2027 թվականի պետական բյուջեի նախագծով ՄԻՊ աշխատակազմի ծախսերը նախատեսված են 605,9 մլն դրամի չափով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ2027 թվականի պետական բյուջեի նախագծով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ծախսերը նախատեսված են 605,900,000 դրամի չափով։
Ներկայացնելով հաստատության բյուջետային ծրագրերը՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ դրանք ներառում են երկու հիմնական միջոցառում, որոնցից հիմնականը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ծառայությունների մատուցումն է։
Պաշտպանը նշել է, որ հաստատությանը պետական բյուջեից հատկացվող միջոցների զգալի մասը՝ ավելի քան 80 տոկոսը, ուղղվում է աշխատողների վարձատրությանը։
Անդրադառնալով հաստատության գործունեության ծավալներին և արդյունավետության ցուցանիշներին՝ Պաշտպանը նշել է, որ նախորդ տարվա համեմատ զգալիորեն աճել է ինչպես հաստատությանն ուղղված դիմում-բողոքների թիվը, այնպես էլ անձանց տրամադրվող աջակցության և դրական լուծում ստացած գործերի քանակը։
Մասնավորապես, 2025 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ հաստատությանն ուղղված գրավոր և բանավոր դիմումների թիվը կազմել է 17,985, իսկ 2026 թվականի նույն օրվա դրությամբ՝ 19,465։
Պաշտպանի խոսքով՝ դիմումները աճում են հատկապես այն ոլորտային հարցերով, որոնց առնչությամբ ՄԻՊ հաստատության գործունեության արդյունքում գործերը ստանում են դրական լուծում: Դա խթանում է ինչպես նույն անձանց, այնպես էլ նմանատիպ խնդիրներ ունեցող այլ անձանց դիմելիության աճը։
Զգալի աճ է արձանագրվել նաև թեժ գծի միջոցով ստացված զանգերի և տրամադրված խորհրդատվությունների թվերում։ Եթե 2025 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ սպասարկվել էր 11,935 զանգ, ապա 2026 թվականի նույն օրվա դրությամբ այդ թիվը կազմել է 17,280։ Խորհրդատվությունների թիվը նույն ժամանակահատվածներում 5,118-ից աճել է մինչև 6,211։
Առանձնահատուկ ընդգծվել է նաև դրական լուծում ստացած գործերի թվի աճը։ Եթե 2025 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ արձանագրվել էր 1,183 նման գործ, ապա 2026 թվականի նույն օրվա դրությամբ դրանց թիվը կազմել է 1,643։
Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև հաստատության կողմից իրականացվող այցերին և հանրային իրազեկման աշխատանքներին։ Նրա ներկայացմամբ՝ ընթացիկ տարում իրականացվել է շուրջ 212 այց՝ տարբեր հաստատություններ, իսկ հանրային իրազեկման միջոցառումների թիվը կազմել է շուրջ 180։ Դրանցից 50-ը վերաբերել են երեխաներին և նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին։
Էականորեն մեծացել է նաև տարբեր պետական մարմինների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները կատարելու ցուցանիշը՝ հասնելով շուրջ 70 տոկոսի։ Սա վկայում է մարդու իրավունքներին առնչվող համակարգային խնդիրները լուծելու պետական մարմինների հանձնառության և ՄԻՊ հաստատության հետ համագործակցության պատրաստակամության մասին, ինչը իրավական պետության կայացման տեսանկյունից ունի առանցքային դերակատարություն:
Ամփոփելով ներկայացված ցուցանիշները՝ Պաշտպանն ընդգծել է, որ նկատելիորեն աճել են ինչպես հաստատության աշխատանքի ծավալները, այնպես էլ դրա արդյունավետությունը։
Ելույթի ընթացքում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ միջազգային կառույցների կողմից Հայաստանին ուղղված գրեթե բոլոր հանձնարարականներում կարևորվում է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ֆինանսավորման մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։
Անդրադառնալով հաստատության զարգացման առաջնահերթություններին՝ Անահիտ Մանասյանն առանձնացրել է նաև շենքային պայմանների բարելավման և աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման կարևորությունը։