Ո՞ւմ են պետք նախարարները, կամ՝ ցեցի «առեղծվածը»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոտ տասն օր առաջ «1or.am»–ը անդրադարձել էր լոլիկի խնդրին: Մասնավորապես՝ լոլիկի մեջ առկա ցեցի վերաբերյալ ահազանգերի շուրջ զրուցել էինք «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանի հետ: Մասնագետը, խոսելով ցեցի վտանգավորության մասին, ընդգծել էր, որ տարիներ շարունակ դիմել են նախորդ կառավարություններին, բայց ցեցի դեմ պայքարելու հարցն առկախ է մնացել: Բացի այդ՝ նշված քաղաքականության մեջ միտում են տեսել՝ արձանագրելով դրանց պատճառները, ինչից էլ տուժել է գյուղացու բերքը: Հրաչ Բերբերյանը շեշտել էր նաև, որ «այսօրվա նախարարությունը պետք է ծրագիր ներկայացնի, բայց չի անում»: Նա իր կոչն էր հղել նաև վարչապետին:
«Վաշինգտոն փոստը»՝ «Վաշինգտոն փոստ», բայց համայնքապետերն այլ բան նշեցին: Բողոքեցին, որ ամեն անգամ նախորդ կառավարություններից եկել են, լղոզել ու գնացել: Ըստ էության, նոր կառավարությունից այլ բան են ակնկալում:
«Ի՞նչ է նշանակում «ամառվա շոգին»: Շոգը լինելու է՝ միշտ էլ լինելու է»,–զարմացավ Այգեստանի գյուղապետը ու շարունակելով, ասաց, որ չի արդարացնում այն պատճառաբանությունները, թե պատճառը շոգն է, ըստ նրա, անգամ ցեցն էլ չէ՝ ջուրն է. «Ժողովուրդն իր քրտինքը խառնում է ապրանքին, բայց արդյունք չի ստանում, վերջում իրենց պոմիդորի կլեպն է մնում»:
Հետո, պարզվեց, որ ջուրն էլ չէ, խնդիրը ավելի գլոբալ է: «Եթե երկրի հարցը պետք է միայն վարչապետը լուծի, ուրեմն՝ ո՞ւմ են պետք նախարարները, ո՞ւմ են պետք մարզպետները, գյուղապետները, բոլոր պաշտոնյաները: Ամեն մեկն իր տեղում պետք է հարց լուծի: Երկիրը աղքատ չի, պարզապես թալանչիներն են շատ եղել»,–ասաց նա:
Դարակերտի համայնքապետն էլ նշեց, որ ցեցի դեմ պայքարը բավականին թանկ է, գյուղնախարարությունն առաջին 2 տարում օգնել է, հետո մոռացության է մատնել: Մոռացության է մատնել, հետևանքն էլ եղել է այն, որ արտադրություններն են կրճատվել: Համայնքապետը շեշտեց՝ Դարակերտում 50–60 հեկտար լոլիկի դաշտից 1 հեկտար էլ չի մնացել :
Հանդիպումից շատ հետևություններ կարող ենք անել: Կարող ենք եզրակացնել, իհարկե, որ մամուլի «էջերում» հ/կ ներկայացուցիչների ահազանգերը «տեղ» չեն հասնում այնպես, ինչպես պետք է որ տեղ հասնեին: Հակառակ դեպքում վարչապետը այդպես չէր զարմանա ցեցի «գործոնից»:
Մյուս կողմից, իհարկե, կարելի է շրջանցել «լոլիկի ցեցը»՝ երկրի կարևոր խնդիրները թողած ցեցի հետևից չընկնելու սկզբունքով: Այն, որ նախարարությունը մինչ Արարատ հասնելը կարող էր ծրագրի մշակման աշխատանքներ սկսել, դա ևս փաստ է: Համայնքապետերի խոսքերից կարելի է եզրակացնել, որ 5 տարիների ընթացքում ցեցն այն գլխավոր պատճառներից մեկն է եղել, որի պատճառով լոլիկի ցանքատարածքները կրճատվել են: Իսկ ցեցի հետևից ընկնելը ևս կարևոր է: ԱՎԾ տվյալներով, անցած տարվա օգոստոսի համեմատ գյուղատնտեսության ոլորտում 16.7 տոկոս անկում է գրանցվել: Չխոսենք նաև լոլիկի բերքի կրճատված ծավալների ու բարձր գների մասին, թվերը բոլորին են հայտնի:
Մեծ հաշվով՝ թե՛ գյուղացիների, թե՛ հ/կ–ների, և անգամ համայնքապետերի ակնկալիքը մեկն է: Խնդիրը գոնե սկզբի համար լսելի լինելն է, գոնե խնդիրներին որոշակի չափով լուծում տալու պատրաստակամություն տեսնելու ցանկությունը: Վարչապետն, ըստ էության, միայն համայնքապետերի հետ զրույցում տեղեկացավ նույն լոլիկի ցեցի վտանգավորության աստիճանի մասին: Միայն նրանց հետ զրույցում պարզեց, որ լոլիկի ցեցը ոչ միայն լոլիկի, այլև սմբուկի, կարտոֆիլի, պղպեղի համար էլ է վտանգավոր, ինչի մասին մեր թերթը, կրկնենք, այս ընթացքում գրել է:
Միգուցե Այգեստանի համայնքապետը ճի՞շտ էր, մյուսները՝ սխա՞լ: