Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Այսշտոկ խաղ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱյսշտոկը (Eisstock) ավստրիական և գերմանական ալպյան տարածաշրջաններում ձևավորված ավանդական ձմեռային մարզաձև է, որը հաճախ անվանում են նաև «սառցե գնդակախաղ»։ Այն որոշ նմանություններ ունի կյորլինգի հետ․ խաղացողները սառույցի վրայով սահեցնում են ծանր, կլորավուն քարե կամ մետաղական «սկավառակներ» փորձելով դրանք հասցնել թիրախին կամ առավել մոտեցնել թիրախային հատվածին։
Ինչպե՞ս են խաղում Այսշտոկ: Խաղի հիմնական գաղափարը պարզ է․ խաղացողը հատուկ սահող «քարը» նետում կամ սահեցնում է սառույցի վրա դեպի թիրախային գոտի, մրցակիցը փորձում է իր այսշտոկը տեղադրել ավելի լավ դիրքում կամ դուրս մղել հակառակորդի խաղաքարը, հաղթում է այն թիմը կամ խաղացողը, ով սահմանված կանոններով ավելի շատ միավոր է հավաքում։ Ներկայումս գոյություն ունեն անհատական և թիմային մրցաձևեր, իսկ ժամանակակից մրցումներում անցկացվում են նաև ճշգրտության և հեռավորության հետ կապված առանձին վարժություններ։
Այսշտոկի պատմությունը կապվում է Կենտրոնական Եվրոպայի ալպյան շրջանների հետ՝ հատկապես ներկայիս Ավստրիայի և Գերմանիայի հարավային հատվածների հետ։ Խաղի վաղ ձևերը, ըստ պատմական աղբյուրների, տարածված են եղել առնվազն XVI դարից։ Սկզբնական շրջանում այն հիմնականում ձմեռային գյուղական ժամանց էր։ Երբ լճերն ու գետերը սառչում էին, մարդիկ սառույցի վրա հատուկ պատրաստված ծանր փայտե կամ մետաղական առարկաներ էին սահեցնում։
Ժամանակի ընթացքում ձևավորվել են խաղի ավելի հստակ կանոններ և ստեղծվել են համապատասծան սարքավորումներ։ Ավանդական Այսշտոկի խաղաքարը բաղկացած է ծանր կորպուսից, որի ներքևի հատվածը նախատեսված է սառույցի վրա սահելու համար։ Ժամանակակից մարզական տարբերակներում օգտագործվում են ավելի ստանդարտացված սարքավորումներ։ XX դարում Այսշտոկը վերածվել է կազմակերպված մարզաձևի։ Ստեղծվել են ազգային և միջազգային ֆեդերացիաներ, անցկացվել են պաշտոնական մրցաշարեր, իսկ խաղը տարածվել է Ավստրիայից և Գերմանիայից դուրս՝ Եվրոպայի այլ երկրներում։ Այսօր այդ մարզաձևի միջազգային կառույցներից մեկը International Federation Icestocksport (IFI)-ն է։
Այսշտոկը հատկապես սերտորեն է կապված Ավստրիայի և Բավարիայի մշակույթի հետ։ Ավստրիայի և Բավարիայի որոշ բնակավայրերում այն ոչ միայն սպորտ է, այլ նաև տեղական ավանդույթի և համայնքային կյանքի մաս։ Ավանդաբար խաղն անցկացվում էր բնական սառույցի վրա՝ սառած լճերում և գետերում։ Արտաքուստ այն կարող է հիշեցնել կյորլինգ, սակայն սարքավորումների կառուցվածքն ու խաղի մի շարք կանոններ տարբեր են։ Այսօր Այսշտոկը պարտադիր չէ խաղալ միայն ձմռանը․ շատ մրցումներ անցկացվում են արհեստական սառցե կամ ասֆալտային հատուկ մակերեսների վրա, սարքավորումների ժամանակակից տարբերակները կարող են ունենալ փոխարինվող սահող հիմքեր, ինչը հնարավորություն է տալիս հարմարեցնել այստոկի շարժման բնույթը տարբեր մակերեսների համար։
Հայաստանում Այսշտոկը տարածում ունեցող մարզաձև չէ, երկրի կլիմայական պայմանները և սառցե մարզաձևերի սահմանափակ ենթակառուցվածքները չեն նպաստել դրա լայն զարգացմանը։ Այնուամենայնիվ, Հայաստանում առկա են ձմեռային մարզաձևերի համար նախատեսված սառցադաշտեր, և տեսականորեն Այսշտոկ հնարավոր է կազմակերպել արհեստական սառույցի վրա՝ որպես նոր մարզական կամ ժամանցային ուղղություն։
Կ.Խաչիկյան