննարկում է թուրքական ապրանքների ներկրումը արգելելու կամ սահմանափակելու հնարավորությունը եւ ներկայումս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը իրականացնում է ուսումնասիրություններ եւ հաշվարկներ:

Ճի՞շտ, թե՞ սխալ կլինի թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան արգելելը: Ցանկացած հայաստանցի նման քայլը կարող է դրական համարել, եթե, իհարկե, հարցը դիտարկի զուտ հուզական, զգացմունքային հարթության մեջ: Սակայն տնտեսությունը հեռու է զգացմունքային հարթությունից` սառը, դաժան, չոր հաշվարկների աշխարհ է սա: Ու Թուրքիայից ներմուծումը արգելելու նպատակահարմարությունը հաշվարկելու համար պետք է ունենանք որոշ ցուցանիշներ:

Այսպես. պաշտոնական տվյալներով՝ տարեկան Թուրքիայից Հայաստան է ներմուծվում է մոտ 140 միլիոն դոլարի ապրանք: Այդ 140 միլիոն դոլարը Թուրքիայի արտահանման ընդհանուր ծավալի ընդամենը 0.1 տոկոսն է: Այսինքն ներմուծումն արգելելու դեպքում մենք շոշափելի վնաս Թուրքիայի տնտեսությանը չենք հասցնի: Բայց Հայաստան ներմուծվող ապրանքների ընդհանուր ծավալի մեջ թուրքական ապրանքների մասնաբաժինը մոտ 5 տոկոս է: Այս ցուցանիշով Թուրքիան մեր խոշորագույն առեւտրային գործընկերների առաջին 5-յակում է: Ինչո՞ւ ենք այսքան շատ ներկրում Թուրքիայից: Պատասխանը պարզ է: Թուրքական տնտեսությունը, որքան էլ դա հաճելի չլինի մեզ համար, բավականին հզոր ու մրցունակ է: Գին-որակ հարաբերակցության տեսանկյունից թուրքական ապրանքները մրցունակ են նաեւ մեր շուկայում:

Թուրքիայից Հայաստան է ներմուծվում ավելի քան 700 անուն ապրանք` սննդամթերք, քիմական արտադրանք, հագուստ, կոշկեղեն, կենցաղային տեխնիկա, էլեկտրատեխնիկական արտադրանք, շինանյութեր, մետաղական գլանվածք...: Ըստ ՀՀ մաքսային ծառայության պաշտոնական տվյալների՝ անցյալ տարի միայն մոտ 5 միլիոն դոլարի գործվածք է ներմուծվել, 4 միլիոն դոլարի սպիտակեղեն, 3.5 միլիոն դոլարի կոստյումներ, 1.5 միլիոն դոլարի վերնաշապիկներ ու բլուզկաներ, 3.2 միլիոն դոլարի զուգարանի թուղթ, 1.5 միլիոն դոլարի կոշիկ, 2 միլիոն դոլարի «կաֆել-մետլախ», 1 միլիոն դոլարի ապակեղեն, 7 միլիոն դոլարի մետաղական արտադրանք` «շվելերներից» ու «ուգոլնիկներից» սկսած եւ վերջացրած մեխով ու «շուրուպով», 6 միլիոն դոլարի ալյումինե արտադրանք, 2 միլիոն դոլարի կողպեք ու կախիչ, մի քանի միլիոն դոլարի ձեռքի գործիքներ...:

Բայց Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծումը ունի մի առանձնահատկություն` թուրքական ապրանքներ ներկրումների զգալի, եթե ոչ մեծ մասը իրականացնում են փոքր ու միջին առեւտրականները: Իսկ դա նշանակում է, որ նման արգելանք դնելու պարագայում առաջին հերթին տուժելու է հենց փոքր բիզնեսը: Իհարկե, արգելանք մտցնելուց հետո փոքր բիզնեսը կփոխի իր գործունեության աշխարհագրությունը եւ կսկսի նույնատիպ ապրանքները ներկրել, ասենք, Չինաստանից, Վիետնամից...: Սակայն անցումային փուլը կլինի ցավոտ, քանի որ արդեն կան գործարար կապեր, պայմանավորվածություններ, մատակարարման մշակված սխեմաներ եւ այլն: Եվ այս առումով փոքր գործարարները չեն կարող որոշակի կորուստներից խուսափել:

Այլ թեմա է խոշոր բիզնեսը, որը կարող է նույնիսկ շահել այդպիսի արգելքից: Ինչպե՞ս: Խոշոր, կամ, այսպես ասենք՝ «թեւութիկունք» ունեցող բիզնեսը հեշտությամբ կարող է շրջանցել արգելքը: Բերենք մի օրինակ: Վերջերս հենց «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրվեց լուսանկար, ըստ որի «Երեւան սիթիում» վաճառվում է թուրքական արտադրության լոլիկ` իր արկղերով: Սակայն պարզվեց, որ պաշտոնապես Թուրքիայից լոլիկ գրեթե չի ներկրվում: Իսկ դա նշանակում է, որ այդ լոլիկը նույնիսկ չի էլ մաքսազերծվել: Հետեւաբար այն չի էլ հաշվառվել որպես ներմուծվող ապրանք: Այդ հրապարակումից հետո լոլիկները շարունակվում են վաճառվել, բայց արդեն ոչ իրենց արկղերով: Փաստորեն կան այնքան զորեղ ու ազդեցիկ «գործարարներ», որոնք կարող են ցանկացած ապրանք Հայաստան ներմուծել առանց այն պաշտոնապես մաքսազերծելու, առանց դրա ծագման երկիրը բացահայտելու: Այսինքն, մեր մաքսային մարմինների կոռումպացվածությունը եւ նմանատիպ «գործարարների» ամենակարողությունը կհանգեցնի նրան, որ Թուրքիայից նրանք առաջվա նման կամ նույնիսկ ավելի շատ ապրանք կներկրեն, բայց կձեւակերպեն, թե բերել են, ասենք, Բուրկինա Ֆասոյից: Կստացվի, որ Թուրքիայից ապրանքների ներկրումը արգելելու պարագայում մենք ընդամենը կվնասենք փոքր բիզնեսին, նոր շուկա կբացենք օլիգարխների համար, Թուրքիայի տնտեսությունն էլ դրանից չի տուժի...: Այսինքն, սրանով մենք միմիայն կվնասենք Հայաստանի շահերին:

Ու կրկին գալիս-հանգում ենք մի շատ տխուր խնդրի: Ինչո՞ւ պետք է մեր տնտեսությունը լինի այնքան անմրցունակ, որ մենք չկարողանանք նույնիսկ «մայկա-տռուսիկ» արտադրել ու այն ներմուծենք Թուրքիայից: Ի՞նչ է, մեզ մոտ հնարավո՞ր չէ էժան ու որակյալ ջինսե շալվարներ կարել: Զուգարանի թղթի արտադրությունը այդքան բա՞րդ գործ է...: Ոչ մի բարդություն չկա, պարզապես պետք է հանել մեր տնտեսության զարգացման արհեստական խոչընդոտները` մոնոպոլիաներ, կոռուպցիա, հարկային բեսպրեդել, խոշոր գործարար-պաշտոնյաներ...: Ու եթե մենք դա անենք, թուրքական արտադրանքի ներմուծումն արգելելու ոչ մի կարիք չի առաջանա. այն ինքն իրեն կնվազի: Արդյունավետ, մրցունակ, ազատ շուկայական տնտեսություն եւ հետեւաբար ուժեղ երկիր ստեղծելը կլինի մեր ամենահզոր հարվածը Թուրքիային:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular