ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոսկերիչ ամուսինը Խորենացի փողոցում խանդի հողի վրա «կիսլատա» է լցրել կնոջ դեմքին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Վահրամ Ա.-ի գործի դատական քննությունը:

62-ամյա Վահրամը զբաղվել է ոսկերչությամբ:

Նրան մեղադրանք էր առաջադրված տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ի մասով:

Տուժողը Վահրամի կինն է, նրա երեխաների մայրը:

Դատարանը հաստատված է գնահատել, որ 2015 թվականի օգոստոսի 2-ին, առավոտյան ժամը 9-ի սահմաններում Երևանի Խորենացի և Նար-Դոսի փողոցների խաչմերուկի մոտակայքում Վահրամ Ա.-ն խանդի հողի վրա վիճաբանել է կնոջ հետ և իր մոտ եղած քիմիական հեղուկ նյութը՝ ծծմբական թթուն լցրել է կնոջ դեմքին ու մարմնին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ պարանոցի, լեզվի, կրծքավանդակի, ձեռքի, ծնկային հոդի շրջանների՝ 1-2-3-րդ աստիճանի քիմիական այրվածքներ է առաջացրել, որոնցից՝ դեմքի աջ կեսի, վերին ու ստորին շրթունքների, այտային ու կզակային շրջանների վնասվածքների հետևանքները՝ սպիները, առաջացրել են կնոջ դեմքի անջնջելի այլանդակում…

Ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել՝ ընդունելով կնոջ վրա ծծմբական թթու լցնելու, նրան ծանր վնասվածքներ պատճառելու փաստը, սակայն նշել է, թե դա կատարել է ոչ թե դիտավորյալ, այլ պահի ազդեցության տակ՝ իր տղամարդկային արժանապատվությունը նսեմացնող վիրավորական խոսքերից ազդված, հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:

Ամբաստանյալն ասել է, թե ուժեղ վիրավորվելով՝ կնոջ ուղղությամբ է նետել ձեռքին եղած իրը՝ տվյալ դեպքում՝ տարան, որի մեջ ծծմբական թթու կար, ու թթուն պատահականորեն է լցվել կնոջ վրա:

Դատարանը արժանահավատ չի համարել ծծմբական թթուն կնոջ վրա պատահականորեն լցնելու՝ ամբաստանյալի վարկածը:

Վահրամ Ա.-ն հայտնել է, թե դեպքից մի քանի օր առաջ կինը աշխատանքից բավական ուշ է տուն եկել: Ինքը նրան մեղադրել է ամուսնական անհավատարմության համար: Իրենք վիճել են:

2015 թվականի օգոստոսի 2-ի առավոտյան ինքը խնդրել է կնոջը, որ նախաճաշ պատրաստի: Նախաճաշել են, տանից դուրս են եկել միասին:

Ինքը ոսկերչական աշխատանքի համար պլաստմասե շշով հետը ծծմբական թթու է վերցրել: Այն սովորաբար գնում էր «Վերնիսաժից»:

Ըստ ամբաստանյալի՝ վերջին շրջանում, երբ կնոջը կասկածում էր ամուսնական անհավատարմության համար, հաճախ էր առավոտյան կնոջ հետ դուրս գալիս, որ աշխատանքի գնա:

Դեպքի օրը աշխատանքի տանելու համար ծծմբական թթու է լցրել առանց կափարիչի տարայի մեջ, տարան դրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ ու բռնել է ձեռքին:

Կնոջ հետ քայլել են դեպի Խորենացի-Նար-Դոս փողոցների խաչմերուկ: Ինքը կնոջը հարցրել է, թե իր ծննդյան օրը գոնե ժամանակին կվերադառնա՞ աշխատանքից: Կինը արհամարհական պատասխանել է՝ քե՞զ ինչ, դու ի՞նչ տղամարդ ես:

Ինքն այդ խոսքերից վիրավորվել է, ձեռքին եղածը նետել է կնոջ վրա: Կինը ձեռքի պայուսակն է նետել իր վրա, ինքն էլ ձեռքին եղած տարայով հարվածել է կնոջն ու հեռացել է: Առանց հետ նայելու է հեռացել, եղել է շփոթված:

Հետո զանգել է կնոջ հեռախոսին, որ հարցնի նրա վիճակի մասին, բայց կինը վիրավորել է իրեն: Ինքը նույնիսկ հիվանդանոց է այցելել, որ հաշտվեն, բայց կինը չի հաշտվել իր հետ:

Դեպքի օրվա երեկոյան, գիտակցելով, որ հանցանք է գործել, ինքը գնացել է ոստիկանություն, հայտնել է կատարածի մասին:

Ըստ ամբաստանյալի՝ ինքը քննիչի մոտ չի նշել կնոջ ասած խոսքերը՝ «դու ի՞նչ տղամարդ ես», քանի որ այդ խոսքերը ամոթալի է համարել իր համար: Այդ մասին հայտնում է դատարանում:

Վահրամ Ա.-ն ասել է, թե ինքը հարբեցողությամբ չի զբաղվել, ինքը ոսկերիչ է, եթե խմեր, այդ արհեստով չէր կարող զբաղվել: Ինքը կնոջը «լավ է պահել», իրենց վեճի առարկան միայն կնոջ «անհավատարմությունն» է եղել:

Ըստ ամբաստանյալի՝ ինքը երբեք չի սպառնացել կնոջը, չի ասել՝ քեզ խելոք պահի, թե չէ լուծույթ կլցնեմ վրադ: Միայն շատ բարկանալու դեպքում մտածել է, թե կնոջ մազերն ամբողջությամբ կխուզի ու այդպես նրան կուղարկի ծնողների տուն…

Ըստ Վահրամի՝ ինքը 30 տարուց ավելի ոսկերչությամբ է զբաղվել, ծծմբական թթուն օգտագործել է աշխատանքում:

Դեպքի օրը աշխատանքի գնալիս աջ ձեռքին եղած պոլիէթիլենային տոպրակի մեջ տարայով ծծմբական թթուն էր, իսկ ձախ ձեռքին՝ բջջային հեռախոսը: Ինքն առանց հասկանալու է ծծմբական թթուն լցրել կնոջ վրա, քանի որ… աջլիկ է: Եթե աջ ձեռքին բջջային հեռախոսը լիներ, հեռախոսը կնետեր նրա վրա:

Վահրամ Ա.-ի կարծիքով՝ իր մոտ եղած ծծմբական թթվի խտությունը «թույլ է եղել», եթե կինը ջրով չլվացվեր, այլ չոր սրբեր, վնասվածք չէր ստանա: Ինքը չի պատկերացրել, որ կինը այդ աստիճանի վնասվածքներ կստանա:

Ամբաստանյալը նշել է, թե զղջում է, խոստանում է հատուցել կնոջ վիրահատության համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:

Տուժող կինը՝ Մանյան (անունը փոխված է), հայտնել է, թե Վահրամի հետ ամուսնացել է 1991 թվականին, ապրել են Վրաստանում: Մոտ 3 տարի առաջ են տեղափոխվել Երևան:

Ամուսինն աշխատել է որպես ոսկերիչ: Ինքն էլ աշխատել է խմորեղենի արտադրամասում:

Ամուսնական կյանքի ընթացքում ամուսինը հաճախ է խանդի հողի վրա վիճել իր հետ: Նման վեճ եղել է նաև դեպքից մի քանի օր առաջ, երբ ինքն ուշ է վերջացրել աշխատանքը: Ինքը նախապես ամուսնուն հայտնել էր, որ պատվեր ունեն, երկար է մնալու աշխատավայրում:

Այդ օրը իրեն տուն է բերել իր տնօրենը: Ամուսինն իրեն «Գայանե» խանութի մոտ դիմավորել է երեխաների հետ: Տնօրենի մեքենայում, բացի իրենից, նաև տնօրենի կինն ու քույրն էին, ամուսինը տեսել է նրանց:

Դեպքի օրվա առավոտյան նախաճաշ է պատրաստել: Ամուսինն իր հետ է դուրս եկել տանից: Դա զարմանալի էր, քանի որ սովորաբար նա իրենից երկու ժամ ուշ է աշխատանքի գնում:

Ճանապարհին իրենք չեն խոսել:

Երբ հասել են Խորենացի-Նար-Դոս փողոցների խաչմերուկ, Վահրամն ասել է. «Ա՛ռ, սա էիր ուզո՞ւմ, դե կե՛ր»:

Նա անսպասելիորեն ձեռքի պոլիէթիլենային պարկում եղած քիմիական հեղուկը լցրել է իր դեմքին ու փախել է: Այդ պահին ինքը գոռացել է, անհնար է, որ Վահրամն իր գոռալը չլսեր, բայց նա չի շրջվել: Բացառվում է, որ անզգուշության հետևանքով թթուն լցներ իր վրա:

Իրեն օգնության է հասել մի անծանոթ երիտասարդ: Նա սկզբում սկսել է վազել Վահրամի հետևից՝ մտածելով, թե նա իրենից բան է գողացել, բայց ինքը խնդրել է, որ նա իրեն օգնի: Անծանոթը տեսել է իր վիճակը՝ դեմքն ու կրծքավանդակը այրվում էին… Երիտասարդն օգնել է, որ ինքը լվացվի, շտապօգնություն է կանչել: Ինքն այդ ընթացքում կանչել է իր երեխաներին…

Ըստ տուժողի՝ ամուսինը՝ Վահրամը, հարբեցողությամբ է զբաղվել, վատ վարք է դրսևորել: Իրենք անհաշտ են ապրել: Ամուսինը ծեծել է իրեն: Իրենք գիտեին, որ նա գործի բերումով ծծմբական թթու է տուն բերում, թթվին չէին մոտենում: Թթուն Վահրամը պահում էր փակ տարայում:

Դեպքի օրը ինքը տեսել է, որ Վահրամի ձեռքին տարա կա, բայց չի պատկերացրել, որ նա իր վրա քիմիական լուծույթ կլցնի: Պատահել է, որ նա իրեն սպառնացել է, ասել է, թե կսպանի, թե ինքը նրա ձեռքով է «գնալու», բայց ինքը չի սպասել, որ նա սպառնալիքը կիրագործի:

Ըստ տուժողի՝ ամուսինը խանդի տեսարաններ է սարքել, երբ տեղափոխվել են Երևան, ինքն աշխատել է և ուշ ժամերին տաքսիով է տուն վերադարձել: Վահրամը դա անթույլատրելի է համարել: Դեպքից առաջ Վահրամը իր գործիքներն ու իրերը հավաքել ու ասել էր, թե «գնում է եղբոր տուն»: Բայց այդ օրը մնացել է իրենց տանը: Առավոտյան էլ իր հետ է տանից դուրս եկել…

Տուժողը պնդել է, թե խանդելու ոչ մի առիթ չի տվել ամուսնուն, ինքը ոչ մի անբարոյական քայլ չի կատարել: Կինը նյութական պահանջ չի ներկայացրել, բայց պահանջել է ամբաստանյալին հնարավորինս խիստ պատժել:

Դատարանը Վահրամ Ա.-ին մեղավոր է ճանաչել կնոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 3 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի՝ նրան փաստացի արգելանքի տակ վերցնելուց հետո:

Տուժողին պարզաբանվել է հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումը քաղաքացիական դատավարության կարգով պահանջելու իրավունքը:

Նյութի աղբյուրն՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular