Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պորտուպեյա
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՊորտուպեյան (Портупея) մեզ հայտնի է դեռ ռուսական բանակից: Այն նաև օգտագործվել է Հայաստանի առաջին հանրապետության ժամանակաշրջանում: Իհարկե, դժվար է գտնել այդ բառի հայկական հոմանիշը, բայց հարցն այն է, որ այն ունի ոչ թե ռուսական, այլ ֆրանսիական ծագում, այսինքն կարելի է համարել միջազգայկին բառ:
Պորտուպեան զինվորական հանդերձանքի ավանդական մասն է, որը սովորաբար իրենից ներկայացնում է ուսի վրայով անցկացվող և գոտուն միացող կաշվե կամ գործվածքային կապերի համակարգ։ Այն պատմականորեն օգտագործվել է զինվորական հանդերձանքի տարբեր տարրեր ամրացնելու և կրելու համար։
Պորտուպեայի նախատիպերը կապված են հնագույն ժամանակներից օգտագործվող գոտիների և ուսադիր կապերի հետ։ Զինվորներն ու զինված հեծյալները նման համակարգերով ամրացնում էին իրենց հանդերձանքի տարբեր մասերը։ Հին Հռոմում լայնորեն կիրառվում էր balteus (բալտեուս) կոչվող ուսային կապը, որը ծառայում էր որպես սրով զինված զինվորի հանդերձանքի մաս։ Այն անցկացվում էր ուսի վրայով և կապված էր գոտու կամ այլ ամրացման համակարգի հետ։
Միջնադարում սրերի, թրերի և այլ սառը զենքերի կրելու համար օգտագործվում էին տարբեր տեսակի գոտիներ ու ուսային կապեր։ Զենքի չափերի և քաշի մեծացման, ինչպես նաև զինվորական հանդերձանքի զարգացման հետևանքով անհրաժեշտ դարձավ ավելի հարմարավետ և ամուր ամրացման համակարգերի ստեղծումը։
Այդ ժամանակաշրջանում տարածվեցին այնպիսի կապեր, որոնք թույլ էին տալիս զենքը պահել մարմնի կողային հատվածում՝ ազատելով զինվորի ձեռքերը։
Պորտուպեայի ժամանակակից անվանումը կապված է ֆրանսերեն porte-épée բառի հետ, որը մոտավորապես նշանակում է «սուր կրող» կամ «սրի համար նախատեսված կապ», porter — կրել, épée — սուր։ Այդ անվանումն էլ տարածվել է եվրոպական զինվորական միջավայրում XVII–XVIII դարերում։ XVII–XVIII դարերում պորտուպեան սկսել են լայնորեն օգտագործվել եվրոպական բանակների, հատկապես հեծելազորի և սպաների հանդերձանքում։ Այն կարող էր պատրաստվել կաշվից կամ դեկորատիվ գործվածքից։ Ռուսական բանակում պորտուպեայի կիրառման մասին հիշատակումներ կան դեռևս 1705 թվականից։
Ժամանակի ընթացքում այն դարձել էր զինվորական հանդերձանքի կարևոր տարր։ Տարբեր զորատեսակներում դրա ձևը, նյութը և արտաքին տեսքը կարող էին տարբերվել։ Օրինակ հետևակի որոշ ստորաբաժանումներում կիրառվում էին կաշվե պորտուպեաներ, սպաների համար նախատեսված տարբերակները երբեմն պատրաստվում էին դեկորատիվ գալունից, հեծելազորում պորտուպեան կարող էր լինել ավելի բարդ կառուցվածքով և ներառել լրացուցիչ ամրացումներ, ռուսական կայսերական բանակում այն կիրառվում էր նաև սուսերների, թրերի և այլ սառը զենքերի կրելու համար։ Պորտուպեայի ձևը տարբեր ժամանակաշրջաններում և բանակներում զգալիորեն փոխվել է։ Այն հաճախ շփոթում են զինվորական ուսադիրների համակարգի հետ, սակայն դասական պորտուպեան հիմնականում կապված էր հանդերձանքի ամրացման և պատմականորեն՝ սառը զենքերի կրելու հետ։ Այն նաև զինվորական կարգավիճակի նշան էր։ Որոշ բանակներում դրա նյութը, գույնը և զարդարանքը կարող էին ցույց տալ զինծառայողի աստիճանը կամ պատկանելությունը որոշակի զորատեսակին։
Ներկայումս ժամանակակից զինվորական համազգեստներում դասական պորտուպեան իր նախկին նշանակությամբ շատ ավելի քիչ է օգտագործվում։ Այն հիմնականում պահպանվել է պատմական, հանդիսավոր և որոշ հատուկ նշանակության համազգեստներում։ Բացի դա նորաձևության դիզայներներն են սկսել այն հաճախ օգտագործել իրենց նորաձև հագուստներում, ընդ որում ավելի հաճախ կանացի հագուստներում:
Կ.Խաչիկյան