«Սասնա ծռեր»-ը ոչ միայն սննդի խնդիր ունի, արդեն նաեւ՝ բուժօգնության
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱրդեն չորրորդ օրն է, ինչ ոստիկանության Էրեբունու պարեկապահակային ծառայությունը գտնվում է «Սասնա ծռեր» խմբավորման հսկողության ներքո:
Հիշեցնենք, որ երեկ գիշերը բախում տեղի ունեցավ ցուցարարների ու ոստիկանների միջեւ, որի հետեւանքով 50-ից ավելի ցուցարարներ տեղափոխվեցին հիվանդանոց, իսկ արդեն առավոտյան ոստիկանները ցրեցին ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակ քաղաքացիների:
Armtimes.com-ի հարցին, թե Էրեբունու ՊՊԾ-ի տարածքում գիշերն ինչպե՞ս է եղել, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը պատասխանեց՝ գերազանց:
Մանուկյանը վստահեցրեց, որ գիշերն որեւէ բախում չի եղել իրենց ու ոստիկանների միջեւ:
Հետաքրքրվեցինք թե ինչպես են իրենց զգում պատանդները, Մանուկյանը պատասխանեց.
«Համենայն դեպքում՝ ինձնից կայտառ»:
Հարցին՝ տեղյա՞կ եք գիշերվա իրադարձություններից, Մանուկյանը նկատեց, որ այնքանով, որքանով հնարավոր է, տեղյակ է:
Նկատենք, որ բախումից առաջ ցուցարարները խմբին սննդի փոխանցման խնդիրն էին կրկին բարձրացնում, ինչն էլ լարված մթնոլորտ առաջացրեց:
Հետաքրքրվեցինք, արդյո՞ք որեւէ կերպ լուծվել է սննդի հարցը, Մանուկյանը նկատեց, որ սննդի խնդիր կա:
Դիտարկմանը, որ երեկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հայտնել էր, որ խումբը կարողացել է իր միջոցներով սնունդ գտնել, Մանուկյանը զարմացավ.
«Էդ մեր միջոցներով ո՞նց էինք սնունդ գտնելու, ձե՞ռ եք առնում: Էսօր էլ բժիշկներին հանեցին, առաջին բուժօգնություն մենք էլ չենք ունենալու, մեքենան մնաց բժիշկները գնացին»,-ասաց նա:
Մեր հարցին՝ որեւէ հիմնավորում չասեցի՞ն, թե ինչու են գնում, Մանուկյանը կատակեց.
«Ասեցին՝ մեզ չեն սիրում»:
Նկատենք, որ նախկինում Շտապօգնության հերթափոխի ժամանակ նոր խումբը փոխարինում էր տարածքում գտնվող խմբին: