Ռազմական դրության պայմաններում այն, ինչ անում ու քարոզում է իշխանության սորոսական թևը Հայաստանի ներսում, ուղղակիորեն դավաճանություն է
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐIrates.am-ը գրում է.
Սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի սկիզբը ազդարարեց նաև որոշակի լուրջ ներքաղաքական տրանսֆորմացիաների մասին։ Ըստ էության‚ պատերազմը որոշ ժամանակով սառեցրեց հայաստանյան ընդդիմադիր դաշտի ընդդիմադիր օրակարգը։ Դա առավել հատկանշական է, քանի որ սառեցումը տեղի ունեցավ ընդդիմադիր տրամադրությունների զարգացումների գրեթե գագաթնակետում, բառացիորեն այն ժամանակ, երբ սպասվում էր ընդդիմադիր միասնական ճակատի մեծ հանրահավաքը։ Սակայն տրամաբանական է, որ այս օրերին ընդդիմադիր օրակարգը գոնե ժամանակավորապես սառեցվեց։ Համապետական օրակարգը, ըստ էության, իշխանության հրաժարականի պահանջից վերափոխվեց համապետական, համաժողովրդական պատերազմի։
Ռազմական գործողությունների վերսկսման առաջին օրերից ի վեր ուշադրության կենտրոնում բոլորովին այլ խնդիրներ են հայտնվել. այս պատերազմն ընկալվում է որպես գոյամարտ՝ մյուս բոլոր հարցերը հետին պլան մղելով։ Սակայն այնուամենայնիվ, շատ արագ ներքաղաքական կյանքում նշմարվեցին որոշակի նրբերանգներ, որոնք գոնե պատերազմի առաջին օրերին փորձում էին թաքցնել կամ ժամանակավորապես սառեցնել։
Այժմ տեսնենք, թե ինչ փոփոխություններ տեղի ունեցան ներքաղաքական դաշտում սեպտեմբերի 27-ից հետո։ Առանձին հայտարարություններով հանդես եկան նախկին երեք նախագահները։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հայտարարությունների հիմնական իմաստը կոնսոլիդացիան էր. պետք է համախմբվել պետության‚ բանակի և թշնամուն հաղթելու նպատակի շուրջ։ Մի փոքր ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանը։ Վերջինիս պարագայում հատկանշականն այն էր, որ ի տարբերություն համավարակի օրերին արված հայտարարության, որում ՀՀ առաջին նախագահը համավարակը որակել էր որպես պատերազմ, իսկ այդ «պատերազմի» օրերին իշխանության դեմ խոսող բոլոր ուժերին՝ դավաճաններ, պատերազմական գործողությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը դավաճանության, իշխանությունների շուրջ համախմբման մասին չխոսեց, այլ շատ ավելի առարկայական ու հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ։ Ռազմական գործողությունների երրորդ օրն արված այդ հայտարարությունը բաղկացած էր երկու կետից. առաջին կետով Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ պետք է դադարեցնել պատերազմը, ու հայկական կողմը պետք է ձգտի պահպանել տարածքները։ Առավել հետաքրքրական երկրորդ կետով ՀՀ առաջին նախագահը շեշտում էր, որ Ռուսաստանի գլխավորությամբ պետք է վերսկսել բանակցային գործընթացն արդեն առկա ձևաչափի շրջանակում։ Ըստ էության‚ Լևոն Տեր-Պետրոսյանը թափանցիկ ակնարկում էր, որ այնուամենայնիվ‚ ՀՀ իշխանությունները պետք է ուղղակիորեն դիմեն Ռուսաստանին, որպեսզի վերջինս, օգտագործելով իր ազդեցությունը տարածաշրջանում ու ռեսուրսները, դադարեցնի պատերազմն ու ստանձնի մոդերատորի դերակատարումը։
Ներքաղաքական դաշտում ավելի գլոբալ կոնսոլիդացիոն գործընթաց տեղի ունեցավ։ Խոսքը 14 կուսակցությունների, այդ թվում՝ արմատական ընդդիմադիր ուժերի մասին է, որոնք նախապատրաստվում էին հոկտեմբերի 8-ին հանդես գալու արտահերթ ընտրությունների և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Վերջիններս առաջարկում էին միասնական օրակարգով հանդես գալ և կազմել ռազմաքաղաքական դաշինք Հայաստանի և Արցախի միջև։ Դա, բնականաբար, ենթադրում է, որ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը։
Այսպիսով՝ քաղաքական դաշտում արտաքինից ամեն ինչ համախմբման քողի ներքո է ընթանում։ Ներքին քաղաքական տարբեր օրակարգերը, նախասիրություններն ու հարաբերությունները հետին պլան են մղվել։ Նույնիսկ իշխանության կողմից ցույց տրվեց, թե քրեական գործերը առժամանակ մոռացվում են, նշմարվում է որոշակի հանդուրժողականություն, անգամ արտահոսքեր եղան այն մասին, թե առաջիկա օրերին փաստաբանների միջնորդությամբ ազատ կարձակվի նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Սակայն ընդհանուր առմամբ այս հովվերգության ֆոնին ներքին պայքարը շարունակվում է։
Այս համատեքստում իշխանական դաշտը առավել ծանր ընդունեց Ռոբերտ Քոչարյանի մեկնումն Արցախ։ Դժվար է պատկերացնել, թե դա կարող էր տեղի ունենալ առանց իշխանությունների, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցման, քանի որ Քոչարյանը դատական գործընթացի մեջ է, և նրա տեղաշարժը սահմանափակ է։
Իհարկե‚ դա ոչ թե պայմանավորված է երկրորդ նախագահի նկատմամբ վերաբերմունքի կտրուկ փոփոխմամբ‚ այլ ավելի շուտ ստիպված քայլ է՝ պայմանավորված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավելի կայուն և հաստատուն կոմունիկացիայի խողովակ ստանալու անհրաժեշտությամբ։ Միևնույն ժամանակ հստակ պետք է արձանագրել‚ որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը արդեն իսկ ապացուցել է‚ որ բավականին հասուն պետական և ռազմաքաղաքական գործիչ է‚ որի ջանքերի շնորհիվ այս օրերին Արցախում է համախմբվել Հայաստանի‚ ներառյալ Արցախի‚ գրեթե ամբողջ հին և նոր ռազմաքաղաքական էլիտան։
Ռոբերտ Քոչարյանի՝ Արցախ մեկնելը‚ ինչ խոսք‚ իշխանության տարբեր օղակներում տհաճ անակնկալ էր. սոցցանցերում իշխանական շրջանակները, որոնք կենտրոնացած էին պատերազմական կոնկրետ խնդիրներ լուծելու վրա, անմիջապես վերհիշեցին նախկին օրակարգը՝ Ռոբերտ Քոչարյանին պիտակավորելով ոչ դրական համատեքստում։ Պարզ է, որ այդ վերաբերմունքը ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ պայմանավորված է նրանով, որ Քոչարյանի գործոնը որոշակի այլընտրանքային բևեռ է ձևավորում փորձ չունեցող Նիկոլ Փաշինյանի ֆոնին։ Իշխանական շրջանակները ենթագիտակցաբար այդ ամենում որոշակի վտանգ տեսան, ինչը կարող է հանգեցնել Քոչարյանի վարկանիշի բարձրացմանը և հետագայում՝ պատերազմի ավարտից ու կայունության վերականգնումից հետո կուտակած դիվիդենդներն ի վնաս գործող իշխանության օգտագործելուն։
Սա թերևս չարյաց փոքրագույնն էր՝ համեմատած այն ամենի հետ, ինչ արեց իշխանությունը ներկայացնող սորոսական թևը։ Վերջիններս հայ-թուրքական գլոբալ պատերազմի պայմաններում սկսեցին պացիֆիստական բավականին լուրջ հայտարարություններ հնչեցնել կեղծ հայրենասիրության և այլ թեմաների մասին։ Եվ այս ամենի մեջ գլխավոր թիրախը զարմանալիորեն ոչ թե Թուրքիան էր կամ Ադրբեջանը, այլ Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը։ Եվ տվյալ դեպքում Թուրքիային զսպող միակ հավանական ուժին՝ Ռուսաստանին, վերագրվում է թշնամու կերպար, որը որպես դաշնակից իբրև թե չի օգնում Հայաստանին։ Նույնիսկ որոշ սորոսականներ ՆԱՏՕ-ին էին վկայակոչում որպես գործընկեր։ Այս քարոզչական թևն ամեն ինչ անում է, որ պատերազմական օրերին ՀՀ իշխանությունների և Ռուսաստանի միջև որևէ ալյանս չձևավորվի։ Ռազմական դրության պայմաններում այն, ինչ անում ու քարոզում է իշխանության սորոսական թևը Հայաստանի ներսում, ուղղակիորեն դավաճանություն է։ Իսկ պատերազմական շրջանում դավաճանությունը շատ ավելի լուրջ պատիժ է ենթադրում։ Կարող ենք փաստել, որ թեկուզ ժամանակավոր ու փխրուն համախմբումը գրեթե բոլոր ուժերը պահպանում են, բացի սորոսական ճակատից, որը շատ ավելի ագրեսիվ դարձավ՝ ծավալելով հակապետական գործունեություն։ Եվ պատահական չէ, որ նույնիսկ ազատական հասարակությունը, որը, որպես կանոն, շատ հանդուրժող է տարբեր տիպի գլոբալիստական, հակառուսական դրսևորումների նկատմամբ, կոշտ հակադարձում է՝ նշելով, որ այն‚ ինչ արվում է իշխանության սորոսական թևի կողմից, ուղղակի դավաճանություն է։
Նշված տրանսֆորմացիաները ոչ միայն արձանագրեցին որոշ մարտավարական փոփոխություններ ու մարտի նոր կանոններ ընդդիմադիր դաշտում, այլև ցույց տվեցին, որ այն ուժերը, որոնք մասնակից են եղել 2018 թվականի իշխանափոխությանը‚ բոլորովին այլ օրակարգով են գործում և Հայաստանի հետ բոլորովին այլ ծրագրեր ունեն։ Մասնավորապես, նպատակը Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների խզմանը հասնելն է, Հայաստանի թուլացումն ու Արցախի հարցում ադրբեջանա-թուրքական և դրսի վերպետական կառույցների ծրագրերի կյանքի կոչումն է։ Այս պահին այդ ուժերը չեն էլ թաքցնում իրենց նպատակներն ու բացահայտ ցույց են տալիս իրենց էությունը։ Այս ուժերի գլխավոր խնդիրը պատերազմի պայմաններում լինելու է ոչ միայն Հայաստանի մեկուսացումն ու հարաբերությունների փչացումն աշխարհաքաղաքական գործընկերների հետ, այլև ներքաղաքական լարում մտցնելը, խնդիրներ ստեղծելը, որպեսզի անհրաժեշտ պահին քանդեն Հայաստանի փխրուն կայունությունը։ Սա իհարկե լուրջ հիմքեր է տալիս պատերազմական գործողություններից հետո սորոսական կառույցների գործունեությունը լրջորեն քննելու, Հայաստանում դրանց գործունեության նպատակահարմարությունը որոշելու և նրանց քայլերին քրեաիրավական պատասխան տալու համար։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ