«Ելք» դաշինքն այլևս չկա. ըստ էության այն երբեք էլ չի եղել
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀանգստյան օրերին «Լուսավոր Հայաստան » կուսակցությունը հաղորդագրություն տարածեց առ այն, որ գալիք խորհրդարանական ընտրություններին պատրաստվում են մասնակցել իրենց կուսակցության ցուցակով: Երեկ առանձին մասնակցելու մասին հայտարարեց նաև «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Չնայած նրան, որ Երևանի ավագանիում «Լույս» խմբակցությունը շարունակելու է իր գործունեությունը, սակայն նույն դաշինքի ձևաչափը խորհրդարանական ընտրություններում չի լինելու: Իսկ սա նշանակում է, որ «Ելք» դաշինքն այլևս չկա:
Ոմանց համար սա, անշուշտ, կարող է տխրեցնող լինել, ոմանց համար էլ հերթական նախընտրական վերադասավորման դրսևորում, սակայն իրականում «Ելք» դաշինք երբեք էլ չի եղել, չի եղել որպես քաղաքական միավոր: Եղել է նախընտրական շրջանում որոշ ուժերի մոբիլիզացիա խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելու շուրջ, բայց քաղաքական կուռ, հեռանկարային, արժեքների ու սկզբունքների վրա հիմնված դաշինք չի եղել: Ընդ որում, «Ելքն» այս իմաստով առաջին օրինակը չէ, երբ պահի նպատակահարմարությամբ ձևավորված դաշինքները հետագայում, արդեն այլ իրավիճակում քանդվել են: Այս իմաստով «Ելք» դաշինքն ինքնին ու դրա փաստացի ավարտը հրաշալի պատկերում են քաղաքական այն դաշտը, որն ունեցել ենք և ունենք Հայաստանում:
Սկզբնավորման առաջին օրերից էլ պարզ էր, որ թե աշխարհաքաղաքական, թե ներքաղաքական մոտեցումներում դաշինքի անդամ ուժերի միջև կային տարաձայնություններ: Դաշինքի ստեղծումով, սակայն, այդ տարաձայնությունները ոչ թե հարթվում էին, այլ պարզապես միառժամանակ դրվում էին մի կողմ՝ հաշվի առնելով խորհրդարանում հայտնվելու գերխնդիրը: Երբ այդ գերխնդիրը լուծվեց, ակնհայտ դարձավ, որ դաշինքում կան խնդիրներ՝ ցուցակների կազմման, որոշումների ընդունման հետ կապված: Այդ խնդիրների պիկն, իհարկե, Նիկոլ Փաշինյանի սեպարատ քայլարշավն էր ու այդ քայլարշավի հաջողությունը, որից հետո «Ելք» դաշինքը մնաց որպես սոսկ խորհրդարանական խմբակցություն: Ֆորմալ առումով, անշուշտ, որևէ խնդիր չկար, որովհետև դաշինք կազմելով հանդերձ, կուսակցությունները պահում էին առանձին ֆորմատով գործելու ազատությունը: Փաստացի, սակայն, մենք գործ ունեցանք հերթական կարճաժամկետ ու հեռանկարային իմաստով քաղաքական կապիտալիզացիան տապալած ուժերի մոբիլիզացիայի հետ:
Արդեն նշեցինք, որ «Ելքն» այս իմաստով առաջին դեպքը չէ Հայաստանի նորանկախ պատմության մեջ: Ցավոք, սակայն, արդեն հիմա, երբ Հայաստանի քաղաքական դաշտին ընձեռված է ռեստարտի, վերաձևակերպման աննախադեպ շանս, չկան երաշխիքներ, որ «Ելք» դաշինքի օրինակը չի լինի ոչ միայն առաջինը, այլև վերջինը:
Նախընտրական թոհուբոհի մեջ մենք ականատեսն ենք նմանատիպ պրոցեսների, երբ բացառապես կարճաժամկետ շահի, պահի թելադրանքի ազդեցությամբ ձևավորվում են դաշինքներ ու կուսակցություններ, տեղի են ունենում ճամբարափոխություններ: Այս իմաստով հատկապես մտահոգիչ է «Իմ քայլը» դաշինքը կամ, այլ կերպ ասած, ՔՊ–ի՝ իշխանության կուսակցության փոխակերպման պրոցեսը:
Անշուշտ, ՔՊ–ն միայնակ չի կանգնած եղել հեղափոխության հիմքերում, եղել են այլ ուժերի ներկայացուցիչներ, եղել են քաղաքացիական սեկտորը ներկայացնողներ: Ընդհանրապես՝ եղել է համաժողովրդական գործընթաց, ու նորմալ է, որ առնվազն հեղափոխությանը հաջորդող ընտրություններում իշխանությունը ներկայանա ոչ թե առանցքային ուժ հանդիսացող ՔՊ–ի, այլև ավելի լայն ձևաչափով: Սակայն երկարաժամկետ քաղաքական հեռանկարի առումով հասկանալի է, որ վերացական արժեքների, բացառապես հեղափոխությանն աջակցելու հիմքերի վրա կառուցված քաղաքական միավորը կենսունակ լինել չի կարող: Ինչ–որ պահից կարիք է լինելու կամ հստակեցնել քաղաքական գիծը, կամ էլ ականատեսը լինել հերթական դաշինքի հերթական փլուզմանը: Մնացած սցենարների դեպքում մենք ունենալու ենք այն, ինչ ունեցել ենք նախկինում՝ իշխանության կուսակցություն, որտեղ կան ներքին ահռելի խնդիրներ ու հակասություններ, հակամարտող խմբեր, չկա որևէ միավորող արժեքային ու սկզբունքային հայեցակարգ, իսկ կուսակցության պառակտմանը խոչընդոտող միակ գործոնը իշխանությունը կորցնելու վախն է: Իսկ այդ վախը, վախի տակ թաքնված հակասությունները համակարգվում են մեկ կենտրոնից, կենտրոն, որն ինչ–որ պահի կարող է հարթել կոնֆլիկտները, մեկ այլ պահի հրահրել դրանք՝ սեփական իշխանության երկարակեցությունը ամրապնդելու համար:
Հեղինակ՝ Լևոն Մարգարյան