Բացվել են 1998 տեղամասային կենտրոնները, ընտրություններն ընթանում են բնականոն. Մուկուչյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակցության վերաբերյալ տեղեկությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի երեք ժամը մեկ, իսկ կեսգիշերից կսկսի քվեարկության արդյունքների աղյուսակավորումը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակում ընդգրկված է 2 592 486 ընտրող։ Թվով 465 քաղաքացիներ էլեկտրոնային եղանակով քվեարկության միջոցով նոյեմբերի 31-ից մինչեւ դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արդեն իսկ կատարել են իրենց քաղաքացիական պարտքը», - տեղեկացրեց Տ. Մուկուչյանը՝ հավելելով, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքներում ընդգրկված են ընդհանուր թվով 1444 թեկնածուներ։
Նա նշեց, որ 4 ազգային փոքրամասնություններից քաղաքական ուժերի առանձին ցուցակներում ընդգրկված են 12 թեկնածուներ:
Ընտրությունները կազմակերպելու նպատակով կազմակերպվել են 2010 ընտրատեղամասեր, որից 12-ը՝ ՔԿՀ-ներում:
Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ, տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 20.099 քաղաքացիներից չեն ներկայացել 94-ը։
«Տեղամասային ընտրական հանձնաժողովները կազված են 10 անդամներից, որից 2-ին նշանակում է տարածքային ընտրական հանձնաժողովը, իսկ մյուս 8 անդամներից յուրաքանչյուր երկուսը ԱԺ-ում խմբակցություն ունեցող քաղաքական ուժերի կողմից: Ժամը 8-ի դրությամբ ընտրատեղամասերում գործարկվել են բոլոր 4000 տեխնիկական սարքավորումները:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն թվով 8 միջազգային եւ օտարերկրյա կազմակերպությունների 505 միջազգային դիտորդներ եւ 17 813 տեղական դիտորդներ՝ 22 տեղական ՀԿ-ներից»,-ասաց Մուկուչյանը:
Նա նշեց, որ հավատարմագրվել է տեղական 70 զանգվածային լրատվամիջոց՝ 1200 ներկայացուցչով, 31 օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցից՝ ութսուն ներկայացուցիչ. «Այս պահին ընտրությունն ընթանում է բնականոն ընթացքով»: